«Միայն հանգստանալ սովորելով մենք կարող ենք կարեկից լինել»:
2024թ. հուլիսի 21-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց օրվա ավետարանական ընթերցումը (Մկ. 6,30-34). առաքյալները հավաքվում են Հիսուսի մոտ ու Նրան պատմում այն ամենը, ինչ որ արել են և ուսուցանել:
Տեր Հիսուսն առաջարկում է առաքյալներին մի ամայի տեղ գնալ՝ հանգստանալու համար, սակայն ժողովուրդը չի հասկանում նրանց մտադրությունը, հիշեցրեց Նորին Սրբությունը: Նավակից դուրս ելնելով՝ Հիսուս տեսնում է Իրեն սպասող ամբոխին, գթում է նրանց և սկսում ուսուցանել (տես՝ Մկ. 6,34): Այսպիսով, մի կողմից հանգստանալու հրավերքը, մյուս կողմից էլ Հիսուսի կարեկցանքը ամբոխի նկատմամբ. «Թվում էր, թե այդ երկուսն անհաշտ ու անհամատեղելի են, սակայն իրականում հանգիստն ու կարեկցանքը ձեռք ձեռքի տված գնում են»:
Հիսուսին անհագստացնում է աշակերտների հոգնածությունը, դրա համար էլ նախազգուշացում է մի վտանգի մասին, որը կարող է սպառնալ մեր կյանքերին ու առաքելությանը, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: Որովհետև մեր առջև դրված առաքելությունն ու խնդիրները կատարելիս՝ մենք կարող ենք շատ ոգևորվել ու մտահոգվել, թե ինչպիսի արդյունքներ կունենանք, իսկ դա շատ վատ է, քանի որ մենք կդառնանք «ակտիվ ու աշխույժ գործունեության զոհեր»: Այդ մրցավազքում մենք մեր տեսադաշտից կորցնում ենք էականն ու գլխավորը, մեզ սպառնում է հյուծվածությունը և մարնի ու հոգու հոգնածությունը, իսկ սա շատ կարևոր նախազգուշացում է մեր կյանքի և հասարակության, ինչպես նաև Եկեղեցու և հովվական ծառայության համար, ընդգծեց Նորին Սրբությունը.
«Եղբայրներ և քույրեր, եկե՛ք զգուշանանք գործունեության բռնապետությունից։ Այն կարող է դրսևորվել նաև ընտանիքներում, օրինակ, երբ հայրը հացի գումար վաստակելու համար, ստիպված է լինում գնալ աշխատանքի՝ դրանով իսկ զոհելով այն ժամանակը, որը պիտի հատկացներ իր ընտանիքին: Հաճախ ծնողը գնում է վաղ առավոտյան, երբ երեխաները դեռ քնած են, և վերադառնում է ուշ երեկոյան, երբ երեխաներն արդեն ակողնում են: Սա սոցիալական անարդարություն է։ Ընտանիքներում հայրն ու մայրը պիտի սիրով լի ժամանակ անցկացնեն իրենց երեխաների հետ և չդառնան գործունեության բռնապետության զոհը: Եկե՛ք մտածենք, թե ինչպես կարող ենք օգնել մարդկանց, ովքեր ստիպված են այդպես ապրել»:
Հիսուսի առաջարկած հանգիստը փախուստ չէ աշխարհից, նահանջ դեպի անձնական բարեկեցություն: Ո՛չ, ընդհակառակը, մոլորված մարդկանց հանդեպ Աստված կարեկցանք է զգում, շարունակեց Սրբազան Քահանայապետը.
«Ավետարանից մենք իմանում ենք, որ այդ երկու իրականությունը՝ հագիստն ու կարեկցանքը, իրար հետ փոխկապակցված են. միայն հանգստանալ սովորելով մենք կարող ենք կարեկից լինել: Դիմացինի կարիքներն ըմբռնող կարեկցող հայացք հնարավոր է ունենալ միայն այն ժամանակ, երբ մեր սիրտը տարված ու մտահոգված չէ աշխատանքով, երբ մենք կարողանում ենք կանգ առնել և երկրպագության լռության մեջ ընդունել Աստծո շնորհը»:
Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ, որպեսզի առօրյա հոգսերի մեջ Սուրբ Հոգով գտնենք հանգստություն և սրտաբաց ու կարեկից լինենք ուրիշների նկատմամբ, խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը