«Հովսեփի խիզախությունը հերոսական է և կատարվում է լռության մեջ»:
Դեկտեմբերի 18-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, խորհրդածեց բարեպաշտ Հովսեփի մասին, որպես հիմք ընդունելով Մատթեոսի Ավետարանից վերցված հատվածի ընթերցումը (1,18-24):
Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հովսեփը հասարակ մարդ էր, ով պատրաստվում էր ամուսնանալ և, հավանաբար, երազում էր հիանալի ընտանիքի, սիրող կնոջ, գեղեցիկ երեխաների, պարկեշտ աշխատանքի մասին։ Սակայն հանկարծ այդ երազանքները փշրվում են, քանի որ նրա նշանածը երեխայի է սպասում ոչ իրենից։ Ի՞նչ պետք է զգար Հովսեփը: Հուսահատություն, ցավ, տարակուսանք, վրդովմունք, հիասթափություն … «Ի՞նչ էր կարող անել Հովսեփը»:
Հին Կտակարանի օրենքը Հովսեփին երկու հնարավորություն էր տալիս. բացահայտել Մարիամի խաբեությունն ու ստիպել նրան վճարել ենթադրյալ անհավատարմության համար, կամ էլ գաղտնի չեղարկել նշանադրությունը՝ առանց Մարիամին վարկաբեկելու, սակայն միևնույն ժամանակ իր վրա վերցնելով ամոթի բեռը։ «Հովսեփն ընտրում է երկրորդ ճանապարհը՝ ողորմածության ճանապարհը», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Հենց այդ կասկածանքի ժամանակ էլ «Աստված նոր լույս է վառում նրա սրտում». Հովսեփն երազում լսում է Տիրոջ հայտնությունն այն մասին, որ Մարիամի զավակը Սուրբ Հոգուց է (տես՝ Մտթ. 1,20-21), և որ հենց ինքն է լինելու մարդկային ցեղի Փրկչի խնամակալը: «Արթնանալով՝ Հովսեփն հասկանում է, որ ամեն մի բարեպաշտ իսրայելացու ամենամեծ երազանքը՝ Մեսիայի հայր դառնալն է, որն իր համար իրականանում է բոլորովին անսպասելի ձևով»: Սակայն այս ծրագիրն իրագործելու համար բավական չէ միայն պատկանել Դավթի սերունդներին և լինել օրենքի հավատարիմ պահապանը, քանի որ Հովսեփը պետք է հրաժարվի իր իսկ սեփական ծրագրերից և երազանքներից, լիովին վստահի Աստծուն, ընդունի Մարիամին և նրա որդուն բոլորովին այլ, անսպասելի ձևով: «Հովսեփի խիզախությունը հերոսական է և կատարվում է լռության մեջ, քանզի նա ապավինում է, ընդունում պատրաստակամությամբ՝ առանց որևէ երաշխիք պահանջելու»:
Նորին Սրբությունը հարց ուղղեց բոլորին. «Ինչի՞ մասին է այսօր Հովսեփը խոսում մեզ հետ», որովհետև մենք էլ ունենք մեր երազանքները։ Միգուցե Սուրբ Ծննդի նախաշեմին ավելի շատ ենք մտածում նրանց մասին և քննարկում: Միգուցե ափսոսում ենք որոշ փշրված երազանքների համար և տեսնում, որ լավագույն սպասելիքները հաճախ բախվում են անսպասելի իրավիճակների հետ, որոնք շփոթմունքի պատճառ են դառնում»: Երբ նման բան է տեղի ունենում, ուրեմն Սբ. Հովսեփը մեզ ցույց է տալիս ճշմարիտ ուղին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.
«Մենք չպետք է տրվենք այնպիսի բացասական զգացմունքների, ինչպիսիք են զայրույթը և վախը, դա սխալ է: Ընդհակառակը, պետք է պատրաստակամությամբ ընդունենք կյանքի անակնկալները և նույնիսկ ճգնաժամերը: Երբ մարդը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, նա չպետք է հապճեպ, բնազդային որոշումներ կայացնի, այլ, ինչպես Հովսեփը, «ամեն ինչ ծանր ու թեթև անի» (տես՝ Մտթ. 1,20), հիմնվելով միայն Աստծո ողորմածության վրա: Երբ մարդը ճգնաժամի մեջ է և չի տրվում զայրույթին ու վախին, դուռն էլ բաց է պահում Աստծո առաջ, ապա Տերը կարող է միջամտել: Նա ճգնաժամերը երազանքների վերածելու մասնագետ է. այո, Աստված ճգնաժամեր է առաջացնում նոր հեռանկարների համար, գուցե ոչ այնպես, ինչպես մենք ենք ակնկալում, այլ այնպես, ինչպես կարող է Ինքը: Եղբայրներ և քույրեր, այդպիսին են Աստծո հորիզոնները. անսահման ընդարձակ և գեղեցիկ, քան մերը: Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ միշտ բաց լինել Աստծո անակնկալների համար»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը