«Զատիկին մարդկությունը տեսնում է իր ճանապարհի նպատակը, տեսնում է իր ճակատագրի իմաստը՝ Հիսուս Քրիստոսին, և կանչված է շտապ հանդիպելու Նրան՝ աշխարհի հույսին»:
Ապրիլի 9-ին՝ Քրիստոսի Սուրբ Հարության տոնին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր ավանդական «Urbi et Orbi» ուղերձով դիմեց հավատացյալներին ու բարի կամքի բոլոր մարդկանց:
Սիրելի՜ եղբայրներ և քույրեր, Քրիստոս հարություն առավ:
Այսօր մենք հռչակում ենք, որ Նա՝ մեր կյանքի Տերը, աշխարհի «հարությունն ու կյանքն» է (տես՝ Հվհ. 11,25): Նա Զատիկն է, որը նշանակում է «անցում», քանզի Հիսուսի միջոցով տեղի ունեցավ մարդկության վճռական անցումը մահից կյանք, մեղքից շնորհի, վախից վստահության, միայնությունից ընկերակցության: Ի սրտե ցանկանում եմ ասել. «Շնորհավոր Սուրբ Զատիկ»։
Թո՛ղ այն ձեզանից յուրաքանչյուրի համար, սիրելի եղբայրներ և քույրեր, լինի անցում վշտից դեպի մխիթարություն, հատկապես հիվանդների և աղքատների, ծերերի և բոլոր նրանց համար, ովքեր ենթարկվում են փորձությունների ու հոգնածություն են զգում: Մենք միայնակ չենք, քանզի Կենդանի Հիսուսը հավիտյան մեզ հետ է։ Թո՛ղ ցնծան Եկեղեցին և ողջ աշխարհը, որովհետև Տերն այսօր մեզ համար բացեց դեպի կյանք տանող մի կամուրջ, և մեր հույսերն այլևս չեն բախվում ու կոտրվում մահվան պատին: Այո՛, եղբայրնե՛ր և քույրե՛ր, Զատիկը փոխեց աշխարհի ճակատագիրը, և այս օրը, որը համընկնում է Քրիստոսի հարության ամենահավանական ամսաթվի հետ, մենք կարող ենք ուրախանալ և անկեղծ ողորմածությամբ տոնել ամենակարևոր և գեղեցիկ օրը պատմության մեջ։
Քրիստոս հարյավ, իսկապես հարյավ, այսպես է հռչակվում Արևելքի Եկեղեցիներում: Christòs anesti: Այն ասում է մեզ, որ հույսը պատրանք չէ, այլ ճշմարտություն: Որ Զատիկից հետո հույսով հատկանշված մարդկության ճանապարհն ավելի արագ է ընթանում։ Սուրբ Հարության առաջին վկաները մեզ դա ցույց են տալիս իրենց օրինակով։ Ավետարանը պատմում է, թե ինչպիսի շտապողականությամբ Զատիկի օրը կանայք «վազեցին Նրա աշակերտներին պատմելու» (Մտթ. 28,8): Եվ այն բանից հետո, երբ Մարիամ Մագդաղենացին «վազեց և եկավ Սիմոն Պետրոսի մոտ» (տես՝ Հվհ. 20,2), Հովհաննեսն ու Պետրոսը «միասին վազեցին» (տես՝ Հվհ. 20,4), որպեզի հասնեին այն վայրը, որտեղ թաղված էր Հիսուսը։ Այնուհետև, Զատիկի երեկոյան, Էմմավուսի ճանապարհին հանդիպելով Հարուցյալին, երկու աշակերտները «անմիջապես ճանապարհ ընկան» (տես՝ Ղկ. 24,33) և արագորեն մի քանի կիլոմետր քայլեցին խավարի մեջ՝ Զատիկի անդիմադրելի ուրախությամբ լցված (տես՝ Ղկ. 24,32): Հենց նույն ուրախությամբ էլ Պետրոսը, երբ տեսավ հարություն առած Հիսուսին Գալիլեայի ծովի ափին, չկարողացավ մնալ նավակի մեջ մյուսների հետ և անմիջապես նետվեց ջուրը, որպեսզի արագ լողա դեպի Նա (տես՝ Հվհ. 21,7)։ Այսպիսով, Զատիկին ճանապարհն արագանում է և վերածվում մրցավազքի, քանի որ մարդկությունը տեսնում է իր ճանապարհի նպատակը, տեսնում է իր ճակատագրի իմաստը՝ Հիսուս Քրիստոսին, և կանչված է շտապ հանդիպելու Նրան՝ աշխարհի հույսին:
Եկե՛ք և մենք կանգնենք փոխադարձ վստահության ճանապարհին՝ վստահություն, որը պետք է լինի մարդկանց, ժողովուրդների և երկրների միջև։ Թո՛ղ մեզ զարմացնի Զատիկի ուրախալի լուրը, լույսը, որը լուսավորում է խավարն ու մութը, որոնց մեջ շատ հաճախ է ընկղմվում աշխարհը:
Եկե՛ք շտապենք հաղթահարել բախումներն ու պառակտումները և սրտաբաց լինենք բոլոր նրանց համար, ովքեր ամենից շատ օգնության կարիք ունեն: Եկե՛ք շտապենք հաստատել խաղաղություն և եղբայրություն: Եկե՛ք ուրախանանք հույսի կոնկրետ նշաններով, որոնք գալիս են մեզ բազմաթիվ երկրներից և հատկապես նրանցից, որոնք օգնություն և ջերմ ընդունելություն են առաջարկում պատերազմից ու աղքատությունից փախչողներին:
Սակայն այդ ճանապարհին դեռ շատ խոչընդոտներ կան, որոնք դժվարացնում ու հոգնեցուցիչ են դարձնում մեր ուղին դեպի հարուցյալ Տերը: Նրան ենք դիմում աղոթքով. օգնիր մեզ վազել դեպի Քեզ: Օգնիր մեզ բացել մեր սրտերը:
Օգնի՛ր սիրելի ուկրաինացի ժողովրդին, որ հաստատի իր խաղաղությունը և Զատիկի լույսը սփռիր ռուս ժողովրդի վրա: Մխիթարի՛ր վիրավորներին և նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին պատերազմի ժամանակ, իսկ գերիներն էլ թող բարեհաջող վերադառնան իրենց ընտանիքներ: Բացի՛ր ողջ միջազգային հանրության սիրտը, որպեսզի չխնայի ջանքեր գործադրել այս պատերազմին և բոլոր հակամարտություններին վերջ տալու համար, որոնք արյունով են ներկում աշխարհը՝ սկսած Սիրիայից, որը դեռ խաղաղության է սպասում։ Աջակցի՛ր Թուրքիայում և նույն Սիրիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից տուժածներին: Աղոթե՛նք նրանց համար, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ու ընկերներին և մնացել անօթևան: Թո՛ղ նրանք մխիթարություն ստանան Աստծուց և օգնություն՝ ազգերի ընտանիքից։
Այս օրը Քեզ ենք վստահում, Տե՛ր, Երուսաղեմ քաղաքը, քո հարության առաջին վկային։ Ես իմ խորը մտահոգությունն եմ հայտնում վերջին օրերի հարձակումների կապակցությամբ, որոնք վտանգի տակ են դնում իսրայելցիների և պաղեստինցիների միջև երկխոսության վերսկսման համար անհրաժեշտ վստահության և փոխադարձ հարգանքի այնքան ցանկալի մթնոլորտը, որպեսզի խաղաղություն տիրի Սուրբ քաղաքում և ողջ տարածաշրջանում։
Տե՛ր, օգնի՛ր Լիբանանին, որը դեռ ձգտում է կայունության և միասնության, որպեսզի կարողանա հաղթահարել իր տարաձայնությունները, և որ նրա բոլոր քաղաքացիները կարողանան միասին աշխատել հանուն երկրի ընդհանուր բարօրության:
Տե՛ր, մի՛ մոռացիր Թունիսի սիրելի ժողովրդին, հատկապես երիտասարդությանը և նրանց, ովքեր տառապում են սոցիալական և տնտեսական խնդիրների պատճառով, որպեսզի նրանք չկորցնեն հույսը և միասին կառուցեն խաղաղ ու եղբայրական ապագա:
Տե՛ր, Քո հայացքն ուղղի՛ր Հայիթիին, որն արդեն մի քանի տարի լուրջ սոցիալ-քաղաքական և հումանիտար ճգնաժամի մեջ է գտնվում, աջակցի՛ր քաղաքական գործիչների և միջազգային հանրության ջանքերին, որպեսզի գտնեն բազմաթիվ խնդիրների մշտական լուծումները, որոնք պատուհասում են երկրի տանջված բնակչությանը։
Ամրապնդի՛ր Եթովպիայում և Հարավային Սուդանում մեկնարկած խաղաղության և հաշտեցման գործընթացներն ու դադարեցրու՛ բռնությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։
Տե՛ր, աջակցի՛ր քրիստոնյա համայնքներին, որոնք այսօր նշում են Զատիկը հատուկ պայմաններում, ինչպես Նիկարագուայում և Էրիթրեայում, և հիշի՛ր բոլոր նրանց, ում թույլ չի տրվում ազատ և հրապարակայնորեն դավանել իրենց հավատքը: Մխիթարություն տու՛ր միջազգային ահաբեկչության զոհերին, հատկապես Բուրկինա Ֆասոյում, Մալիում, Մոզամբիկում և Նիգերիայում:
Օգնի՛ր, Տե՛ր, Մյանմարին, որ քայլի խաղաղության ճանապարհներով և լուսավորիր մեղավորների սրտերը, որպեսզի բազմաչարչար ռոհինջաները գտնեն արդարություն:
Մխիթարի՛ր փախստականներին, տեղահանվածներին, քաղբանտարկյալներին և գաղթականներին, հատկապես ամենախոցելիներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր տառապում են սովից, աղքատությունից և թմրամիջոցների, մարդավաճառության ու ստրկության բոլոր ձևերի վնասակար հետևանքներից: Ոգեշնչի՛ր, Տե՛ր, ազգերի առաջնորդներին, որ ոչ մի մարդ խտրականության ու նվաստացման չենթարկվի, որպեսզի մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ լիակատար հարգանքով՝ բժշկվեն սոցիալական այս աղետները, թո՛ղ ձգտեն քաղաքացիների ընդհանուր բարօրությանը և երաշխավորվեն երկխոսության ու խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ անվտանգությունն ու պայմանները:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկե՛ք և մենք վերագտնենք ճանապարհորդության համը, արագացնենք հույսի զարկերակի բաբախյունը, համտեսենք դրախտի գեղեցկությունը: Եկե՛ք այսօր ուժ քաղենք բարությունից, որպեսզի գնանք դեպի այն Բարին, որը չի հիասթափեցնում։ Եվ եթե, ինչպես գրել է Եկեղեցու հայրերից մեկը, «մեծագույն մեղքը հարության զորությանը չհավատալն է» (Իսահակ Ասորի), ապա այսօր մենք խոստովանում ենք. «Այո՛, մենք համոզված ենք, որ Քրիստոս իսկապես հարություն առավ»: Մենք հավատում ենք Քեզ, Տեր Հիսուս, հավատում ենք, որ Քեզ հետ հույսը վերածնվում է և ճանապարհը շարունակվում է: Դու, կյանքի Տերը, քաջալերում ես մեզ մեր ճանապարհին և կրկնում այն, ինչ ասացիր Զատիկի գիշերը աշակերտներին. «Խաղաղությու՜ն ձեզ: Խաղաղությու՜ն ձեզ: Խաղաղությու՜ն ձեզ» (Հվհ. 20,19-21):
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը