• Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը Հռոմում մասնակցում է Սրբազան Պապի և Արևելյան Եկեղեցիների առաջնորդների հանդիպմանը՝ նվիրված Ֆրանցիսկոս Պապի «Սիրո բերկրանքը» նամակի տասնամյակին

    Ընտանիքը՝ Ավետարանի հռչակման առաջնային օրրան և միջոց


    2026թ. հոկտեմբերի 7-ին Հռոմում մեկնարկել է Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապի «Amoris Laetitia» կամ «Սիրո բերկրանքը» վերնագրով Առաքելական հորդորին նվիրված հանդիպումների շարքը՝ Ն. Ս. Լևոն ԺԴ Պապի և Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների Առաջնորդների և աշխարհականների մասնակցությամբ, որին իր ներկայությունն է բերել նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը՝ Սուրբ Աթոռի Եպիսկոպոսների Սինոդի Գլխավոր Քարտուղար Կարդինալ Մարիո Գրեչի հրավերով: Հանդիպում-քննարկումների շարքը կոչվում է՝ «Տասը տարի՝ Amoris Laetitia-ից անց, հռչակել Ավետարանն այսօր՝ ընտանիքների հետ միասին»: Ծրագիրը ներառում է Սուրբ Աթոռի Աշխարհականների, ընտանիքի և կյանքի Վերատեսչության Վերատեսուչ Կարդինալ Քևին Ֆարրելի, Կարդինալ Մարիո Գրեչի բացման խոսքերը, Ն. Ս. Լևոն ԺԴ Սրբազան Պապի ուղերձը, Սոցիալական Գիտությունների Պապական Ակադեմիայի նախագահ քույր Հելեն Ալֆորդի խորհրդածությունը, որոնք արդեն տեղի ունեցան հոկտեմբերի 7-ին, մյուս օրերին բանախոսելու են նաև այլ կարդինալներ և եպիսկոպոսներ, ոլորտի մասնագետներ, մշտապես կլինեն խմբային քննարկումներ՝ եպիսկոպոսների, կարդինալների և պատրիարքների մասնակցությամբ, լուռ խորհրդածության և աղոթքի պահեր: Սուրբ Պողոս Զ Պապի դահլիճում տեղի ունեցող նիստերը կտևեն մինչև հոկտեմբերի 14-ը, երբ Սրբազան Պապը ամփոփիչ Սուրբ Պատարագ կմատուցի Սուրբ Պետրոսի հրապարակում:

     

    Կարդինալ Գրեչն իր խոսքում ասաց, թե որպես տիեզերական Եկեղեցու ներկայացուցիչներ, մասնակից առաջնորդներն ամբողջ աշխարհի ընտանիքների ուրախությունները, հույսերն ու մտահոգությունները ի մի կբերեն այս օրերի քննարկումների ժամանակ: Կարդինալ Ֆարրելը Սրբազան Պապի ներկայությունն այս հանդիպումներին անվանեց «մեր ուրախության աղբյուր»: Նա ասաց, որ այս հանդիպումը հնարավորություն է տալիս միասին խորհրդածելու տարբեր Եկեղեցիների սկսած ճամփորդության և դժվարությունների մասին, և ինքներս մեզ հարցնելու, թե ինչպես կարող ենք Ավետարանի հռչակումը ավելի համապատասխանեցնել ընտանիքների կարողություններին, «որպեսզի նրանք կարողանան վերահայտնագործել և ապրել իրենց քրիստոնեական կոչումը ավելի մեծ իմացությամբ»: «Աշխարհիկացումը, անհատապաշտությունը և տեխնոլոգիաների տարածումը նպաստում են ընտանիքներում հավատքի փոխանցման աստիճանական թուլացմանը», ասաց Կարդինալ Ֆարրելը:

     

    Ն. Ս. Լևոն ԺԴ Սրբազան Պապն իր խոսքում աշխարհի բոլոր եպիսկոպոսներին կոչ արեց կիսվել այն ամենով, ինչ կատարվել է ընտանիքների համար առաքելության ոլորտում` վերջին տասը տարիների ընթացքում` «Սիրո բերկրանքը» նամակի հրապարակումից հետո, և արիությամբ առերեսվել այն հարցերին ու դժվարություններին, որոնց հանդիպում են ընտանիքներն այսօր: Եկեղեցին մշտապես մեծ ուշադրություն է դարձրել ընտանիքների հետ հովվական աշխատանքին` մանավանդ, սկսած Վատիկանի Բ Ժողովից, շեշտեց Պապը, քանի որ ընտանիքը Ավետարանի ուղերձի և հավատքի փոխանցման առաջնային օրրան է, որի վրա է հիմնված հասարակությունը: Այն ընտանիքները, որոնք վկայում են Ավետարանի հավատքի մասին, իրենց ներդրումն ունեն Եկեղեցու կյանքում և առաքելության մեջ: Պապը շեշտեց, որ այս օրերի հանդիպմանը ներկա հովիվները պարտականություն ունեն հռչակելու ամուսնության և ընտանիքի համար Աստծո ծրագրի գեղեցկությունը: Սա նշանակում է, ըստ նրա, ուղեկցել ընտանիքներին իրենց առօրյա կյանքում և լսել նրանց: «Աստծո ժողովրդի իմաստությունը մեզ հասնում է մեր ընդհանուր հավատքի միջոցով, որը լուսավորում է բոլոր ընտանիքներին` ներառյալ այն իրավիճակները, որոնցում կան դժվարություններ, միայնություն և, երբեմն, նույնիսկ ակնհայտ ձախողում», ասել է Քահանայապետը:

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    8 հոկտեմբերի, 2026թ.

Օրացույց

Օրացույց