«Կոչում. շնորհ և առաքելություն»։
Տիրոջ կոչը պարգև է և միևնույն ժամանակ ավետարանելու պարտականություն, նոր կյանքի և իսկական ուրախության աղբյուր։ Այս մասին գրում է Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը քահանայության և վանականության կոչումների Աղոթքի Համաշխարհային 60-րդ օրվա ուղերձում, որը սովորաբար նշվում է Սուրբ Զատիկից հետո՝ չորրորդ կիրակի օրը, այս անգամ ապրիլի 30-ին: Այս տարվա Աղոթքի Համաշխարհային օրվա թեման է. «Կոչում. շնորհ և առաքելություն»։
Նորին Սրբությունն ընդգծում է, որ քրիստոնյաները կոչված են դուրս գալու գոյութենապաշտության սահմաններից և արձագանքելու մարդկային դրամաններին՝ միշտ գիտակցելով, որ առաքելությունն Աստծո գործն է, որը միայնակ չի իրականացվում է, այլ եղբայրների ու քույրերի հետ միասին՝ Եկեղեցու հովիվների առաջնորդությամբ: Աստծո կոչը բոլորին յուրովի և անսպասելի է հասնում, սակայն միշտ անսահման ստեղծագործությամբ:
Սրբազան Քահանայապետը խոսում է կոչման մասին՝ որպես «Աստվածային ընտրության և մարդկային ազատության փոխազդեցություն», դինամիկ և հուզիչ հարաբերություն Աստծո և մարդու սրտի միջև: Կոչումը նման է Աստվածային սերմի, որն աճում է մեր գոյության հողում, բացում մեր սիրտը Աստծո և այլ մարդկանց առջև, որպեսզի մենք կարողանանք կիսվել մեր գտած գանձերով: Կոչման հիմնարար սկզբունքն այն է, որ Աստված մեզ սիրով է կանչում, և մենք սիրով էլ արձագանքում ենք Նրան: Հետևաբար կանչվածը գիտակցում է, որ ինքը Երկնային Հոր սիրելի զավակն է և մերձավորի մեջ տեսնում է եղբայրների ու քույրերի:
Ըստ Նորին Սրբության խոսքերի, Աստծո կոչը ներառում է գործողությունների ուղղություն, քանզի չկա կոչում առանց առաքելության: Երջանկությունն ու ինքնազարգացումը կախված են նրանից, թե ինչպես ենք մենք առաջարկում մեր մերձավորներին այն նոր կյանքը, որն ինքներս ենք գտել: Աստվածային կոչը առ սերը չի կարող լռեցվել, և Սուրբ Պողոսը բացականչում է. «Վա՜յ ինձ, եթե չհռչակեմ Ավետարանը»: Այսպիսով, քրիստոնեական առաքելությունն է ամենուր ուրախությամբ՝ խոսքերով և գործերով վկայել Հիսուսի հետ մոտիկության մասին, որը գտնվնել է Նրա համայնքում, որը Եկեղեցին է: Այս համընդհանուր առաքելությունը դրսևորվում է նյութական և հոգևոր ողորմության գործերով, հյուրընկալությամբ, հոգևոր մոտիկությամբ, կարեկցությամբ և քնքշությամբ, ինչը խորապես տարբերվում է վատման և անտարբերության ժամանակակից մշակույթից, ընդգծում է Սրբազան Քահանայապետը: Բարի Սամարացու Աստվածաշնչյան օրինակը (տես՝ Ղկ. 10,25-37) արտացոլում է քրիստոնեական կոչման էությունը, որն է ընդօրինակել Հիսուս Քրիստոսին, ով «եկավ ոչ թե, որպեսզի Իրեն ծառայեն, այլ ծառայելու» (Մկ. 10,45):
Նորին Սրբությունն ընդգծում է, որ հունարեն Εκκλησία (Եկեղեցի) բառը նշանակում է Հիսուս Քրիստոսի միսիոներ աշակերտների հավաք, ովքեր ապրում են Նրա սիրով և տարածում այն բոլորի մեջ, որպեսզի Աստծո Արքայությունը գա։ Եկեղեցում ամեն մի քահանա, վանական կամ աշխարհական, իր խարիզմային համապատասխան, սպասավոր է, սակայն յուրաքանչյուր եկեղեցական կոչում բացահայտվում է իր ճշմարտության և հարստության մեջ: Այս առումով Եկեղեցին կոչումների ներդաշնակ սիմֆոնիա է։
Սրբազան Քահանայապետն իր ուղերձն ավարտում է աղոթքով, որը Սբ. Պողոս VI գրել է կոչումների համար Աղոթքի Համաշխարհային առաջին օրվա կապակցությամբ (ապրիլի 11, 1964 թ.).
«Ո՜վ Հիսուս, Աստվածային Հովիվ, Դու կանչեցիր առաքյալներին, որպեսզի նրանց հոգիների որսորդներ դարձնես, կրկին դեպի Քեզ ձգիր երիտասարդների եռանդուն և վեհ միտքը, թող նրանք դառնան Քո հետևորդներն ու ծառաները: Այնպես արա՛, որ նրանք Քեզ հետ կիսեն ողջ մարդկությանը փրկագնելու ցանկությունը, <…> բացի՛ր նրանց առաջ ողջ աշխարհի հորիզոնները <…>, որպեսզի, Քո կոչերին պատասխանելով, նրանք շարունակեն Քո առաքելությունը երկրի վրա, կառուցեն Քո առեղծվածային մարմինը՝ Եկեղեցին և լինեն «երկրի աղը» և «աշխարհի լույսը» (Մտթ. 5,13):
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը