• Ի՞նչ է Անարատ Հղության վարդապետությունը

    «Անարատ Հղացյալ Կույսը թող լինի մեզ փրկություն և պաշտպանություն» (Immaculatae Virginis Conceptio sit nobis salus et protectio):


    7 դեկտեմբերի, 2015թ.

     

     

    1854թ. դեկտեմբերի 8-ին Պիոս Թ Քահանայապետը իր Ineffabilis Deus կոնդակով հռչակեց Ամենասուրբ Կույս Մարիամ Աստվածածնի Անարատ Հղության դոգման: Այդուհետ յուրաքանչյուր կաթողիկե այդ դոգման պետք է ընդուներ որպես անկասկածելի ճշմարտություն և Եկեղեցու վարդապետության անքակտելի մաս: Այդ դոգման մինչ օրս հարուցում է հետարքրություն, իսկ շատ հավատացյալների, հատկապես ոչ կաթողիկեների մոտ, պատճառ է դառնում նաև թյուրըմբռնման: Ուստի այս հոդվածում կփորձենք բացատրություններ տալ այդ ճշմարտության վերաբերյալ:

     

     Եկեղեցու վարդապետությունը (համառոտ)

     

    Եկեղեցին դավանում է, որ թեև Կույս Մարիամը հղացվեց Հովակիմից և Աննայից բնական ճանապարհով, բայց իր մոր որովայնում հղացման պահից զերծ պահվեց սկզբնական մեղքից, որը մեզնից յուրաքանչյուրը ժառանգում է Ադամից և Եվայից: Մեր պարագայում այդ մեղքը մաքրվում է մկրտությամբ, իսկ Մարիամի պարագայում՝ աստվածային հատուկ միջամտությամբ, որպես մենաշնորհ, Աննայի արգանդում հղացման վայրկյանից: Արդյո՞ք դա նշանակում է, որ Մարիամը փրկվելու կարիք չուներ: Ո՛չ: Մարիամը, ինչպես բոլոր արարածները, կարիքն ուներ փրկության, բայց Աստված Մարիամին բացառության կարգով փրկություն շնորհեց գերազանց ձևով՝ կանխավ: Բոլոր արարածները փրկվում են Քրիստոսի արյամբ, Խաչի մահով և Հարությամբ: Քանի որ Աստված վերազանց (transcendent) է ժամանակից ու տարածությունից, ի տես Քրիստոսի փրկագործ տնօրինության մեջ Մարիամի ունենալիք եզակի վաստակի, Մարիամին փրկեց մեղքից՝  նախքան Քրիստոսի տնօրինության սկիզբը ժամանակի մեջ, ավելի կոնկրետ՝ Աննայի որովայնում հղացման վայրկյանից: Այսինքն, Մարիամը արդեն փրկված էր՝ հղացման պահին: Աստված Մարիամին նախասահմանել էր լինել իր Որդու Մայրը ժամանակի մեջ, ուստի սրբեց Նրան որպես մաքուր անոթ՝ Քրիստոսի համար: Այս ուսմունքի առաջին ամբողջական ձևակերպումը տվել է ֆրանցիսկյան միաբան, վարդապետ Դունս Սկոտը (13-րդ դ):

     

    Եկեղեցու վարդապետները Մարիամի՝ մեղքից զերծ պահվելու ճշմարտության մասին ասում են հետևյալը.անկումից հետո բժշկվելը մեծ բարիք է, բայց անկումից նախապես փրկվելը ավելի՛ մեծ բարիք է:

     

    Այնուամենայնիվ, դա բնավ չի նշանակում, որ Մարիամը զերծ էր ազատ կամքից կամ մեղք գործելու ունակությունից, բայց Նրա կամքը միշտ միացած էր Աստծո կամքին, այնպես որ երբեք որևէ մեղք չգործեց իր կյանքի ընթացքում:

     

     

    Անարատ Հղության մասին ուշագրավ մտքեր է արտահայտել Բենեդիկտոս ԺԶ Սրբազան Քահանայապետը: Անարատ Հղության մեջ արտահայտվում է Աստծո շնորհի առաջնայնությունը՝ փրկագործության մեջ և հաղթանակը մահվան հանդեպ.Աստված իր շնորհով վերածնում է մեղքով ապականվածը, վերականգնում է անկյալ արարածներին: Անարատ հղությունը հիշեցնում է, որ փրկությունը ոչ թե մարդու, այլ՝ Աստծու գործն է, այն կախված չէ առաջընթացի մարդկային մեթոդներից և ուշիմությունից: Բենեդիկտոս Քահանայապետը նաև ասել է, որ Մարիամի մարդկային փոքրիկ սիրտը լրիվությամբ միացած է Աստծո սրտին. Աստծո շնորհի համար Մարիամի մեջ ոչ մի արգելք չկար: Աստվածամոր Անարատ Հղությունը փաստում է, որ Աստծու համար ոչ մի անհնար բան չկա, աշխարհի ամբողջ պատմությունը Աստծո ձեռքերում է և Աստված, լինելով անկախ որևէ բանից, կարող է միջամտել ցանկացած պահին և ցանկացած վայրում:

     

     

    Անարատ Հղության մասին ճշմարտությունը մեր առջև բացում է աստվածային ծրագրի մեծությունը՝ յուրաքանչյուրիս հանդեպ, այն ճշմարտությունը, որ յուրաքանչյուրս սիրված է և, դեռևս մեր ծնունդից առաջ, նախասահմանված՝ փրկվելու, Աստծո հետ լիակատար ներդաշնակության և երջանկության համար (հմմտ.՝Սղմ.138, Երմ.,1):

     

     

    1858թ. արդեն դոգմայի հռչակումից հետո, Սրբուհի Աստվածածինը Ֆրանսիայի Լուրդ բնակավայրում մի քանի անգամ երևաց փոքրիկ Սբ. Բեռնադետին՝ որպես գեղեցիկ մի Տիկին: Աղջիկը չգիտեր, թե ով է այդ Տիկինը, բայց չէր կարող աչքերը հեռացնել նրա երկնային գեղեցկությունից: Հերթական երևումներից մեկի ժամանակ Բեռնադետը հարցրեց գեղեցիկ Տիկնոջը, թե ինչ է նրա անունը, իսկ Տիկինը պատասխանեց.«Ե՛ս եմ Անարատ Հղությունը»: Սա հիշեցնում է մեզ անկիզելի մորենու մեջ Տիրոջ հայտնությունը Մովսեսին, երբ Աստված Մովսեսին ասում է.«Ես եմ, որ Է…» (Ելք, 3:14): Ինչպես որ այդ խոսքերով Աստված հայտնում է Իր ինքնությունը, որ Ինքն է կյանքը հավիտենական, այնպես էլ Մարիամը վկայում է Իր ինքնության մասին: Բեռնադետը կրթված չէր և ոչինչ չգիտեր Անարատ Հղության դոգմայի մասին, հետևաբար, չէր կարող հորինել դա: Հետագայում Աստվածամայրը շատ հրաշքներով հաստատեց այդ խոսքերի և երևումների ճշմարտությունը:

    Այս դոգման ավելի լավ հասկանալու համար կարող են օգտակար լինել հետևյալ բացատրությունները:

     

     

    Սուրբգրային վկայություններ

     

    Սուրբ Գրքի գլխավոր հատվածը, որի վրա հիմնված է Անարատ Հղության մասին վարդապետությունը, Ղուկասի ավետարանի 1:28-ն է, որտեղ հանդիպում ենք «…լի շնորհօք» արտահայտությանը, որով Աստծո հրեշտակը վկայում է Մարիամի հոգու վիճակի մասին, որ Նա լի է աստվածային ներկայությամբ, ինչը նշանակում է, որ Նրանում տեղ չկա այլածին տարրի համար, այս դեպքում՝ մեղքի համար: Եկեղեցու Հայրերը Մարիամի՝ շնորհներով լի վիճակը համեմատում էին ջրով լի բաժակի հետ, որի մեջ ոչինչ այլևս լցնել հնարավոր չէ:

     

    Ստորև ներկայացնում ենք սուրբգրական տողեր, որոնցում, թեև բացահայտ ձևակերպումներ չկան անարատ Հղության ճշմարտության մասին, այնուամենայնիվ Եկեղեցու Հայրերը այդ հատվածները դիտարկել են որպես ճշմարիտ ակնկարկություններ՝ Մարիամի գերազանց սրբության մասին. Դրանք պարունակում են ճշմարտություններ, որոնք կարող են մեզ օգնել հասկանալ անարատ Հղության վարդապետությունը:

     

     

    Երեմիայի մարգարեության 31:22-ում գրված է.«Չէ՞ որ Տերը փրկություն է հաստատել նոր ստեղծած վայրում (եբր.տեքստում՝ «Տերը երկրի վրա նոր բան ստեղծեց»), որպեսզի մարդիկ ազատագրված շրջեն այնտեղ»: Այս հատվածում Կաթողիկէ Եկեղեցին տեսնում է Մարիամի՝ որպես կատարելապես Նոր Արարածի, արարման մարգարեությունը, Արարածի, որին մեղքը չի արատավորել: Երգ Երգոց 6:9 համարում գրված է.«Ո՞վ է սա, որ ելնում է ինչպէս առաւօտ, եւ գեղեցիկ է, ինչպէս լուսին, ընտիր, ինչպէս արեգակ՝ զարմանալի յօրինուած» (եբր. բնագրում՝ «ահեղ, ինչպես՝ գնդերը զինանշաններով»)։  Այս տողերում ակնկարկվում է Մարիամի գեղեցկությունը, յուրահատկությունը, զորությունը, որի միջոցով Նա հաղթեց սատանային.Եկեղեցին այս տողերում տեսնում է այն կնոջը, որն իր ոտքով ջախջախում է դարավոր օձի (սատանայի) գլուխը (հմմտ.՝ Ծննդ. 3:15, Հյտն. 12:1):

     

     

    Երեմիայի մարգարեության 1:5-ում գտնում ենք հետևյալը.«…դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ եւ, արգանդից դուրս չեկած, սրբացրի քեզ»: Սա թեև վերաբերում է Երեմիային, բայց կարող է օգնել ընկալել նաև Մարիամի անարատ հղությունը: Եսայու մարգարեության 43:1-2-ում գրված է.«Մի՛վախեցիր, որովհետեւ փրկեցի քեզ եւ կոչեցի քեզ քո անունով, թէ իմն ես։ Եթէ ջրերի միջով անցնես՝ քեզ հետ կը լինեմ, եւ գետերը քեզ չեն խեղդի. եթէ կրակի միջով անցնես՝ չես այրուի, եւ նրա բոցը քեզ չի կիզի»: Սա կարող ենք վերաբերել նախևառաջ Մարիամին.Նա ևս մարդկային մեղավոր սերնդից է, բայց մեղքը Նրան չարատավորեց, որովհետև ի սկզբանէ ընտրյալ Անոթ էր՝ պաշտպանված Աստծո կողմից:

     

     

    Հռոմեացիներին ուղղված նամակում Պողոս առաքյալը գրում է. «Ինչպէս մէկ մարդու յանցանքով բոլոր մարդիկ դատապարտութեան մատնուեցին, նոյնպէս եւ մէկի արդարութեամբ բոլոր մարդիկ պիտի հասնեն կեանքի արդարութեան շնորհին. որովհետեւ, ինչպէս մէկ մարդու անհնազանդութեամբ շատ մեղաւորներ եղան, նոյնպէս եւ մէկի հնազանդութեամբ շատ արդարներ պիտի լինեն։ Բայց օրէնքը մէջտեղ ընկաւ, որպէսզի յանցանքները բազմանան. որովհետեւ, ուր որ մեղքը շատացաւ, շնորհն առաւել եւս շատացաւ» (Հռմ., 5:18-20)։ Թեև այս հատվածում Սբ. Պողոսը խոսում է Ադամի և Քրիստոսի մասին, սակայն նույն կերպ արդարացի է համեմատությունը Եվայի և Մարիամի միջև:

     

     

    Պատմական գծեր և Եկեղեցու Հայրերի վկայությունները

     

    Վաղ քրիստոնեության շրջանում հատուկ հարգանք է եղել Աստվածածնի հանդեպ: Կան արդեն 2-րդ և 3-րդ դարերի գրավոր վկայություններ՝ Աստվածածնին ուղղված աղոթքների մասին: Օրինակ, Նազարեթում պահպանվել է 2-րդ դարով թվագրված հունարեն քարե արձանագրություն՝ «khayre Maria kekharitomene», որը նշանակում է՝ «ողջոյն Քեզ Մարիամ, լի շնորհօք»: Իսկ 3-րդ դարի հռոմեական կատակոմբերում կա պահպանված Աստվածածնի մի պատկեր, որի տակ գրված է.«sub Tuum presidium confugimus!», որը թարգմանվում է.«ընդ հովանեաւ Քո պաշտպանութեան ապաւինիմք»: Վաղ քրիստենության դարերում ձևավորվել են պարականոն ավետարաններ, որոնցում տեղեկություններ կան Աստվածածնի մասին, ինչպես նաև՝ տոներ՝ հիմնված այդ տեղեկությունների վրա: Եկեղեցու Հայրերի մոտ շատ հստակ նկատելի է որդիական սերն առ Աստվածածինն և հասկացողությունը՝ մարդկության և առանձին անհատների փրկության մեջ Աստվածածնի առանձնահատուկ դերի մասին, որն, իհարկե, հիմնված է Ավետարանի և Առաքելական Ավանդության վրա: Այդ ժամանակ դեռևս չկար Անարատ Հղության մասին դոգման, հետևաբար չենք կարող Եկեղեցու այդ շրջանի Հայրերից պահանջել դոգմատիկ բանաձևումներ, որոնք ի հայտ եկան հետագա դարերի ընթացքում և հստակ արտահայտված են Եկեղեցու ներկայիս վարդապետության մեջ: Բայց տեսնում ենք յուրահատուկ կանխազգացումը և հոտառությունը՝ Աստվածածնի գերազանց սրբության: Քանի որ Սուրբ Հոգին անընդհատ գործում է Եկեղեցում՝ բացատրելով աստվածային ճշմարտությունները, Անարատ Հղության ճշմարտությունը չէր կարող միանգամից բացահայտվել ու լրիվությամբ արտահայտվել: Շատ սրբերի համար դժվար էր համարձակորեն արտահայտել այն, ինչ զգում էին հավատքի զգացողությամբ.սրանով է բացատրվում սրբերի մոտ այս ճշմարտության վերաբերյալ տարբեր, նույնիսկ միմյանց հակասող ձևակերպումների գոյությունը:

     

     

    Արևմտյան Եկեղեցում այդ կանխազգացումը հստակ նկատելի է Սբ. Իրինեոս Լուգդոնացու  մոտ ( ով Աստվածածնին անվանում էր «Նոր Եվա» և, հետաքրքիր է, որ համադրում է EVA բառը շրջված AVE (Ողջո՛յն քեզ Մարիամ…(Ղկ., 1:28)) ձևի հետ, ցույց տալով, որ առաջին Եվայի միջոցով աշխարհ մտավ մեղքը, իսկ նոր Եվայի միջոցով՝ փրկությունը և ողորմությունը), նաև՝ Սբ. Օգոստինոսի մոտ: Արևելյան Եկեղեցում այդ մասին հատկապես գրում են Սբ. Եփրեմ Ասորին, Հովհաննես Դամասկացին: Ուշագրավ են նաև հայկական շարականներում առկա ձևակերպումները, օրինակ՝ Աստվածամայրը համեմատվում է

    մաքուր աղավնու հետ, որը բերում է հույսի ավետիսը,

    ամպի սյան հետ, որը առաջնորդում էր Իսրայելի ժողովրդին՝ որպես Աստուծոյ ներկայության գրավական՝ առաջնորդելով իսրայելացիներին դեպի Ավետյաց Երկիր,

    աստվածային պատվիրանների կենդանի տապանակի հետ, որը պահվում էր Տաճարի Սրբություն Սրբոց հատվածում,

    Աստուծոյ տաճարի և Աստուծոյ Բանի աթոռի հետ,

    անկիզելի մորենու հետ,

    ինչպես նաև անվանվում է՝

    Սուրբ Հոգու տաղավար տնօրինության,

    Փափկության Դրախտի բացող բանալի  և այլն:

     

     

    Սբ. Գրիգոր Նարեկացին իր Մատյանի 80-րդ Բանում Աստվածամորը դիմում է հետևյալ բառերով.

    «…հրեշտակ՝ մարդկանց միջից, մարմնատեսիլ քերովբե, եթերի պես ջինջ, լույսի պես մաքուր, գերազանց՝ քան բնակարանն անկոխելի սրբության, երանելի խոստումնավայր, շնչավոր Եդեմ, բոցեղեն հրով պաշտպանված Անմահության Կենաց Ծառ…լուծիչ անիծից, կենաց դեղ…», «…քո կուսության կաթից մեկ կաթիլ, կաթելով իմ մեջ, կյանք է տալիս ինձ» և այլն:

     

     

    Այս խոսքերով Եկեղեցու սուրբ Հայրերը և Վարդապետները դավանում են և արտահայտում այն ճշմարտությունը, որ Աստվածամոր սրբությունը եզակի է և կատարյալ, որ Աստվածամայրը մեղքից պաշտպանված է: Ոչ մի սուրբ չի արժանացել այդպիսի բնորոշումների և համեմատությունների: Սուրբ Կույսի մեջ իրականացավ Աստուծոյ կողմից յուրաքանչյուր մարդու տրված խոստումը, որ ոչ թե մեղքն է երկրիս երեսին վերջին խոսքը, այլ՝ սրբությունը, չարի և մեղքի հանդեպ հաղթանակը: Աստվածածնի մեջ Հայրերը տեսնում են հույս՝ մեղքից ազատագրման, լույսի մի պատուհան՝ փակուղու մեջ: Մարիամին նաև համեմատում են Դավթի հետ, ով պարսատիկի քարով հաղթեց Գողիաթին՝ պատկերացնելով, որ նրա խոնարհությունը, Աստուծոյ կամքի համաձայն, հաղթեց չարի փորձությանը՝ դրանով հիշեցնելով Տիրոջ այն խոստումը, որը տրվեց Եվային՝ Դրախտից արտաքսման ժամանակ առ այն, որ օձը պետք է խայթի նրա գարշապարը, իսկ ինքը պետք է ջախջախի օձի գլուխը: Եվ ինչպես ուժով անհամեմատելիորեն ավելի թույլ Դավիթը հաղթեց Գողիաթին, այդպես էլ՝ Մարիամը, որպես քնքուշ մարդկային էակ, իր խոնարհության, մաքրության և Աստուծոյ հանդեպ լիակատար վստահության զորությամբ հաղթեց սատանային:

     

     

     Ի՞նչ նշանակություն ունի Անարատ Հղության ճշմարտությունը մեզ համար

     

    Ա.

    Հաճախ լսում ենք զարմացական հարցեր, թե ինչ կարևորություն ունի Անարատ Հղության դոգման մեզ համար: Չէ՞ որ Մարիամը անարատ է, իսկ մենք մեղավոր ենք.արդյո՞ք այդ ճշմարտությունը պատնեշ չի դնում մեր և Մարիամի միջև: Պատկերացնենք երկնային գեղեցկությամբ, սպիտակազգեստ մի Կնոջ, ով այնքան գեղեցիկ է, որ չես կարող հայացքդ կտրել նրանից: Մտածենք մի պահ, որ այդ Կինը մեր մայրն է, արդյո՞ք դա մեզ համար երջանկության և հպարտության առիթ չէ, և չե՞նք ուզենա բոլորին մատնացույց անել Նրա գեղեցկությանը՝ մշտապես հիանալով Նրանով: Մենք հասկանում ենք, որ մեղավոր ենք, բայց մեր երջանկության պատճառն այն է, որ Աստված մեզ տվել է մի պաշտպան, բարեխոս, ով Իր առջև փայլում է բոլոր սրբերին գերազանցող սրբությամբ և Ով նաև մեր Մայրն է ու սիրում է մեզ անսահմանորեն: Մեր կյանքում հաճախ է պատահում, որ ուրիշներին գնահատում ենք ըստ մեր այն պատկերացումների, որոնց համար հիմք են ծառայել մեր ընդհանուր ծանոթների կարծիքները և բնորոշումները: Հաճախ երեխաների մասին կարծիք են կազմում ըստ նրանց ծնողներից ստացած տպավորության: Աստված էլ նույն կերպ մեզ ողորմում է՝ նաև ի տես ունենալով Աստվածամոր վաստակը և բարեխոսությունը: Այս համեմատությունները զուտ մեր մարդկային ընկալումների համաձայն են և միայն մասամբ են բացատրում Անարատ Հղության անճառելի խորհուրդը: Կարող ենք եզրակացնել, որ եթե մենք Մարիամին ընդունում ենք որպես մայր, ապա թեև մենք մեղավոր ենք, Նրա սրբությունը քողարկում է մեր մեղավորությունը՝ Աստծո առջև մեզ համար բարեխոսությամբ: Այս ճշմարտության համար հիմք է Հովհաննեսի ավետարանի պատմությունը՝ Կանայի հարսանիքի մասին (Հվհ., 2).Հիսուս հրաշք է գործում՝ ընդառաջելով իր Մոր խնդրանքին: Այդպես էլ մեր իրականության մեջ մոր արժանիքները ծածկում են որդիների թերությունները:

     

     

    Բ. Հաճախ որպեսզի ինքներս մեզ ուժեղ զգանք, մենք խնդրում ենք մեզանից ավելի զորեղի պաշտպանությունը: Իմանալով, որ Աստվածամայրը ջախջախեց սատանայի գլուխը, որ ամբողջ դժոխքը սարսափում է Մարիամից, մենք զորեղ ենք Նրա բարեխոսության, պաշտպանության զորությամբ: Մի օրինակ.երեխան, որը ուզում է վազելով անցնել փողոցը, եթե չբռնի մոր ձեռքը, ապա վտանգում է իր կյանքը: Եվ քանի դեռ բռնում է իր մոր ձեռքը, ապահով է: Հոգևոր կյանքում նույնը մեզ հետ է տեղի ունենում: Մեր հոգու փրկությունը վտանգված է դևերից, աշխարհից և մեր կրքերից: Աստծո կամքով Աստվածամայրը մեզ տրված է որպես պաշտպան՝ սատանայի դեմ, չարի ցանկացած դրսևորման դեմ պայքարում, ուստի Մարիամի հանդեպ որդիական սերը և Նրա օգնությանը դիմելը մեզ հանգստություն և ապահովություն է տալիս ու մեր փրկության գրավականն է: Մեկ խոսքով, Աստվածամոր զորությունը, վաստակը, սրբությունը, հոգեկան գեղեցկությունը աղբյուրն են մեր ներշնչման և ապահովության և մեր հանդեպ Աստծո ողորմության:

     

    Սույն փոքրիկ անդրադարձով ուզում եմ ավելի սիրելի և սրտամոտ դարձնել Անարատ Հղության խորհուրդը՝ կիսելով ձեզ հետ իմ տկար բացատրությունները և մաղթելով, որ Անարատ Կույսի բարեխոսությամբ մեր կյանքն ավելի աստվածահաճո լինի:

     

    10550880_782282551792248_5862927863050124304_n

     

     

    Հ. Պետրոս վրդ. Եսայան

     

     

Օրացույց

Օրացույց