«Օրհնեա՜լ է այդ Թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով.
խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում» (Ղուկ. 19, 38):
Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս,
Հայ Եկեղեցին Հրաշափառ Յարութեան տօնին նախորդող կիրակի օրը նշում է Ծաղկազարդը՝ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղեմ: Արմաւենիների ոստերով, ձիթենեաց անուշաբոյր տերեւների զարդարուած ճիւղերով գորգապատուել էր Յիսուսի ճանապարհը դէպի Երուսաղէմ:
Պատմութեան մէջ իր նմանը չունեցող ուրախութեան ու հիացմունքի մի տեսարան էր…
Խոնարհ ու հեզ Թագաւորը մտնում է սուրբ քաղաքը հեծած էշի քուռակի վրայ։ Բայց այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուեր Զաքարեայ մարգարէի խօսքը, որն ասում է. «Ասացէ՛ք Սիոնի դստերը. «Ահա քո Թագաւորը քեզ մօտ է գալիս` հեզ եւ հեծած էշ ու էշի քուռակ վրայ»: (Մատթ. 21, 4-5):
Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի մուտքն Երուսաղեմ, ժողովուրդն ընդունեց մեծ խանդավառութեւամբ եւ ուրախութեամբ։ Առջեւից եւ յետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Օրհնութիւ՜ն Դաւթի Որդուն, օրհնէա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութիւ՜ն բարձունքներում»: (Մատթ. 21, 9):
«Եւ երբ Յիսուս մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը դղրդաց, եւ ասում էին. «Ո՞վ է սա»: Իսկ ժողովրդի բազմութիւնն ասում էր. «Սա Յիսուս Մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է» (Մատթ. 21, 10-11):
Ծաղկազարդը մեր կեանքի այսօրուայ արտացոլումն է. մենք ողջունում ենք Յիսուսի ներկայութիւնը «Օվսաննա»- ներով, բայց երբեմն մեր մէջ խօսում է անզօրութիւնն եւ թուլութիւնը, որի պատճառով Աստուածաշնչի ոսկէ կանոնները դժբախտաբար կորցնում են իրենց ազդեցութիւնը մեր կեանքում: Ներկայ աշխարհում մարդը մի կողմից Աստծուն է փառաբանում, իսկ միւս կողմից գնում դեպի կործանում` իր մեջ սպանելով հոգեւոր ու բարոյական նկարագիրը:
Ծաղկազարդի Կիրակին այն Թագաւորութեան սկիզբն է, որը Յիսուսը եկաւ երկրի վրայ ստեղծելու:
Յիսուսն իրեն չէր ներկայացնում որպէս այս աշխարհի թագաւոր, քանի որ նրա Թագաւորութիւնը սկիզբ է առնում Աստծուց։ Մենք նոյնպէս այսօր հրաւիրուած ենք Մեր Տէր Յիսուս Քրիստոսին ուրախութեամբ փառաբանելու ու հռչակելու որպէս ողորմութեան եւ սիրոյ թագաւոր։
Մեր սիրտը աւելի շատ Փրկչի սիրելի գահն է, քան աշխարհի ցանկացած այլ գահ: Այստեղ է, որ Նա ցանկանում է թագաւորել համբերութեամբ եւ սիրով:
Ո՜վ Յիսուս, ուզում ենք այսօր ուղեկցել Քեզ Երուսաղէմ քո յաղթական մուտքի ժամանակ: Մենք՝ քո ոտքերի առաջ ենք սփռում մեր բարի գործերի եւ բարի նպատակների թիկնոցները։
Ցանկանում ենք հետեւել Քեզ քո չարչարանքի ճանապարհին` մնալով մօտիկ այս ճանապարհորդութեան իւրաքանչիւր պահի:
Տու՛ր մեզ քո մօր՝ Մարիամի քաջութիւնը, որպէսզի կարողանանք մխիթարել եւ սփոփել Քեզ քո տառապանքների մէջ։
Շնորհակալ ենք Քո արեան իւրաքանչիւր կաթիլի համար, որը թափել էք մեզ համար եւ խոստանում ենք ապրել մեր կեանքը քո սուրբ շնորհքով եւ սիրով եւ միաբերան եւ միասիրտ աղաղակենք․․․«Օրհնեա՜լ է այդ Թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով. խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում» (Ղուկ. 19, 38):
«Սիրելինե՜ր, եկէ՛ք հաւատքով մտնե՛նք Աւագ Շաբաթ…
Եկէ՛ք խորհրդածենք Յիսուսի չարչարանքների ու մեր տառապանքների մասին, որոնք փակուած են Փրկչի վէրքերի մէջ:
Նա իր վրայ վերցրեց մեր հոգսերն ու դժուարութիւնները եւ տարաւ դրանք այն իր հետ խաչի վրայ. այն Խաչի, որի վրայ Նա զոհեց իր կեանքը: Ամենամեծ շնորհակալութիւնը, որը մենք կարող ենք յայտնել Տիրոջից՝ Աւագ շաբաթը՝ երախտագիտութեան ոգով ապրելն է, փորձելով կիսել ուրիշների հետ այն սէրը, որը մենք ինքներս ենք ստանում Քրիստոսի Խաչելութիւնից:
Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան
Առաջնորդական Տեղապահ Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ
Փանիկ, 10 ապրիլ, 2022