Երեխաները տուն վերադարձան անմոռանալի տպավորություններով:
2024թ. հուլիսի 14-ից 16-ը Վրաստանի տեղի ունեցավ բակային-հոգևոր ճամբար՝ գլխավորությամբ տեղի ժողովրդապետ՝ Արժ. տեր Ռուբեն Միսիսյանի։ Սուրբ և Անմահ պատարագով հոգևոր սկիզբ էր հաղորդվում ճամբարի 3 օրերի առօրյաներին, իսկ դեպի հավաքատեղի ճանապարհը անց էր կացվում գեղեցիկ քայլերթներով։ Մեր փոքրիկների առօրյայի գրագետ և հետաքրքիր կազմակերպումը վստահված էր Բավրայի պատանի-երիտասարդ ջոկատավարներին՝ ի դեմս ընկեր Արմինե Ասլանյանի, որոնց միացել էին նաև Մխիթարյան Միաբանության սան Եղբ. Հովհաննեսը և թեմական ճեմարանականներ Եղբ. Եղիշեն և Եղբ. Հովհաննեսը, որոնց վստահված էր կրոնուսուցման հատվածը։
Սուրբ Պատարագով, աղոթքով, կրոնուսուցմամբ, երգով, պարով, խաղերով և լավ կազմակերպվածությամբ լցված մեր ճամբարը նվիրված էր փոքրիկների մեջ սիրո, կրոնի և մարդկային հարաբերություններում քրիստոնեավայել դրսևորվելու ամրապնդմանը։
Անշուշտ ճամբարի վերջում կիսվեց տորթը և բաժանվեցին նվերները՝ ավելի հիշարժան դարձնելով փոքրիկների ճամբարային օրերը։
Շնորհակալություն Բավրա գյուղի հավատավոր ժողովրդին, Հոգևոր Հորը, կազմակերպիչներին և կամավորներին, ինչպես նաև մեր Առաջնորդությանը` ֆինանսավորման և օրհնությունների համար։
Բավրայի Հայ Կաթողիկէ Ժողովրդապետություն