• Աղքատները մեր կողքին են, արդյո՞ք տեսնում ենք.Հ. Սեդրակ Վրդ. Խիթարյանի քարոզը՝ Աղքատների համաշխարհային օրվա առթիվ

    «Քանզի գիտէք շնորհները մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ ձեզ համար աղքատացաւ, նա, որ
    հարուստ էր, որպէսզի դուք նրա աղքատութեամբ հարստանաք» Բ. Կորնթ. 8,1-9:


    Սիրելի՛ հավատացյալներ, ինչպես գիտեք Սրբազան Քահանայապետը հաճախ է խոսում աղքատության, ողորմածության և եղբայրասիրության մասին և իր ամբողջ ուշադրությունը և հոգածությունը տալիս է աղքատներին:

     

    Այսօր Եկեղեցին մեծ աշխատանք է տանում ամբողջ աշխարհում աղքատությունը վերացնելու համար: Պողոս առաքյալի կորնթացիներին ուղղված  նամակի այս հատվածը մեզ հիշեցնում է  Հիսուսի մեծագույն օրինակը՝ այն, որ Աստծո Որդին, հարուստ լինելով, աղքատացավ՝ մարդացավ, որպեսզի մենք հարստանանք: Աղքատ լինել հոգով՝ նշանակում է թույլ տալ, որ Քրիստոս մեզ հարստացնի իր աղքատությամբ և աչք չդնել այլ հարստությունների վրա, որոնք Քրիստոսինը չեն: Աղքատանալով այդպես՝ մենք հարստանում ենք, որովհետև աղքատները հարստացնում են մեզ:

     

    Սրբազան Քահանայապետն ասում է . «Հիսուսն ասաց, որ Ինքն աղքատների մեջ է, ուրեմն ի դեմս աղքատների՝ Հիսուսին ենք օգնում և, հետևաբար, հարստանում ենք: Բայց ունեցած ավելորդից բաժին հանելը քրիստոնեական օգնություն չէ, հարկ է տալ ունեցած քչից, նույնիսկ՝ տարրական անհրաժեշտության ունեցածից: Դա՛ է իրական աղքատանալը, դա՛ է Հիսուսին նմանվելը:

     

     Ինչպես Հիսուսն աղքատացավ մեզ համար, մենք էլ պետք է աղքատանանք ուրիշների համար, ովքեր ծայրահեղ կարիքի մեջ են ապրում: Հիսուսը շարունակաբար աղքատացնում է Ինքն Իրեն՝ Սբ. Հաղորդության հացի և գինու տեսքն ընդունելով և մեզ իր Մարմնով կերակրելով: Շատ անգամ լսում ենք, որ ասում են.«Այս քահանան շատ է խոսում աղքատության մասին…այս միանձնուհին խոսում է աղքատությունից…սրանք մի քիչ կոմունիստներ չե՞ն»…հակառակը, աղքատությունը Ավետարանի կենտրոնում է, Ավետարանը անհասկանալի կդառնա, եթե աղքատությունը հանենք Ավետարանից»:

     

    Աղքատության դեմ պայքարը ոչ միայն եկեղեցու և հոգևորականների պարտականությունն է, այլև մեզանից յուրաքանչյուրի, ամեն մեկի, ով մկրտությամբ դարձել է Աստծո ընտանիքի անդամը: «Ով իր ականջը փակում է աղքատին չլսելու համար, ինքն էլ, երբ կանչի Տիրոջը, Տերն էլ նրան չի լսի» (Առակաց 21:13):  Աղքատները մեզանից հեռու ինչ-որ անհայտ երկրում չեն ապրում, աղքատները մեր կողքին են: Հաճախ մենք կամենում ենք լռեցնել մեր խիղճը կամ արդարանալ՝ ասելով, որ մենք ինքներս կարիքի մեջ ենք և չենք կարող օգնել ուրիշին: Եկեք հիշենք Այրի կնոջ առակը: «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողներըքանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա, իր չքավորությունից, գցեց ամեն ինչ, որ ուներ՝ իր ամբողջ ապրուստը» (Մարկ. 12:41-44): Այսինքն, երբ մարդ իր ունեցած քչից է քիչ տալիս, ապա Աստված դա շատ ավելի է գնահատում, քան մեծահարուստների տված առատ ողորմությունները: Որովհետև ինչպես Սուրբ Հովհան Ոսկեբերանն է ասում. «Ողորմության մեծությունը որոշվում է ոչ թե տրված ողորմության չափով, այլ ողորմացողների հոժարությամբ ու տրամադրվածությամբ: «Եղբայրասիրությունը հաստատ մնա ձեր մեջ, հյուրասիրությունը չմոռանաք, որովհետև ոմանք առանց գիտենալու հրեշտակների ընդունեցինհիշեք նաև կապվածներին ու չարչարվողներին»  (Եբր. 13.1-3) :

     

    Ողորմությունն այն ուժն է, որ փրկում է մեզ մեր սեփական կրքերի ու մեղքերի մեջ խեղդվելուց: Հաճախ մենք չենք էլ հասկանում, որ ի սրտե գործած մեր բարեգործությունների միջոցով Ողորմած Աստված հենց մե՛զ է բժշկում՝ այդ ճանապարհով տանելով մեզ դեպի հավիտենական փրկության: «Քո ունեցվածքից ողորմություններ կանես. ողորմություն անելիս թող քո աչքը ագահ չլինի. երեսդ չդարձնես բոլոր աղքատներից, և Տեր Աստվածն էլ ի՛ր երեսը չի դարձնի քեզանից։ Ինչքան շատ ունենաս, ըստ այդ շատության կանես քո ողորմությունները, եթե քիչ ունենաս՝ ըստ քչի։ Չհապաղես ողորմություններ անել, քանի որ դրանով բարիքներ կգանձես քո կյանքի օրերին։ Արդարև, ողորմությունները փրկում են մահվանից և թույլ չեն տալիս մտնել խավարի մեջ» (Տոբ. 4:7-11):

     

    Չմոռանանք, որ մեր հավատն առանց գործերի մեռած է: Սակայն հիմա կհարցնեք ինքներդ ձեզ կամ ինձ, թե ինչպես հասկանանք՝ ով է աղքատը, ում օգնենք, որովհետեւ այսօր օգնություն խնդրողները շատ են:

     

    Սուրբ Գիրքն ասում է. «Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է» (Մատթ. 5:42): Հիշեք, որ ի սրտե ցուցաբերած եղբայրասիրությունը կարող է ազդել նաև դիմացինի վրա և եթե խաբեությամբ է գումար ուզում, կարող է դարձի գալ:

     

    Հետևաբար, երբ մենք լսում ենք մեզ ուղղված խնդրանքը՝ պետք է պատասխանենք: Մշտապես և մանավանդ ողորմության պարագայում պետք է մեր սրտերում պահենք մի ճշմարտություն, որ ամենքս ժամանակավոր ենք այս աշխարհում, որ ամենքս տնտեսներ ենք միայն այստեղ, որ կարգված ենք Տիրոջ ունեցվածքը կառավարելու: Հետևաբար, այն ամենն ինչն ունենք՝ մերը չէ, այլ՝ Ողորմած Աստծո շնորհներն են, որ պարգևվել են մեզ, որպեսզի Աստծո մյուս զավակներին էլ բաժին հասցնենք: Թող եղբայրասիրությունը մաքրի մեզ անտարբերությունից, նյութական աշխարհից կախվածությունից, ժլատությունից և ուրիշներին դատելու չար սովորությունից և դրա փոխարեն պարգևի մեզ ճշմարիտ հոգատարություն և սրտացավություն այլոց հանդեպ, սովորեցնի պատրաստակամ լինել ուրիշներին օգնության ձեռք մեկնելու և մեր սրտերը լցնի զոհաբերության ոգով:

     

    Հայր Սեդրակ Վրդ․ Խիթարյան

Օրացույց

Օրացույց