• Անչափահասների պաշտպանության Քահանայապետական ​​հանձնաժողովի հաշվետվությունը

    Անչափահասների պաշտպանության Քահանայապետական հանձնաժողովը հրապարակել է իր տարեկան հաշվետվությունը, որը պարունակում է 2023թ. տվյալները:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի տեսության համաձայն, Եկեղեցում սեռական բռնությունը պետք է դիտարկել դարձի գալու, ապաշխարության և վերքերի բժշկման տեսանկյունից: Հիմք ընդունելով Նորին Սրբության այս տեսությունը՝ անչափահասների պաշտպանության Քահանայապետական հանձնաժողովն առանձնացնում է հինգ հիմնական հասկացություններ. դարձի գալը որպես չարի մերժում, ճշմարտություն, արդարություն, հատուցում և երաշխիքներ, որ չարիքը չի կրկնվի:

     

    Փաստաթղթի առաջին մասում հավաքված են տեղական մի քանի Եկեղեցիների գործողությունները անչափահասների և խոցելի անձանց պաշտպանության վերաբերյալ: Փաստաթղթի երկրորդ մասը վերլուծում է համագործակցությունը տարբեր շրջանների եպիսկոպոսական համաժողովների միջև: Երրորդ մասը նվիրված է պաշտպանության «ցանցերի ցանցին», այսինքն՝ Հռոմի Կուրիայի դերին՝ որպես տարածաշրջանների միջև դրական փորձի փոխանակման կենտրոն: Չորրորդ մասում խոսվում է մարզերում Կարիտասի առաքելության և տարբեր համատեքստերում պաշտպանության չափանիշների կիրառման մասին:

     

    Հանձնաժողովին մտահոգում է, որ հաշվետու ժամանակաշրջանում ուսումնասիրված տեղական Եկեղեցիները, խոսքը հիմնականում աֆրիկյան թեմերի մասին է, չունեն բավարար միջոցներ սեռական բռնության մասին զեկուցելու և բռնության զոհերին հսկողության տակ պահելու համար:

     

    Փաստաթղթում ներկայացված է «Memorare» նախաձեռնությունը, որի նպատակն է մոլորակի Հարավում բռնության զոհերի օգնության կենտրոնների հիմնադրումը, ուսուցանումը և մասնագետների պատրաստումը, որոնք կարևոր դեր կունենան Եկեղեցում սեռական բռնությունից պաշտպանելու համար:

     

    Հանձնաժողովն ընդգծեց սեռական հանցագործությունների կանոնական գործընթացներն առավել թափանցիկ դարձնելու անհրաժեշտությունը, որպեսզի բռնության զոհ դարձած անձինք իրավունք ունենան իմանալու իրենց գործին վերաբերող  բոլոր տեղեկությունները: Պետք է նաև մշակել «խոցելիության» ավելի միասնական հայեցակարգ, քանի որ սեռական բռնության զոհ են դառնում ոչ միայն երեխաները, այլև խոցելի մեծահասակները։ Փաստաթղթում նշվում է նաև, որ անհրաժեշտ է հստակեցնել Վատիկանի տարբեր գերատեսչությունների լիազորությունների շրջանակը։

     

    Հանձնաժողովը կարծում է, որ սեռական հանցագործությունների մեջ ներգրավված «եկեղեցու առաջնորդներին» պաշտոնանկ անելու գործընթացները պետք է արագացվեն այն դեպքերում, երբ այդ միջոցառումն արդարացված է։

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց