• Նոյեմբեր ամսին Նորին Սրբությունը կոչ է անում աղոթել բոլոր որդեկորույս ծնողների համար

    «Ի՞նչ կարելի է ասել իրենց երեխայի կորուստն ապրող և սգացող ծնողներին»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակեց նոյեմբեր ամսվա աղոթքի դիտավորության ամենամսյա տեսաուղերձը, որում Ֆրանցիսկոս Պապը մեկնաբանում է իր աղոթական դիտավորությունը 2024թ. նոյեմբեր ամսվա համար. աղոթել նրանց համար, ովքեր երեխա են կորցրել:

     

    «Ի՞նչ կարելի է ասել իրենց երեխայի կորուստն ապրող և սգացող ծնողներին, ինչպե՞ս մխիթարել նրանց», – հարց է տալիս Նորին Սրբությունը և պատասխանում.

     

    «Այդպիսի խոսքեր չկան: Եկե՛ք մտածենք. երբ մահանում է ամուսիններից մեկը, ապա նա դառնում է այրի կին կամ այրի տղամարդ: Հորը կամ մորը կորցրած երեխան որբանում է: Սակայն ոչ մի բառ չկա երեխային կորցրած ծնողին բնորոշելու համար, որովհետև ցավն այնքան ուժեղ է, որ նույնիսկ բառեր ու խոսքեր չկան դրա համար: Հարազատ երեխայից երկար ապրելն անբնական է և կորստի ցավը հատկապես խորն է, ասում է Սրբազան Քահանայապետը: Մխիթարական խոսքերը երբեմն անիմաստ են, զգացական և սփոփանք չեն բերում: Նույնիսկ լավ մտադրությամբ անկեղծ ասված խոսքերը կարող են միայն խորացնել ցավը: Երեխայի կորուստը սգացող ծնողներին մխիթարելու համար պետք է լսել նրանց, սիրալիր լինել և հոգատարությամբ կրել այդ ցավը՝ ընդօրինակելով Քրիստոսին, Ով մխիթարում էր վշտահարներին: Հավատքով զորացած ծնողները, անկասկած, մխիթարություն կգտնեն այն ընտանիքներում, որոնք նման ծանր ողբերգությունից հետո վերածնվել են հույսի շնորհիվ»:

     

    Տեսաուղերձի ավարտին Նորին Սրբությունը կոչ է անում հավատացյալներին.

     

    «Եկե՛ք աղոթենք, որպեսզի բոլոր ծնողները, ովքեր սգում են որդու կամ դստեր կորուստը, աջակցություն գտնեն իրենց համայնքում և Մխիթարիչ Սուրբ Հոգուց ստանան սրտի խաղաղություն»:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց