«Օրհնյալ են հովիվները, ովքեր չեն բազմում երկրային հաջողությունների տրամաբանության վրա, այլ հետևում են սիրո օրենքին»:
2016թ.հոկտեմբերի 1-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մատուցեց Սուրբ Պատարագ՝ Թբլիսիի Մ. Մեսխիի անվան մարզադաշտում: Պատարագին ներկա էին Վրաստանի իշխանության ներկայացուցիչներ, Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի, Քաղդեական Եկեղեցու Պատրիարքի և Սինոդի ներկայացուցիչներ, հայ կաթողիկէ հոգևորականներ և հարյուրավոր հավատացյալներ՝ Վրաստանի հայ կաթողիկէ համայնքներից, հայ կաթողիկէ երիտասարդներ՝ Հայաստանից, ովքեր նաև կամավորական աշխատանք կատարեցին տեղում:
Սբ. Պատարագից առաջ Սրբազան Քահանայապետը նախ իր բաց մեքենայով շրջեց մարզադաշտում և իր հայրական օրհնությունը բաշխեց ներկա հազարավոր բազմությանը:
Սբ. Պատագարը Սրբազան Քահանայապետը մատուցեց համապատարագությամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արք. Մինասյանի և Վրաստանի լատին ծեսի կաթողիկէների առաջնորդ Ջուզեպպե արք. Բազոտտոյի, ինչպես նաև կովկասյան երկրներում պապական նվիրակ Մարեկ արք. Սոլչինսկիի և այլ բարձրաստիճան կաթողիկէ հոգևորականների:
Իր քարոզում Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Վրաստանի արժեքավոր ժառանգությունը հանդիսանում է կնոջ դերակատարությունը: Հիշելով Սրբուհի Թերեզային Լիզիոյից, ում ծիսական հիշատակը նշվում է հոկտեմբերի 1-ին, Ֆրանցիսկոս Պապը մեջբերեց նրա խոսքերն այն մասին, որ «Աստծուն սիրում են ավելի շատ կանայք, քան տղամարդիկ»:
«Այստեղ` Վրաստանում, կան շատ մայրեր ու տատիկներ, ովքեր շարունակում են պահպանել ու փոխանցել սուրբ Նինոյի կողմից այս հողում սերմանված հավատքը, և Աստծո մխիթարության թարմ ջուրը տանում են դեպի մեծ թվով անապատներ ու հակամարտությունների գոտիներ»:
Մեկնաբանելով առաջին ընթերցումը Եսայի մարգարեի Գրքից`Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ասաց, որ Աստված իր վրա է վերցնում մեր մեղքերի բեռն ու անհանգստությունը, ինչպես որ մայրն է իր ուսերի վրա կրում իր երեխաների հոգսերը: Աստված, ով մեզ անսահմանորեն սիրում է, զգայուն է մեր աղաչանքների հանդեպ և մեր արցունքները սրբել գիտի:
«Նայելով մեզ՝ Նա ամեն անգամ խորին սիրով զգում է խղճահարություն և քնքշություն. չէ՞ որ չնայած այն չարիքին, որին մենք ունակ ենք, մենք դարձյալ մնում ենք երեխաներ: Նա ցանկանում է մեր ձեռքը բռնել, պաշտպանել, ազատել վտանգներից ու չարիքներից: Թող մեր սրտերում արձագանքեն մեզ ուղղված Նրա խոսքերը. «Ես ձեզ կսփոփեմ, ինչպես ձեր մայրը»:
Սփոփանքը, որի կարիքը մենք ունենք մեր այս արագ փոփոխվող կյանքում, դա հենց Աստծո ներկայությունն է մեր սրտերում: Քանզի Նրա ներկայությունը մեր մեջ իրական սփոփանքի աղբյուր է, որը մնում է և ազատում է չարիքից, բերում է խաղաղություն և վերադարձնում է ուրախությունը: Դրա համար, եթե մենք ուզում ենք ապրել որպես սփոփվածներ, ապա պետք է տեղ հատկացնենք Աստծուն մեր կյանքում: Եվ որպեսզի Աստված միշտ բնակվի մեր մեջ, պետք է դուռը բացենք Նրա առջև և Նրան չթողնենք դրսում: Այդ դռները, որոնք պետք է միշտ բաց պահել, Ավետարանի ամենօրյա ընթերցումն է, աղոթքն է, պաշտամունքն է, խոստովանանքն ու Սբ. Հաղորդությունն է: Այդ դռներով է Աստված գալիս և համ ու հոտ տալիս ամեն ինչին: Սակայն, երբ այդ դռները փակ են, մենք մնում ենք խավարում և դառնում հոռետես`պարփակվելով հուսալքության ու մենության մեջ: Եթե մենք բացենք սփոփանքի այդ դռները, ապա ներս կթափանցի Տեր Աստծո լույսը»:
Սակայն Աստված մեզ միայն սրտում չի մխիթարում: Եսայի մարգարեն ավելացնում է . «Դուք պիտի մխիթարվեք Երուսաղեմում» (66:13), այսինքն՝ Աստծո քաղաքում, համայնքում: Երբ մենք միասնական ենք, երբ մեր միջև կա հաղորդակցություն, ապա գործում է Աստծո սփոփանքը»:
Մենք սփոփանք ենք գտնում Եկեղեցում, Եկեղեցին սփոփանքի վայրն է: Մենք բոլորս՝ Եկեղեցու անդամներս, կոչված ենք լինելու սփոփանքի կրողները՝ մյուսներին ընդունելով, հույս ներշնչելով, վստահությունը վերադարձնելով և տանելով Քրիստոսի լույսն ու Նրա ներկայության ու ներման ջերմությունը: Բոլորն էլ «Աստծո սփոփանքի կարիքն ունեն, որը չի ազատում խնդիրներից, սակայն պարգևում է սիրո ուժ, որն ունակ է ցավը վերափոխելու հանգստության: Ընդունել և ստանալ Աստծո սփոփանքը, սա է Եկեղեցու առաջնային առաքելությունը»:
Ֆրանցիսկոս Պապը հավատացյալներին կոչ արեց «չարգելափակվել, եթե ինչ որ բան այնպես չի ընթանում մեր շրջապատում, չտխրել մեր միջև առաջացած տարաձայնությունների պատճառով»: Պետք չէ «հարմարվել եկեղեցական փակ միկրոկլիմային», պետք է կիսվել հույսի համար բացված լայն հորիզոններով և ապրել խոնարհ քաջությամբ:
Սրբազան Քահանայապետը հիշեցրեց Աստծո սփոփանքը ստանալու պայմանը՝ դառնալ մանուկներ, ինչպես երեխաները: Դա է հիշեցնում այսօրվա Ավետարանը: Միայն մանուկներ դառնալով մենք կարող ենք սփոփանանք ստանալ Աստծո մայրական ձեռքերում:
«Աստծուն ճանաչում են ոչ թե վեհ մտքերով ու երկար ուսումնասիրոթյուններով, այլ՝ խոնարհ ու վստահող սրտի փոքրությամբ: Բարձրյալի աչքերում մեծ լինելու համար պետք չէ կուտակել պատիվ ու հեղինակություն, հարստություն ու երկնային հաջողություններ, այլ պետք է հաղթել ինքդ քեզ: Երեխան նա է, ով ոչինչ տալ չի կարող, սակայն կարող է ստանալ ամեն ինչ: Նա թույլ է և կախում ունի ծնողներից: Ով մանուկ է դառնում՝ ինչպես երեխան, աղքատ է ինքն իրենով, սակայն հարուստ է Աստծով»:
«Օրհնյալ են քրիստոնեական համայնքները, որոնք ապրում են այդ ավետարանական պարզությամբ: Նրանք աղքատ են միջոցներով, սակայն հարուստ են Աստծով: Օրհնյալ են հովիվները, ովքեր չեն բազմում երկրային հաջողությունների տրամաբանության վրա, այլ հետևում են սիրո օրենքին՝ ընդունելով, լսելով ու ծառայելով: Օրհնյալ է Եկեղեցին, որը չի վստահում ֆունկցիոնալիզմի և կազմակերպչական արտադրողականության չափանիշներին ու չի հոգում իր իմիջի մասին: Վրաստանի սիրելի փոքրիկ հո՛տ, այդքան շատ նվիրված գթությանն ու դաստիարակությանը, ընդունի՛ր Բարի Հովվի կոչը, վստահիր Նրան, ով քեզ բարձրացնում է Իր ուսերի վրա, որպեսզի սփոփի»:
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը