«Մարդը ստեղծված է բարիք գործելու համար»:
Մարտի 13-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ, երբ նշվում է իր քահանայապետության 11-րդ տարեդարձը, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը և այս անգամ խորհրդածեց առաքինությունների մասին:
Նորին Սրբության խոսքերի համաձայն, որոնք կարդաց Պետքարտուղարության աշխատակիցը, մարդու սիրտը կարող է տրվել աղետաբեր կրքերին ու գայթակղություններին, սակայն այն նաև կարող է հակադրել այդ ամենին: Չնայած բոլոր դժվարություններին՝ «մարդը ստեղծված է բարիք գործելու համար, նա կարող է մարզվել այդ արվեստում», որպեսզի որոշ լավ հակումներ նրա մեջ մնայուն դառնան։ Ըստ փիլիսոփայության՝ առաքինի մարդը ուժեղ է, խիզախ, կարգապահության և ճգնության ընդունակ, հավատարիմ իր կոչմանը և ձգտում է կյանքի կոչել իր ողջ ներուժը: Առաքինությունը ձեռք է բերվում մշտական ջանքերի շնորհիվ, սակայն չի կարելի ենթադրել, որ սրբերը «բացառություններ են, հերոսներ, ովքեր ապրում են մարդկային ցեղի սահմաններից դուրս»: Նրանք մարդիկ ենք, ովքեր իրագործել են ամեն մի մարդու կոչումը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.
«Որքա՜ն երջանիկ կլիներ այս աշխարհը, եթե արդարությունը, հարգանքը, փոխադարձ բարյացակամությունը, լայնախոհությունն ու լիահուսությունը դառնային համընդհանուր բնականոն կարգ, այլ ոչ թե հազվադեպ անկանոնություն: Ահա թե ինչու մեր այս ողբերգական ժամանակներում շատ կարևոր են առաքինի արարքները, երբ մենք հաճախ ենք բախվում մարդկային վատագույն դրսևորումների հետ: Մեր խեղաթյուրված աշխարհում պետք է հիշենք, թե մենք ինչպիսին ենք ստեղծվել, Աստծո այն կերպարի մասին, որը հավերժ դրոշմված է մեզանից յուրաքանչյուրի մեջ»։
Նորին Սրբությունը մեջբերում է ճշգրիտ ու հակիրճ սահմանումը Կաթողիկէ Եկեղեցու Քրիստոնեականից. «Առաքինությունը բարին գործելու սովորական ու հաստատ տրամադրությունն է» (n. 1803): Դա ամենևին էլ պատահական բարություն չէ, այլ առաջանում է մարդու դանդաղ հասունացման ընթացքում, մինչև դառնում է նրա ներքին հատկանիշը։ Առաքինությունը ազատության սովորությունն է, որը թույլ է տալիս բարու և չարի միջև ճիշտ ընտրություն կատարել: Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ առաքինություն կարելի ձեռք բերել Աստվածային շնորհի միջոցով է: Արդարև, Սուրբ Հոգին գործում է մեր մեջ ու մեր հոգին առաջնորդում դեպի առաքինի կյանք:
«Քանի քրիստոնյաներ են սրբության հասել արցունքների միջոցով՝ գիտակցելով, որ չեն կարողանում հաղթահարել որոշ թուլություններ։ Սակայն նրանք տեսել են, որ Աստված ավարտին է հասցրել բարի գործը, որն իրենց համար միայն ուրվագիծ էր: Շնորհը միշտ նախորդում է մեր բարոյական պարտավորությանը»։
Նորին Սրբության խոսքերի համաձայն, առաքինությունը կարելի է զարգացնել՝ խնդրելով Սուրբ Հոգու առաջին պարգևը՝ իմաստությունը: Նաև անհրաժեշտ է բարի կամք, այսինքն՝ բարին ընտրելու, ճգնությամբ իրեն դաստիարակելու, ավելորդություններից խուսափելու կարողություն։
Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ է անում քրիստոնյաներին քայլել առաքինությունների «խաղաղ տիեզերքի» ճանապարհով, «որը բարդ է, բայց վճռորոշ մեր երջանկության համար»։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը