• Դ․ Կիրակի Քառասնորդաց. Տնտեսի Կիրակին

    «Ոչ մի ծառայ երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետեւ, եթէ մէկին ատի, միւսին կը սիրի. կամ եթէ մէկին մեծարի, միւսին էլ կ՚արհամարհի։ Չէք կարող ե՛ւ Աստծուն ծառայել, ե՛ւ մամոնային»։ (Ղուկ. 16:13):


    Կիրակի, 12 մարտի, 2023 թուական. Դ Կիրակի Քառասնորդաց Տնտեսին:

     

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ եկեղեցում մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ ձեռամբ տեղի ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի:

     

    Սուրբ գրային ընթերցմանը յաջորդեց Գերյ. Վարդապետի խօսքը ուղղուած հաւատաւոր ժողովրդին:

     

    «Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս,

    Քառասնորդաց չորրորդ  շաբաթը,  Սուրբ եկեղեցին յիշատակում է անիրաւ տնտեսի մասին Աւետարանական առակը (Ղուկաս 16:1-8): Առակի խորհրդով էլ Մեծ պահքի չորրորդ կիրակին կոչուում է «Տնտեսի կիրակի»:

     

    Յիսուս իր աշակերտներին պատմում է. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. եւ նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը: Տէրը կանչեց նրան եւ ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող»» (Ղուկ. 16:1-2):

     

    Թէեւ տնտեսը անակնկալի է գալիս, սակայն միեւնոյն ժամանակ մտածում է, թէ ինչ պիտի անի, որպէսզի աշխատանքից հեռացուելուց յետոյ տիրոջ պարտապանները սիրայօժար գտնուեն իր հանդէպ:

     

    Հնարամիտ տնտեսը մէկ առ մէկ կանչում է իր մօտ տիրոջ պարտապաններին եւ  որոշակի տոկոսային հարաբերութեամբ զեղչում  նրանց պարտքերը:

     

    «Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով՝ առաջինին ասում է՝ «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես: Եւ սա ասում է՝ «Հարիւր տակառիկ ձէթ. եւ տնտեսը նրան ասում է՝ «Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու անմիջապէս գրի՛ր՝ յիսուն»: Ապա դարձեալ միւսին ասում է՝ «Դու ինչքա՞ն պարտք ունես». եւ սա ասաց՝ «Հինգ հարիւր պարկ ցորեն»: Տնտեսը նրան ասաց՝ “Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու գրի՛ր՝ չորս հարիւր»: (Ղուկ. 16:5-7):

     

    Այս կերպ անիրաւ տնտեսը քաւեց իր մեղքերը եւ բազում բարեկամներ շահեց:  Զարմանալի է, բայց եւ տէրը գովեց անիրաւ տնտեսի արարքը, «…Որովհետեւ վերջինս հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիները իրենց սերնդի մէջ:

     

    Սիրելիներս, լոյսի որդիները հրեշտակներն են, քանի որ լոյսից ստեղծուեցին, իսկ աշխարհի որդիները մարդիկ են:

     

    Լինելով մեղաւոր՝ մարդը ուղիներ է փնտրում քաւելու իր գործած մեղքերը եւ ապաշխարութեամբ մօտենում է Աստծուն, իսկ հրեշտակների դասերից շեղուածները չփառաւորեցին Ամենակալ Տիրոջը, գերադասեցին իրենց կամքն ու փառքը,  եւ սկսեցին ծառայել սատանային:

    Ըստ Մաղաքիայ արքեպիսկոպոս Օրմանեանի մեկնութեան՝ տանուտէրն Աստուածն է, իսկ տնտեսը՝ մարդը:

     

    Առակի բուն խորհուրդը Յիսուս Քրիստոսը տալիս է վերջում. ««Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ: Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը, շատի մէջ էլ անիրաւ է: Արդ, եթէ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կը վստահի ճշմարիտը: Եւ եթէ օտարինը եղող բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կը տայ ձեզ» (Ղուկ. 16:9-12):

     

    Մամոնա բառն ասորերեն կամ արամերեն արմատից է, որը նշանակում է ունեցուածք, հարստութիւն: Այստեղ մամոնային անիրաւ է անուանում, ոչ թե նրա համար, որ բնութեամբ չար է, այլ որ ունեցուածքի տէրն այն արարդար կերպով է հաւաքել:

     

    Այս կիրակին յորդորում է հեռու մնալ ագահութիւնից, քանզի մեր կեանքը պատկանում է միայն Աստծուն:

     

    Ինչպէս առակն է մեզ յուշում. մեր երկրային կեանքը, ունեցուածքը, պաշտօնն ու հարստութիւնը ժամանակաւոր են այս աշխարհի վրայ, մենք բոլորս էլ Աստծոյ տնտեսներ ենք, դրա համար պէտք է ունենանք ողջախոհութիւն, իմաստութիւն օգտագործելու ամէն մի բարի միջոց երկնքի արքայութեանը արժանանալու համար:

     

    Սիրելի հաւատաւոր ժողովուրդը, եկէ՛ք խորը ու կատարելապէս ըմբռնենք ու հասկանանք Մեծ Պահոց շրջանի խորհուրդն ու նշանակութիւնը, ապրենք հոգեւոր կեանքով, փնտրենք բարոյական հզօրութիւնը, գոհանա՛նք մեր ունեցածով, ընտրե՛նք կեանքի ճշմարիտ ուղին՝ Աստծոյ լոյսով ու հաւատով, քանզի Ամենակալ Տիրոջ համար Մարդ արարածը մեծ արժէք է ներկայացնում: Եկէ՛ք Յիսուս Քրիստոսի առաքեալների նման շարունակենք քարոզել ու պահպանել քրիստոնէական արժէքներն ու գաղափարները, ի վերջոյ՝ օրերից մէկ օր բոլորս էլ առանց խտրութեան՝ Աստծու ահեղ Դատաստանի առաջ՝ պատասխան ենք տալու մեր արած գործերի համար: Ամէն:

     

    Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ Ժողովրդապետ

Օրացույց

Օրացույց