• Բարեգործական համերգ՝ նվիրված ՀՀ անկախության 100 ամյակին և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին

    «Մշակութասէր ժողովուրդ ենք, հաւատացեալ ենք եւ այսօր աւելի քան երբեք միացած ու միակամ դարձած ենք»


    2018թ. սեպտեմբերի 16-ին՝ Սուրբ Խաչի տոնին, Գյումրիի դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100 ամյակին և Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Նախաձեռնողը Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր եկեղեցու ժողովրդապետ Հոգշն. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանն է, հովանավորները՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպությունը, Զմմառի հայ կաթողիկէ պատրիարքական կղերի միաբանությունը և «Մեգերյան կարպետ» ընկերությունը:

     

    Համերգին ներկա էին նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը, Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբանության Պատրիարքական Փոխանորդ եւ Զմմառու Վանքի Մեծավոր՝ Գերապայծառ Հ. Գաբրիէլ Թ.Ծ.Վրդ. Մուրատեանը, հայ կաթողիկէ հոգևորականներ, Անարատ Հղության միաբանության քույրեր, Շիրակի մարզպետարանի և Գյումրիի քաղաքապետարանի, մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:

     

    Հոգշն. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանը իր բացման խոսքում ասաց հետևյալը.

    «Բագրատունեաց եւ Կիլիկեան թագաւորութիւնների անկումէն հարիւրաւոր տարիներ ետք իսկ, երբէք հայու սրտին մէջ չդադարեց տրոփել ազատ ու անկախ հայրենիք մը կերտելու վսեմ գաղափարականը:

     

    Արդարեւ, 1918 Մայիս 28-ի հռչակագիրը ողջ հայութեան իրագործումն էր, որոնք ցեղասպանութեան սպանդէն ազատած երկընտրանքի առջեւ՝ կամ պիտի մեռնէին, եւ կամ՝ պիտի ազատէին: Այս անգամ, ի գին ամէն զոհողութեան, կարողացանք ձեռքբերել անկախութիւն մը, որ այսօրուան աշխարհի յառաջացած շարք մը պետութիւններէն առաջ իսկ հաստատեց ժողովրդավարական սկզբունքներ, որովհետեւ հայութեան ու Հայաստանի կեանքին մէջ դեր ու գործ ունեցող կուսակցական ուժեր, տարբեր ազգութիւններու ներկայացուցիչներ մաս կազմեցին խորհրդարանին, որուն հովանիին տակ գործեցին գործադիր մարմինները: Ապա սկսան արտաքին միջամտութիւնները, որուն հետեւանքով իսկ կորսնցուցինք մեր անկախութիւնը: Սակայն, աստուածատուր այս սուրբ հողի վրայ գոյատեւելով՝ ոչ մէկ ոյժ չկարողացաւ ազատութեան տենչը արմատախիլ ընել անոնց սրտերէն ու մտքերէն: Եւ ահա կրկին անգամ, հայութիւնը միաձայն կարողացաւ ձեռք բերել 2-րդ անկախութիւն մը, որուն արդիւնքը այսօր մենք կը վայելենք, ուր տէ՛ր կը դառնանք մեր հողին, կը պահենք մեր մշակոյթն ու աւանդութիւնները եւ կը գոյատեւենք հակառակ բազմատեսակ ու բազմապիսի դժուարութիւններու:

     

    Սիրելի՛ հանդիսատես, պատմութեան մէջ, Եկեղեցին երբեք անտարբեր չէ եղած այսպիսի ժամանակներուն իր զաւակներուն կողքին յայտնուելու: Ուստի, որպէս Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Եկեղեցի, մենք այսօր ուրախութիւնը ունենք միասնաբար նշելու մեր անկախութեան տօնը: Նշել 100 ամեակ մը, ինչպէս նաեւ սեպտեմբերեան մեր այսօրուայ հարուստ հայրենիքին, դարերի դիմաց հաստատ կանգնած մեր երկրին 2-րդ անկախութիւնը: Նոյն հերթին, մենք մշակոյթով եւ յաղթական ոյժով եկած ենք յիշատակելու, մեր շատ սիրելի քաղաքին իւրաքանչիւր զոհուածները՝ մայր, հայր, քոյր ու եղբայր, բարեկամ կամ ընկեր, որոնք անմեղօրէն 30 տարիներ առաջ ընկան շրջանի մէջ պատահած սարսափելի երկրաշարժին հետեւանքով, եւ որու հետքերը մինչ օրս կ’ապրենք: Սակայն, եկած ենք, ամբողջ աշխարհին դէմհանդիման ասելութէ՝ մենք կանք, մենք կ’ապրենք, կը գոյատեւենք ու կը յառաջանանք: Մոխիրի տակէն կեանք ստացանք եւ փառք Աստուծոյ այդ կեանքը կ’արժեւորենք, որովհետեւ մշակոյթասէր ժողովուրդ ենք, հաւատացեալ ենք եւ այսօր աւելի քան երբեք միացած ու միակամ դարձած ենք: Այս ամուռ կամքով, հայ ժողովուրդը կրկին անգամ իր ազատ կարծիքը արտայայտեց եւ ձեւաւորեց նորօրեայ իշխանութիւն:

     

    Թող ամենաբարին Աստուած, անսասան պահէ մեր երկիրը, պահպանէ սահմանին վրայ մեր կեանքն ու երկիրը պաշտպանող հայ զինուորին եւ մեզանից հեռացնէ սատանայի ձեռքերով կազմակերպուած ամէն տեսակ վատութիւն: Այնպէս որ, հայը՝ արծուի նման, ազատ սաւառնի իր երկրի կապոյտին ներքեւ եւ այնտեղ ոսկեայ տառերով արձանագրէ նոր պատմութեան հաղթական պատմութեան էջերը, որու մաս կը կազմէ նաեւ մեր այսօրուայ կազմակերպած յատուկ համերգը՝ արժանավայել կերպով տօնելու եւ յիշատակելու ամեակները:

     

    Եւ այս առթիւ, այս տաղաւարէն ներս կը հիւրընկալենք Լիբանանէն ժամանած մօտ երեքդարեան պատմութիւն ունեցող, հաւատքի օրրանի մեծաւոր, հայ մշակոյթի պահապան ռահվիրայ, նահատակներու արեամբ զօրացած եւ հայու պատմութիւնն ու ինքնութիւնը ամենուրեք հպարտօրէն սփռած՝ հայ Կաթողիկէ Եկեղեցու նուիրեալ հոգեւորականներ ընծայեած, սփիւռքեան տարածքի վրայ Մասիսանման հպարտ կանգնած ու գոյատեւող Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբանութեան Պատրիարքական Փոխանորդ եւ Զմմառու Վանքի Մեծաւոր՝ Գերապայծառ Հ. Գաբրիէլ Թ.Ծ.Վրդ. Մուրատեանը, որը յատուկ ժամանած է մեզ հետ բաժնելու այս թանկարժէք պահը: Շնորհակալ ենք ձեր ներկայութեանը եւ յարատեւ քաջալերանքին: Կը վստահեցնենք ձեզի, որ դուք մեր հասարակութեանը աղոթքներուն մէջ էք միշտ: Նոյնպէս, ձեզանից կը խնդրենք, որ ձեր աղօթքները բարձրացնէք առ Աստուած, Զմմառի Տիրամօր բարեխօսութեամբ, յատուկէն այս քաղաքի դիտաւորութեամբ, որպէսզի մեր ժողովուրդը աւելի բարօր եւ հանգիստ պայմաններով շարունակէ գոյատեւել եւ արարէ ու զարգացնէ իր երկիրն ու ոսկեայ հողը սեփական ոյժով»:

     

    Հ. Մաշտոցը Հ. Գաբրիել Վրդ. Մուրադյանին նվիրեց մի հուշանվեր՝ ի նշան երախտագիտության:

     

    Այնուհետև բեմ հրավիրվեց Գերհ. Հ. Գաբրիելը և հանդիսատեսին ասաց հետևյալը.

    «Անկախությունը կարելի է պաշտպանել ու պահպանել ամեն օր, երբ որ ապրենք միմյանց հետ եղբայրասիրությամբ, երբ սիրենք միմյանց, օգնենք: Այս անկախությունը կապրենք, երբ կառչած մնանք մեր մշակույթին, պատմությանը: Անկախությունը կհարգենք, եթե հարգենք մեր նահատակներին, ովքեր իրենց արյունը տվեցին, որպեսզի անսասան մնա մեր հավատքը, մեր Եկեղեցին: Անկախությունը ապրում ենք, սիրելինե՛ր, երբ որ այլևս խտրություն չենք դնում աղքատի կամ հարուստի, մեծի կամ փոքրի, ծերի ու երիտասարդի միջև, երբ գույներ չենք դնում մարդկանց միջև՝ ասելով, թե մեկը սրան է պատկանում, մյուսը՝ դրան: Չկան պողոսյաններ և ապողոսյաններ, ասում է Պողոս առաքյալը: Բոլորս ստեղծված ենք Աստծո առաջ հավասար: Մենք իրավունք չունենք խախտելու այս հավասարությունը:

     

    Սիրելի՛ Արհ. Ռաֆայել Արքեպս. Մինասյան, սիրելի վարդապետնե՛ր և քահանանե՛ր, առաքինազարդ քույրե՛ր, ձեր առաքելությունը մեծ է, բայց նաև՝ գեղեցիկ: Դուք զոհվում եք, որպեսզի հայ ազգը հայ պահեք: Թող Աստված Զմմառու Տիրամոր և Երանելի Իգնատիոս Մալոյանի բարեխոսությամբ ձեզ ուժ և առողջություն տա, որպեսզի շարունակեք ձեր առաքելությունը: Զմմառի Պատրիարքական կղերի միաբանությունը պետք է փորձի, որքան որ Աստված ուժ տա, լինել ձեր կողքին, հավատավոր ժողովուրդ»:

     

    Հոգևոր հայրերի խոսքերիս հետո համերգային ելույթներով հանդես եկավ հայտնի երգչուհի Արևիկ (Լեոնորա) Թանաշյանը, ով իր թովիչ ձայնով և անզուգական կատարումներով ներկայացրեց ազգային, հայրենասիրական երգեր, որոնց խորհրդանշական մեկնարկը տվեց «Տէր, ողորմեա» շարականով, որ հնչեց ակապելլա հիասքանչ երգեցողությամբ: Լեոնորան իր կատարումներով մասնակցել է նաև 2016թ. հունվարի 31-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցում կազմակերպված բարեգործական համերգին և շատ սիրելի է գյումրեցի հանդիսատեսի համար:

     

    Պարային գեղեցիկ և հուզիչ ելույթներով հանդես եկան Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի «Հայկական զարդանախշեր» պարախումբը (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Բագրատ Հովհաննիսյան) և ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի պարային համույթը (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Մուրադ Թորոսյան): Պատանի և երիտասարդ պարողները ցույց տվեցին իրենց հայրենասիրական ավյունն ու վարպետությունը ազգային պարարվեստում, որը տքնաջան աշխատանքի գեղեցիկ պտուղն է:

    Համերգի տեսաձայնագրությունն ամբողջությամբ կներկայացնենք մոտ օրերին:

    Համերգի տոմսերի վաճառքից ստացված հասույթով համերգի նախաձեռնողները մտադիր են վերանորոգել Հայկական Կարիտասի Էմիլի Արեգակ ռեսուրս-կենտրոնի սան Միքայել Սահակյանի բնակարանի խոհանոցը:

     

     

Օրացույց

Օրացույց