• Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը.տոնի պատմությունն ու խորհուրդը

    «Եւ արդ, ահա ես գիտեմ, որ դուք ամէնքդ, որոնց մէջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծու արքայութիւնը, իմ երեսն այլևս չէք տեսնելու. դրա համար այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արիւնից, որովհետև չքաշուեցի ձեզ յայտնելու Աստծու կամքը ամբողջութեամբ»:
    Գործք Առաքելոց, 20:22-32


    Հոգեգալստյան երրորդ շաբաթ օրը Հայ Եկեղեցին նշում է «Գյուտ նշխարաց սրբոյն Գրիգորի Լուսավորչի» տոնը, որը  Գրիգոր լուսավորչի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է:

     

    Ըստ ավանդության` Սուրբ Լուսավորչի կյանքի վերջին ժամանակահատվածն անցնում է մարդկանցից հեռու և անտես, ճգնության մեջ, Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այր անունով հայտնի քարայրում: Քարայրը Մանյա էր կոչվում, քանի որ այստեղ ժամանակին Սբ. Հռիփսիմյանց կույսերից Մանեն էր բնակվում: Երբ նրա քահանայապետության երեսուն տարին լրացավ «բարի պատերազմը պատերազմած, հավատը պահած, ընթացքը ավարտած և անթառամ պսակին հասած» Տիրոջ հրամանով բարձրանում է Սեպուհ լեռան կատարը և առանձնանում լռության մեջ: Սբ. Գրիգորը, ապրելով քարայրում, բոլորովին չի մոռանում իր առաքելության մասին. երբեմն-երբեմն թողնում է իր քարայրը և այցելում ժողովրդին, իր աշակերտների հետ միասին մեկնում էր քարոզչական շրջագայության և բոլորին իրենց հավատքի մեջ հաստատում:

     

    Մովսես Խորենացին վկայում է. «Թեպետ և նա այնտեղ բնակվեց, բայց ժամանակ առ ժամանակ հայտնվում էր, շրջում էր մեր աշխարհում, աշակերտածներին հաստատում էր հավատի մեջ»:

     

    Ծերունի հայրապետի վերջին այցելությունը Վաղարշապատ կապված է որդու՝ Արիստակեսի՝ 325թ. Ա Տիեզերական ժողովից վերադառնալու հետ: Նա այլևս չի լքում իր ճգնարանը: Այդ խաղաղ քարայրի մեջ, շատ հուզիչ լռությամբ վախճանվեց Հայոց երկրորդ Լուսավորիչ Սբ. Գրիգոր Հայրապետը, միայնակ:

     

    Ավանդության համաձայն, հովիվները Սեպուհ լեռան վրա շրջելու ժամանակ մի քարանձավի մեջ տեսնում են մի ծերունու` կռթնած իր գավազանի վրա` բազուկները տարածած ու անշնչացած: Նա նույն այրում էլ թաղվում է հովիվների ձեռքով, ովքեր չճանաչելով կաթողիկոսին` նրա մարմինը ծածկում են քարակույտով:

     

    Հետագայում, Ս. Գրիգոր Լուսավորիչն իր աշակերտներից Գառնիկ Բասենացուն տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղը: Այս գյուտից հետո Ս. Հայրապետի նշխարները տեղափոխվում ու ամփոփվում են Բարձր Հայքի Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Ս.Գրիգոր Լուսավորչի բոլոր նշխարները չէ, որ ամփոփված են Թորդանում, այլ ոսկորների մի մասը տարվել է քաղաքամայր Վաղարշապատ և այլ վայրեր, մինչև անգամ Բյուզանդիոն և Իտալիա:

     

    Ըստ որոշ տեղեկությունների, 5-րդ դարում Բյուզանդիայի Զենոն կայսեր հրամանով Լուսավորչի նշխարները Թորդանից բռնությամբ տեղափոխվում են Կ. Պոլիս: Հայաստանում է թողնվում միայն Լուսավորչի Աջը:

     

    Վաղարշապատ տարված նշխարներից պատրաստվել է ոսկյա Ս. Աջը, որը պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Խաչափայտի և Գեղարդի մասունքների հետ այն մյուռոնի օրհնության ժամանակ գործածվող գլխավոր սրբություններից է:

     

    Հովհաննես Դրասխանակերտցու տեղեկության համաձայն, Զվարթնոցի տաճարը կառուցելիս Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը Լուսավորչի ոսկորների նշխարները դնում է չորս սյուների տակ, իսկ գլուխը դնում է ոչ թե խորքում, այլ դրսում` զետեղելով Ս.Սեղանի գզրոցի մեջ` փափագողների հույսի ու հիվանդների բժշկության համար:

     

    Հետագայում, հայ կույսերը Ս. Գրիգորի գլուխը և որոշ ոսկորներ Զվարթնոցի տաճարից տեղափոխում են Նեապոլ (Իտալիա), որտեղ եկեղեցի է կառուցվում ի պատիվ Լուսավորչի: Դրանք մինչ այժմ էլ մեծ պատվով պահվում են Ս. Գրիգոր եկեղեցում: 2001թ. Հռոմի Սուրբ Աթոռը Սբ. Էջմիածնին նվիրեց Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների մի մասը:italy4

     

    Սբ. Գրիգորը Նեապոլ քաղաքի երկրորդ պահապան սուրբն է՝ Սբ. Գենարիոսից հետո և ունի հատուկ տոն սեպտեմբերի 30-ին:

     

    Օրվա ավետարանը`

    «Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար։ Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է։ Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում։ Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից։ Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար։ Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ»:

    Հովհ. 10:11-16

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments