• Սուրբ Կույս Մարիամը հավատարմություն է սովորեցնում

    «Աստվածամայրը Սուրբ Հոգու գործիքն է Իր սրբագործման գործում»:


    Նոյեմբերի 13-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը դիմեց Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորներին և շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը: Այս անգամ նա խոսեց Քրիստոսի աշակերտների կյանքում Սուրբ Կույս Մարիամի ունեցած դերի մասին:

     

    Նորին Սրբության խոսքերի համաձայն, «Ad Iesum per Mariam» («Դեպի Հիսուսը Մարիամի միջոցով») ավանդական արտահայտությունն այսօր նոր իմաստ է ստանում: Սուրբ Գրությունը, աղոթքը և Եկեղեցու Սուրբ Խորհուրդները միջոցներ են, որոնց օգնությամբ Սուրբ Հոգին հավատացյալներին առաջնորդում է դեպի Տերը, սակայն Սուրբ Կույս Մարիամն այդ փրկարար գործընթացում հատուկ տեղ է զբաղեցնում՝ որպես յուրօրինակ միջնորդ մեր և Քրիստոսի միջև:

     

    Մեջբերելով Պողոս առաքյալի խոսքերը՝ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ ողջ քրիստոնեական համայնքը «Քրիստոսի թղթերն է՝ մեզնից հոգացված և գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծո Հոգով, ոչ թե քարեղեն տախտակների վրա, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա» (Բ. Կորնթ. 3,3): Սուրբ Կույս Մարիամը, որպես առաջին աշակերտուհի և Եկեղեցու մարմնացում, նույնպես այդպիսի մի թուղթ է, «ճանաչված և կարդացած բոլոր մարդկանցից» (տես՝ 2 Կորնթ. 3,2), նույնիսկ նրանց կողմից, ովքեր չեն կարող կարդալ աստվածաբանական գրություններ։

     

    «Աստվածամայրը Սուրբ Հոգու գործիքն է Իր սրբագործման գործում»:

     

    Իր համաձայնությամբ Աստծուն պատասխանելով՝ Մարիամը օրինակ դարձավ յուրաքանչյուր հավատացյալի համար. որպես մաքուր էջ, որի վրա Աստված կարող է գրել այն, ինչ ուզում է, նա թույլ տվեց, որ Սուրբ Հոգին գործի իր միջոցով՝ ցուցաբերելով կատարյալ հնազանդություն և պատրաստակամություն: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Աստվածածնի օրինակը քրիստոնյաներին ոգեշնչում է Տիրոջ կանչին նույնպես պատասխանել «այո», երբ փորձության կամ դժվարության մեջ են:

     

    Սրբազան Քահանայապետը հատուկ ուշադրություն դարձրեց Քրիստոսի Համբարձումից հետո Մարիամի հետ Եկեղեցու միասնության պահին, երբ, հավաքվելով միասին, առաքյալները սպասում էին Սուրբ Հոգու գալստին. այդ անքակտելի կապը վկայում է, որ հենց Մարիամն է եղել առաջին աշակերտների կողքին և օգնել նրանց հոգևոր զորություն ստանալ՝ Ավետարանը քարոզելու համար:

     

    «Սուրբ Կույս Մարիամը հարս է, բայց ամենից առաջ Սուրբ Հոգու աշակերտուհին է: Եկե՛ք նրանից սովորենք հնազանդ լինել Աստծո Հոգու ներշնչումներին, հատկապես երբ Նա «շտապ» վեր կենալու և կարիքավորին օգնության հասնելու կոչ է անում, ինչպես նա արեց հրեշտակների երևալուց անմիջապես հետո» (տես՝ Ղկ. 1,39):

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց