• Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքը՝ Կաթողիկէ Ընտանիքի Խորհրդի ներկայացուցիչ

    Միջին Արևելքի Եկեղեցիների Խորհուրդը հիմնվել է 1974թ.-ին՝ Նիկոսիայում, այժմ աթոռը գտնվում է Բեյրութում։ Խորհրդի նպատակն է դյուրացնել Մերձավոր Արևելքի քրիստոնեական համայնքների մերձեցումը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և նպաստել դավանանքային հակամարտությունների հաղթահարմանը: Միջին Արևելքի Եկեղեցիների Խորհրդի մաս են կազմում մոտ երեսուն եկեղեցիներ և եկեղեցական համայնքներ, որոնք պատկանում են չորս տարբեր քրիստոնյա «ընտանիքների»՝ կաթողիկէ, ուղղափառ, արևելյան ուղղափառ և ավետարանական:


    Միջին Արևելքի Եկեղեցիների Խորհրդի Ընդհանուր Ժողովը, որ այս օրերին ընթանում է Կահիրեում՝ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքին ընտրեց Խորհրդի մեջ Կաթողիկէ Ընտանիքի ներկայացուցիչ։

     

    Ամենապատիվ Հոգևոր Տերը Կահիրե էր մեկնել անցյալ շաբաթ` մայիսի 14-ին և Լիբանան կվերադառնա վաղը՝ մայիսի 21-ին:

     

    Հոգևոր Տիրոջը ուղեկցում և նրա հետ միասին Միջին Արևելքի Եկեղեցիների Խորհրդի Ընդհանուր ժողովի նիստերին է մասնակցում Բերիո թեմի Առաջնորդ՝ Գերապայծառ Պետրոս Արքեպիսկոպոս Միրիաթյանը:

     

    Կահիրեում գտնվելու ընթացքում, Ամենապատիվ Հոգևոր Տերը առիթ ունեցավ նաև այցելելու Եգիպտոսի Հայ Կաթողիկէ Կահիրեի թեմ, և, կիրակի, մայիսի 15-ի երեկոյան ժամը 6:30-ին, Մասր ըլ-Ժետիտեի Սուրբ Թերեզայի և Հիսուս Մանկան եկեղեցում հանդիսապետեց Սուրբ Պատարագը:

     

    Անցյալ երեքշաբթի՝ մայիսի 17-ին, Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքը, Միջին Արևելքի Եկեղեցիների Խորհրդի (ՄԱԵԽ) 12-րդ համաժողովին մասնակցող հոգևոր առաջնորդների հետ միասին, այցելեց Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին, իսկ երկուշաբթի՝ մայիսի 16-ին, վերոնշյալ ժողովի բացման նիստի առթիվ՝ Ամենապատիվ Հոգևոր Տերը ներկայացրեց զեկույց, որը կենտրոնացրեց միասնականության կարևորության վրա՝ հաստատելով, որ «Հիսուս գլուխն է Եկեղեցու և ուզում է, որ մենք լինենք մեկ մարմին»։

    Միջին Արևելքի Եկեղեցիների Խորհուրդն իր ընդհանուր հավաքը գումարում է յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ՝ քննարկելու Միջին Արևելքի մեջ քրիստոնյաների ներկայությանը վերաբերող հարցեր։ Համավարակի պատճառով, 12-րդ համաժողովը երկու տարով հետաձգվել էր։

     

    Միջին Արևելքի Եկեղեցիների Խորհուրդը հիմնվել է 1974թ.-ին՝ Նիկոսիայում, այժմ աթոռը գտնվում է Բեյրութում։ Խորհրդի նպատակն է դյուրացնել Մերձավոր Արևելքի քրիստոնեական համայնքների մերձեցումը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և նպաստել դավանանքային հակամարտությունների հաղթահարմանը: Միջին Արևելքի Եկեղեցիների Խորհրդի մաս են կազմում մոտ երեսուն եկեղեցիներ և եկեղեցական համայնքներ, որոնք պատկանում են չորս տարբեր քրիստոնյա «ընտանիքների»՝ կաթողիկէ, ուղղափառ, արևելյան ուղղափառ և ավետարանական:

     

    ՄԱԵԽ-ի այս տարվա հավաքի բնաբանը քաղված է Մատթեոսի Ավետարանից և ներկայացնում է Հիսուսի խոսքերը՝ ուղղված Իր աշակերտներին, երբ վերջիններս տարուբերվում էին փոթորիկի մեջ. «Քաջություն, ես եմ՝ մի՛ վախեցեք»։

     

    Վերոնշյալ հավաքին, բացի Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքից, իրենց մասնակցությունը բերեցին նաև՝ Քաղդեացիների Պատրիարք՝ Կարդինալ Լուիս Ռաֆայել Սաքոն, Օրթոդոքս Ասորիների Պատրիարք Մար Ինիացիոս Էֆրեմը, Անտիոքի Հույն Օրթոդոքս Պատրիարք Յոհաննա Ժ.-ն, Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Կաթողիկէ Մելքիթների Պատրիարք Յուսեֆ Ա. Ապսին, Ասորի Կաթողիկէների Պատրիարք Յուսեֆ Գ. Յունանը և Երուսաղեմի Լատինների Պատրիարք՝ Գերերջանիկ Պիերբաթթիստա Պիցցապալլան։

     

    Աղբյուրը՝ Վատիկան Նյուզի Հայկական Բաժին

     

Օրացույց

Օրացույց