• Նորին Սրբությունը կոչ արեց զգուշանալ կեղծավորությունից և ցուցադրական բարեպաշտությունից

    «Ինչպիսի՞ վերաբերմունք ենք մենք դրսևորում ուրիշների հանդեպ»:


    Նոյեմբերի 10-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց Մարկոսի Ավետարանից վերցված կիրակնօրյա ընթերցանության հատվածը (Մկ. 12,38-44), որը պատմում է, թե ինչպես է Երուսաղեմի տաճարում՝ ժողովրդի առաջ, Հիսուս դատապարտում օրենսգետների կեղծավոր պահվածքը:

     

    Իսրայելական համայնքում այդ կրթված մարդկանց դերը շատ կարևոր էր, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը. օրենսգետները կարդում, արտագրում և մեկնաբանում էին Սուրբ Գիրքը, ուստի ժողովուրդը հարգանքով էր վերաբերվում նրանց։ Սակայն նրանց պահվածքը հաճախ չէր համապատասխանում այն ամենին, ինչ նրանք սովորեցնում էին: Նրանք հետևողական չէին. օգտվելով իրենց ունեցած հեղինակությունից և իշխանությունից՝ նրանք ուրիշներին «վերևից» էին նայում, իրենք իրենց տարբեր արտոնություններ էին վերագրում և ամենաթույլերի, օրինակ՝ այրիների նկատմամբ ամբարտավան պահվածք դրսևորում (տես՝ Մկ. 12,40): Նրանք շատ էին մեծամտացել, մինչդեռ պիտի խոնարհաբար ծառայեին ուրիշներին: Նրանց համար նույնիսկ աղոթքն էր դադարել Տիրոջ հետ հանդիպման պահ լինելուց, որովհետև այն դարձրել էին ցուցադրական բարեպաշտության միջոց՝ մարդկանց ուշադրությունը գրավելու և հավանությանը արժանանալու համար:

     

    Օրենսգետներն իրենց շուրջն այնպիսի միջավայր էին ստեղծել, որում նորմալ էր ուրիշների անպաշտպան և թույլ վիճակից օգուտներ քաղելը, անարդարություն գործելն ու անպատիժ մնալը, պարզաբանեց Նորին Սրբությունը և հիշեցրեց Հիսուսի խորհուրդը. զգուշանալ նման մարդկանցից (տես՝ Մկ. 12,38), այլ ոչ թե ընդօրինակել նրանց.

     

    «Հիսուսն Իր խոսքով և օրինակով մեզ լրիվ այլ բաներ է սովորեցնում իշխանության մասին: Նա իշխանությունը ներկայացնում է որպես զոհաբերում և խոնարհ ծառայություն (տես՝ Մկ. 10,42-45), հայրական և մայրական քնքշանք մարդկանց (տես՝ Ղկ. 11,11-13) և հատկապես ամենակարիքավորների նկատմամբ (տես՝ Ղկ. 10,25-37): Տերն իշխանություն ունեցողներին կոչ է անում ուրիշներին նայել իրենց ունեցած ուժի դիրքից և չնվաստացնել նրանց, այլ, ընդհակառակը, բարձրացնել՝ տալով հույս և օգնություն»:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին մտածել հետևյալ հարցերի շուրջ. ինչպիսի՞ վերաբերմունք ենք մենք դրսևորում ուրիշների հանդեպ: Խոնա՞րհ ենք, թե՞ հպարտ մեր դիրքով: Մեծահոգի՞ և հարգալի՞ց ենք, թե՞ կոպիտ ու հավակնոտ: Կարողանո՞ւմ ենք խոնարհվել ամենախոցելիների առաջ՝ նրանց բարձրացնելու համար:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ հաղթահարել կեղծավորության գայթակղությունը և բարիք գործել՝ առանց նկատվելու ձգտման»:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց