• Տոնի՛ր Տիրոջը քո սրտում

    «Եթե դու դեռ հուսահատ ես, եթե դեռ չես զգացել Զատկի ուրախությունը, եթե դեռ չես հանդիպել Հարուցյալին, ապա սպասի՛ր, աղոթի՛ր, փնտրի՛ր Նրան»


    Քրիստոս յարեաւ ի մեռելոց. սիրելինե՜րս։ Այս զատկական օրերն իմ սիրտը լցնում են երջանկությամբ, տոնի և Տիրոջ ներկայության ինչ-որ լուռ, բայց խորը զգացողությամբ։ Սուրբ Պետրոսն ասում է, որպեսզի մենք սուրբ պահենք (տոնենք) Տեր Հիսուսին մեր սրտերում (1 Պետ․ 3,15), և սա միշտ իմ փորձառությունն է՝ այս օրերին։

     

    Այս լուսավոր շաբաթվա ընթացքում մենք կարդում ենք Ավետարանում, թե ինչպես է Հիսուս գալիս Իր աշակերտների և Իրեն հավատացող կանանց մոտ, հայտնվում է նրանց իրենց առօրյա կյանքի ճանապարհներին, քանզի Իր խաչելությունից հետո նրանց համակել էր հուսախաբությունը, մեղքի, տխրության և հուսահատության զգացումը: Նա մեզ մոտ է գալիս հետևյալ խոսքերով․ «Խաղաղությու՜ն ձեզ», Նա քնքշորեն նրանց անվանում է «զավակներս», Տերն ամրապնդում է նրանց հավատքն առ այն, որ Իր հետ միասին կյանքը չի վերջացել, այլ ուղղակի ուրիշ մակարդակ է տեղափոխվել, սակայն Նա միշտ իրենց հետ է։

     

    Տերը նրանց սրտերում ծնում է ուրախություն, երջանկություն և այդ երջանկությամբ մյուսների հետ կիսվելու ցանկություն։ Մարիամ Մագդաղենացին առաքյալներին հռչակում է այն մասին, որ Տերը ողջ է, աշակերտները, ովքեր Էմմավուսից էին գալիս, վազում են Երուսաղեմ՝ պատմելու համար, որ հանդիպել են Նրան իրենց ճանապարհին, և այսպես, «հանդիպման» փոխադարձ վկայությունը զորացնում է Տիրոջը հավատարիմների սրտերը:

     

    Եթե դու դեռ հուսահատ ես, եթե դեռ չես զգացել Զատկի ուրախությունը, եթե դեռ չես հանդիպել Հարուցյալին, ապա սպասի՛ր, աղոթի՛ր, փնտրի՛ր Նրան։ Նա հաստատ կգա քեզ մոտ, ինչպես եկավ Թովմասի մոտ, որպեսզի նա կասկածի ու հուսահատության մեջ չմնար:

     

    Հարուցյալ Քրիստոսը մոտ է, Նա քայլում է քեզ հետ՝ քո կյանքի ճանապարհներին, ականջ է դնում քո սրտին, գիտի քո ակնկալիքները և լուսավորում է քո մտքերը։

     

    Նա ողջ է։ Նա քեզ հետ է, որպեսզի դու գտնես երջանկություն Նրա մեջ և կիսվես մյուսների հետ։

    Տոնի՛ր Նրան քո սրտում, դեպի Տե՛րը դարձրու քո սրտի աչքերը և Քրիստոս կշողշողա քեզ։

     

    Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց