«Չարի դեմ աղոթենք բարության Տիրոջը, մահվան դեմ պետք է լուռ աղոթել կյանքի Աստծուն»:
Հուլիսի 25-ին Կանադա կատարած իր առաքելական այցի սկզբում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ժամանել է Մասկվաչիս բնակավայր, որը գտնվում է Էդմոնտոնից 70 կմ հարավ, որտեղ առավոտյան ժամը 10-ին հանդիպել է բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների հետ և նրանց հետ միասին աղոթել տեղի գերեզմանոցում:
Իր խոսքում Նորին Սրբությունը պարզաբանեց, թե ինչու է իր այս ուխտագնացությունն անվանել ապաշխարության ուխտագնացություն և ինչու այն սկսվեց հենց այս տխրահռչակ վայրից. «Ես եկել եմ ձեր հայրենի հողը՝ իմ ցավն անձամբ կիսելու, Աստծուց ներողություն, բժշկություն և հաշտություն խնդրելու, հոգևոր մոտիկություն ցուցաբերելու համար, որպեսզի ձեզ հետ միասին և ձեզ համար աղոթեմ»: Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ չորս ամիս առաջ Վատիկանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ բնիկ ժողովուրդների պատվիրակները նրան են տվել երկու զույգ մոկասիններ՝ «ի նշան այն տառապանքի, որը բաժին է հասել բնիկ ժողովուրդների երեխաներին, հատկապես նրանց, ովքեր, ցավոք, գիշերօթիկ դպրոցներից այդպես էլ տուն չվերադարձան»: Այս երեխաների հիշատակը տխրություն է պատճառում և հորդորում, որպեսզի սիրով ու հարգանքով վերաբերվենք ամեն մի երեխայի։ Ըստ Նորին Սրբության, այս մոկասինները ցույց են տալիս այն ճանապարհը, որը մենք ցանկանում ենք միասին անցնել, «որպեսզի անցյալի տառապանքներն իրենց տեղը զիջեն ապագայի արդարությանը, բժշկմանը և հաշտեցմանը»:
Սրբազան Քահանայապետի այցելության առաջին փուլը տեղի է ունենում այն հողերում, որտեղ անհիշելի ժամանակներից ապրել են բնիկ ժողովուրդներ. իրենց տարածքները պահպանում են Արարչի տված հողի նկատմամբ հարգանքը, ընտանիքի և համայնքի զգացումի, սերունդների միջև կապի, ծերերին մեծարելու և երիտասարդության հանդեպ հոգատարության հիշատակը։ Բնիկ ժողովուրդներն ունեն «շատ գեղեցիկ սովորույթներ և ուսմունքներ, որոնք սովորեցնում են հոգատարություն ցուցաբերել ուրիշների հանդեպ և սիրել ճշմարտությունը, քաջությունն ու հարգանքը, խոնարհությունը, ազնվությունը և կյանքի իմաստությունը»։
Սակայն տվյալ վայրը մեզ մոտ տխուր հիշողություններ է առաջացնում: Ըստ Նորին Սրբության, նրանք արձագանքում են «ցավոտ ճիչերով, խուլ մռնչյունով», որոնք նրան ուղեկցել են այս ամիսների ընթացքում: Ներկաներից շատերը կրկին վերապրում են իրենց հետ պատահած տառապանքները և ողբերգությունները, երբ հիշեցնում են այդ մասին: Այնուամենայնիվ, պետք է հիշել, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, քանի որ մոռացությունը բերում է անտարբերություն, որն էլ հակասում է կյանքին և սիրուն:
Չպետք է մոռանալ, որ ասիմիլյացիան և իրավազրկման քաղաքականությունը, որը ներառում էր գիշերօթիկ դպրոցները, կործանարար են եղել այս հողերի բնակիչների համար։ Ենթադրվում էր, որ եվրոպացի նորաբնակիչների ժամանումը պետք է լիներ «մշակույթների, ավանդույթների և հոգևորության բեղմնավոր հանդիպում», սակայն դա տեղի չունեցավ։ Բնիկների պատմությունը մեզ ասում է, որ ասիմիլյացիայի քաղաքականությունն ավարտվել է բնիկ ժողովուրդների սիստեմատիկ մարգինալացմամբ, գիշերօթիկ դպրոցներում նրանց լեզուներն ու մշակույթները նսեմացվել և ճնշվել են, նրանց երեխաները ենթարկվել են ֆիզիկական, հոգեբանական և հոգևոր բռնությունների: Փոքրիկներին տանում էին իրենց տներից, որն էլ անջնջելի հետք է թողել ծնողների և երեխաների, տատիկ-պապիկների և թոռների փոխհարաբերությունների վրա, ընդգծեց Նորին Սրբությունը.
«Այսօր ես այստեղ եմ՝ այս երկրում, որը հնագույն հիշողության հետ միասին դեռ պահպանում է բաց վերքերի սպիները։ Ես այստեղ եմ, քանզի ապաշխարության այս ուխտագնացության առաջին քայլը ձեզանից ներում հայցելն ու իմ սրտի խորը վիշտը հայտնելն է. ես ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ, ցավոք, շատ քրիստոնյաներ սատարել են բնիկ ժողովուրդներին կեղեքող տերությունների գաղութատիրական մտածելակերպին: Ինձ համար սա շատ ցավալի է: Մասնավորապես, ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ Եկեղեցու և վանական համայնքների շատ անդամներ, թեկուզ իրենց անտարբերությամբ, համագործակցել են տվյալ ժամանակի իշխանությունների կողմից մշակույթի ոչնչացմանը և բռնի ասիմիլյացիային, որի գագաթնակետն եղավ գիշերօթիկ դպրոցների հիմնադրումը»:
Չնայած քրիստոնեական գթության և երեխաների հանդեպ հավատարմության բազմաթիվ հատկանշական դրսևորումներին, «Գիշերօթիկ դպրոցների քաղաքականության ընդհանուր հետևանքներն աղետալի են եղել. դա կործանարար սխալ էր, որն անհամատեղելի էր Հիսուս Քրիստոսի Ավետարանի հետ»: Եկեղեցին ծնկի է իջնում Աստծո առաջ և ներում խնդրում իր զավակների մեղքերի համար, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. «Ես խոնարհաբար ներողություն եմ խնդրում այն չարիքի համար, որ այդքան շատ քրիստոնյաներ արել են բնիկ ժողովուրդների հանդեպ»:
Ներողություն խնդրելը, ամենևին էլ վերջնանպատակը չէ, այլ միայն առաջին քայլն է, միաժամանակ շատ կարևոր է «ճշմարտության լուրջ որոնումներն անցյալում և գիշերօթիկ դպրոցների տուժած մարդկանց օգնելը, որպեսզի նրանք բժշկվեն անցյալում ստացած վերքերից»: Անհրաժեշտ է, որ քրիստոնյաներն ու այս աշխարհի ողջ հասարակությունը ընդունեն և հարգեն բնիկ ժողովուրդների ինքնությունն ու փորձառությունը: Նորին Սրբությունը վստահեցրեց որ շարունակելու է քաջալերել բոլոր կաթողիկենէրի մտերմությունը բնիկ ժողովուրդների հետ։ «Գործընթացներ, որոնք պետք է ներթափանցեն մարդկանց սրտերը, իմ ներկայությունն այստեղ և կանադացի եպիսկոպոսների ջերմեռանդությունը վկայում են այս ճանապարհով գնալու ցանկության մասին»:
«Այսօր ես այստեղ եմ, որպեսզի հիշեմ անցյալը, սգամ ձեզ հետ միասին, լուռ նայեմ գետնին և աղոթեմ շիրիմներին», ընդգծեց Սրբազան Քահանաայապետը: Չարի դեմ աղոթենք բարության Տիրոջը, մահվան դեմ պետք է լուռ աղոթել կյանքի Աստծուն: Հիսուս Քրիստոսն անհույս գերեզմանը վերածեց «վերածննդի և հարության վայրի, որտեղից սկսվեց նոր կյանքի և համընդհանուր հաշտության պատմությունը»: Բուժման և հաշտեցման համար միայն մեր ջանքերը բավարար չեն: Մեզ անհրաժեշտ է «Սուրբ Հոգու խոնարհ և զորեղ իմաստությունը, Մխիթարիչի քնքշությունը», որը կօգնի մեզ միասին քայլել», – իր խոսքի ավարտին ասաց Նորին Սրբությունը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը