«Հույս ունենալու համար պետք է սնուցել հիշողությունը»:
Ապրիլի 8-ի երեկոյան Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանի բազիլիկայում գլխավորեց «Սուրբ Գիշերվա Զատկական հսկումի» պատարագը, որին ներկա էին 40 կարդինալներ, 25 եպիսկոպոսներ և ավելի քան 200 քահանաներ: Հանդիսավոր պատարագի ժամանակ Նորին Սրբությունը Մկրտության և Սուրբ Հաղորդության խորհուրդները փոխանցեց Իտալիայից, Ալբանիայից, Նիգերիայից, ԱՄՆ-ից և Վենեսուելայից ժամանած ութ չափահաս երեխաներին (մկրտության թեկնածուներին):
Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց տոնական օրվա ավետարանական ընթերցումը (Մտթ. 28,1-10). շաբաթվա առաջին օրվա լուսաբացին սգավոր կանայք գնում են Հիսուսի գերեզման: Նրանց սրտերը կոտրված են իրենց սիրելի Վարպետի մահվան պատճառով: Երբ նրանք տեսան դատարկ գերեզմանը, նրանց կյանքում «տեղի ունեցավ Զատիկը, որը նշանակում է անցում». նրանք ուրախությամբ հետ են վազում և աշակերտներին հռչակում, որ Հիսուս հարություն է առել, որ կա «նոր հանգրվան» և այն Գալիլեան է: «Այնտեղ է նշանակված հանդիպում Հարուցյալի հետ»: «Աշակերտների վերածնունդը, նրանց սրտերի հարությունը տեղի է ունենում Գալիլեայում», – ընդգծեց Նորին Սրբությունը և մանրամասնորեն նկարագրեց աշակերտների այս ճանապարհորդության կարևորությունը:
Ավետարանում ասվում է, որ կանայք «եկան գերեզմանը տեսնելու» (Մտթ. 28,1), նրանք կարծում էին, որ ամեն ինչ ընդմիշտ ավարտված է: Երբեմն նաև մեզ թվում է, որ Հիսուսին հանդիպելու բերկրանքը հեռավոր անցյալում է, իսկ ներկայում կան միայն հիասթափությունների, դառնության ու անվստահության, մահացած հույսի կնքված գերեզմաններ։ Երբ մեզ համակում է ցավը, չարչարում են տխրությունն ու հոգնածությունը, նվաստացնում են մեղքն ու անարդարությունը, երբ մենք զայրացած ենք անհաջողությունից կամ տանջվում ենք անհանգստությունից, ապա այդ ժամանակ մենք զգում ենք հոգնածության դառը համը և տեսնում, թե ինչպես է ուրախությունը մարում սրտում: Երբեմն մենք թուլություն և հուսահատություն ենք զգում չար ուժերի, ընդհարումների, պառակտումների, հասարակության մեջ առկա հաշվարկի տրամաբանության և անտարբերության պատճառով: Մեր սիրելիների մահվանից հետո մենք հեշտությամբ կարող ենք հիասթափվել, որի պատճառով էլ հույսի աղբյուրը ցամաքում է մեր մեջ և մեր ճանապարհներն ավարտվում են գերեզմանների մոտ, մենք լուռ լացում ենք միայնության և անզորության մեջ՝ տալով անպատասխան հարցեր:
Սակայն լուսաբացին կանայք այլ կերպ են վարվում. «Եվ իսկույն, ահով և մեծ ուրախությամբ գերեզմանից դուրս ելնելով՝ վազեցին աշակերտներին պատմելու» (Մտթ. 28,8): Նրանց հռչակումը մեկընդմիշտ կփոխի կյանքն ու պատմությունը. Քրիստոս հարություն առավ (տես՝ Մտթ. 28,6): Հիսուս աշակերտներին Գալիլեա է կանչում, քանզի այնտեղ Նրան կտեսնեն աշակերտները (տես՝ Մտթ. 28,7): «Գնալ Գալիլեա», ընդգծեց Սրբազան Քահանայապետը, նշանակում է «լքել Վերնատունը և գնալ հեթանոսներով բնակեցված շրջանը» (տես՝ Մտթ. 4,15): Սակայն մյուս կողմից էլ սա նշանակում է վերադառնալ ակունքներին, քանի որ ամեն ինչ սկսվեց հենց Գալիլեայում. այնտեղ Տերն առաջին անգամ հանդիպեց և կանչեց Իր աշակերտներին: Հետևաբար «գնալ Գալիլեա նշանակում է վերադառնալ սկզբնական շնորհին, վերագտնել ապագայի հիշողությունը, որը վերածնում է հույսը»։
Տիրոջ Զատիկը, ընդգծեց Նորին Սրբությունը, կոչ է անում առաջ գնալ, մի կողմ նետել պարտության քարը, որի տակ մենք հաճախ թաքցնում ենք հույսը, որովհետև «Քրիստոս հարություն առավ և փոխեց պատմության ընթացքը»։ Սակայն դրա համար անհրաժեշտ է վերապրել Տիրոջ հետ առաջին հանդիպման պահը, երբ մենք վերազգացինք Նրա սերը և նոր, պայծառ հայացքով սկսեցինք նայել ինքներս մեզ, իրականությանը, կյանքի առեղծվածին: «Հույս ունենալու համար պետք է սնուցել հիշողությունը», քանզի միայն այդպես մենք կկարողանանք վերագտնել մեր առաջին սերը, զարմանքն ու ուրախությունը կենդանի, իրական Հիսուսի հետ հանդիպումից, որի շնորհիվ էլ մենք կկարողանանք ավելի առաջ գնալ:
Պետք է հիշել և վերակենդանացնել «մեր սեփական Գալիլեան», խորհուրդ տվեց Սրբազան Քահանայապետը, վերականգնել դրա համատեքստը, ժամանակն ու տեղը, վերապրել հույզերն ու զգացողությունները, հիշել գույներն ու բույրերը։ Պետք է հիշել Սուրբ Հոգու ներշնչման առանձնահատուկ, լուսավոր պահերը, բոցաշունչ աղոթքը, ուխտագնացությունը, խոստովանությունից հետո ներումը… Այն չպետք է մնա անցյալում՝ որպես «թոզ սրտին» ու հույսը թաքցնող տխուր քար։ Այսօր հարություն առած Քրիստոսը հրավիրում է մեզ վերադառնալ Գալիլեա՝ Զատիկը տոնելու և հիասթափության ու անվստահության քարերը ետ գլորելու համար: «Մեղքի և վախի տապանաքարերը դեն նետող Տերը ցանկանում է լուսավորել մեր սուրբ հիշատակը, մեր ամենագեղեցիկ հիշողությունը՝ Իր հետ մեր առաջին հադիպումը վերակենդանացնելու համար», – քարոզի ավարտին ասաց Նորին Սրբությունը.
«Թո՛ղ մեզանից յուրաքանչյուրը վերադառնա իր սեփական Գալիլեա, որտեղ մենք առաջին անգամ հանդիպեցինք Նրան, և թո՛ղ հարություն առնենք մի նոր կյանքի համար»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց Նարիա Բաղդասարյանը