• Արժ․ Տէր Գրիգոր Աւագ Քհն․ Մկրտչեանի խորհրդածութիւնը «Հայկական Կարիտաս» ԲՀԿ Սուրբ Ծննդեան Հոգեւոր կրթութեանը

    Մի քանի օրից ուրախութեամբ եւ ցնծութեամբ դիմաւորելու ենք մեր Տէր Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, եւ ցանկանում եմ, որ մեզ ամբողջութեամբ նուիրենք Իրեն, քանի որ այս նուիրումը լինելու է մեր փրկութեան գրաւականը:


    «Սիրելի՛ «Հայկական Կարիտասի» անձնակազմ,

     

    Շնորհակալութիւն եմ ուզում յայտել ձեր բոլորի ներկայութեան համար։ Օգտուելով առիթից ցանկանում եմ եւս մեկ անգամ ըմբռնենք եւ մտապահենք, որ «Հայկական Կարիտասի» գործունէութիւնը միտուած է լինելու մի «Բարի Սամարացի»: Սա այնպիսի մի պատմութիւն է, որն իսկապէս վերաբերւում է մեզ բոլորիս:

     

    Ընթերցելով «Բարի Սամարացու» առակը փորձենք խորհրդածել, թէ ինչ կապ ունի «Բարի Սամարացին» «Հայկական Կարիտասի» բուն առաքելութեան հետ:

     

    Ինչպէս «Բարի Սամարացին» գթած եւ ամեն ինչ արեց որպէսզի վիրաւոր մարդը կարողանա բուժուել, այնպէս էլ դուք՝ որպէս «Հայկական Կարիտասի» աշխատակիցներ անհրաժէշտ է, որ ձեր շահառուներին վերաբերուէք այնպէս ինչպէս այս «Բարի Սամարացին», քանի որ «Հայկական Կարիտասը» միտուած է անխտիր ծառայելու բոլոր խոցելի խմբերին: Հետեւաբար, երբ նեղութիւն էք կրում որեւէ բան անելուց՝ յիշէք, որ դա անում էք ոչ թէ ձեր՝ այլ Աստուծոյ համար:

     

    Գիտեմ, որ ձեզանից իւրաքանչիւրն էլ հաւատում է Աստծուն, ապրում է Աստուծոյ շնչով, նեղութիւնների մէջ փնտռում է Նրան, սակայն մեր խնդրանքն է, որ ոչ միայն նեղութիւնների պահին յիշէք Աստծուն, այլ նաեւ ձեր ուախութեան պահին գոհանաք մեր Տէր Աստծուց: Մի քանի օրից ուրախութեամբ եւ ցնծութեամբ դիմաւորելու ենք մեր Տէր Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը, եւ ցանկանում եմ, որ մեզ ամբողջութեամբ նուիրենք Իրեն, քանի որ այս նուիրումը լինելու է մեր փրկութեան գրաւականը:

     

    Եւ այստէղ է, որ պէտք է յիշենք մեր Տէր Յիսուս Քրիստոսի պատգամը. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը» (Մատթ. 22,39): Սա մի մեծագոյն պատգամ է, որ մենք պէտք է ապրենք այս մտայնութեամբ, եւ եթէ մենք իսկապէս սիրենք միմեանց, աւելի հեշտ կը լինի ապրել մեր կեանքը:

     

    Մեկ այլ դրուագում Յիսուս մեզ ուսուցանելիս ասում է. «Քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուեցիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուեցիք, օտար էի, եւ ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ ինձ տեսնելու չեկաք: Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք»: Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ այս փոքրերից մէկին այդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք» (Մատթ. 25, 42-45): Ձեր առաքելութիւնը նոյնպէս կայանում է սրանում, քանի որ դուք ծառայութիւն եք մատուցում խեղճերին, որբերին, տնանկներին եւ այս  ամբողջի հիմքում պէտք է դրուած լինի սէրը։ Ինչպէս նշուած է Աստուածաշնչում․ «Քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ Իր Միածին Որդուն տուեց, որպէսզի, ով Նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը»  (Յվհ. 3,16)։

     

    Մենք էլ երբեմն անհնազանդ ենք Աստուծոյ խօսքերի յանդէպ, եւ շատ յաճախ չենք պահում Աստուծոյ պատուիրանները, չենք հետեւում այն ճանապարհին, որն առաջարկւում է մեզ՝ գնալու դէպի Աստուած, այլ փորձում ենք մոռացութեան մատնել Աստուծոյ խօսքը, քանի որ այդ ամենը միտուած է լոկ մեր ֆիզիկական ցանկութիւններին՝ մոռանալով հոգեւորի մասին։ Մարմինը ոչինչ է, ասւում է Սուրբ Գրքի մէջ։ Մարմինը այսօր կայ, վաղը չկայ, միայն հոգին է կենդանարար։ Ի՞նչ ենք անելու մենք, երբ վաղը կանգնենք Աստուծոյ դատասատանի առջեւ․ ասելու ենք, թէ Տէ՛ր, մենք ժամանակ չունեցանք, քանի որ զբաղուած էինք մեր առօրեայ գործերով, հարստութիւն դիզելով, փոխանակ ասելու, թէ Տէ՛ր, վառիր իմ մէջ ճշմարիտ քրիստոնեայ լոյսը։  Ու՞մ է պէտք այն հարստութիւնները, որոնք դիզում ենք երկրի վրայ, եթէ երկնքում չունենք գանձեր։ Հետեւապէս մի քանի օրից ականատես ենք լինելու եւս մեկ հրաշափառ ծնունդի, որ Տէրը մեզ հրաւիրում է մասնակիցը լինելու մի նոր ուրախութեան եւ ճաշի։

     

    Մաղթում եմ քաջութիւն՝ ունենալու համբերութիւն, ծառայելու այն մարդկանց, որոնց դուք կամաւոր կերպով ընդունեցիք եւ սիրեցիք։ Եւ ձեզանից իւրաքանչիւրը կամաւոր կերպով ցանկացել է ծառայել աղքատին, հիւանդին եւ այն բոլոր մարդկանց, ովքեր կարիքն ունեն ընդունելու ձեր ծառայութիւնը։ Եւ յիշէ՛ք մենք չեկանք իշխանութիւն ունենալու, որպէսզի իշխանութիւն բանեցնենք այդ մարդկանց վրայ, այլ եկանք ծառայութիւն ընդունելու եւ ինչպէս Կարիտասի առաքելութեան մէջ է նշուում․ «Սիրով ու սրտացաւութեամբ ծառայել տարբեր խոցելի խմբերի` յարգելով իւրաքանչիւրի արժանապատւութիւնը»։ Եւ վստահ եմ որ 2023 թուականին էլ նոյն կերպով շարունակելու էք ձեր առաքելութիւնը ի սէր Քրիստոսի։

     

    Ցանկանում եմ յայտնել մեր խորին երախտագիտութիւնը ձեր երկարամեայ գործունեութեան եւ աստուածանուէր առաքելութեան համար, մաղթելով, որ գալիք տարում ձեր ընտանիքներում եւ ընկերական միջավայրում ունենաք ուրախութիւն եւ երջանկութիւն։

     

    Շնորհաւոր Սուրբ Ծնունդ եւ Ամանոր։

     

    Տէր Գրիգոր Աւագ Քհն․ Մկրտչեան

Օրացույց

Օրացույց