Մի հասարակությունում, որն ամենից առաջ զգայուն է հաճույքի նկատմամբ, կորչում է ուշադրությունը խոցելի խավի նկատմամբ և գերակշռում է հաղթողների մրցակցությունը, այսպես է անհետանում զգայունությունը:
Մարտի 30-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց իր խորհրդածությունները ծերության մասին՝ հիշատակելով Սիմեոն և Աննա ծերերին, ովքեր մեզ ծանոթ են Տիրոջ ընծայումը տաճարին ավետարանական պատմությունից:
Իրենց երկարատև կյանքի ընթացքում այս բարեպաշտ մարդիկ սպասում էին Մեսսիային, Փրկչին և ի վերջո Նրան տեսան Մանուկ Հիսուսի մեջ, Ով լցրեց նրանց Աստվածային մխիթարությամբ: Ուժեղ կամքով այս երկու ծերունիները շատ բան կարող են սովորեցնել, ընդգծեց Նորին Սրբությունը. «Ամենից առաջ մենք սովորում ենք, որ սպասման հավատարմությունը մաքրում է զգայարանները»: Եկեղեցական ավանդույթի համաձայն, Սուրբ Հոգին լուսավորում է քրիստոնյայի զգացմունքները, չնայած տարիքի հետ մարմնական զգայարանները թուլանում են։ Սակայն ծերությունը, «որն իրեն մարզում է՝ սպասելով Աստծո այցին», առավել պատրաստ է ճանաչել Աստծո և Հիսուս Քրիստոսի նշանները, որը և մեծ ուրախությամբ անում է: Այսօր մենք հատկապես դրա կարիքն ունենք, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, քանզի «հոգևոր անզգայացումը՝ մարմնական զգացմունքների ակտիվացման պատճառով, հասարակության մեջ լայնորեն տարածված ախտանիշն է, որն էլ առաջացնում է հավերժական երիտասարդության պատրանքը, որի ամենավտանգավոր հատկանիշը անգիտակից լինելն է, երբ մարդը չի գիտակցում, որ անզգայացած է»:
Երբ մարդը կորցնում է շոշափելու կամ համի զգացողությունը, դա անմիջապես գիտակցում է, սակայն հոգու անզգայունությունը հնարավոր է շատ երկար ժամանակ չնկատել, ընդգծեց Նորին Սրբությունը, և այստեղ խոսքը կրոնի մասին չէ, այլ ուրիշների հանդեպ ունեցած «կարեկցանքի և խղճահարության, ամոթի և ապաշխարության, հավատարմության և նվիրվածության, քնքշանքի և պատվի, պատասխանատվության և ցավի» մասին:
«Մի հասարակությունում, որն ամենից առաջ զգայուն է հաճույքի նկատմամբ, կորչում է ուշադրությունը խոցելի խավի նկատմամբ և գերակշռում է հաղթողների մրցակցությունը, այսպես է անհետանում զգայունությունը: Անշուշտ, ներառման հռետորաբանությունը ցանկացած քաղաքական հարգալից քննարկման ծիսական բանաձևն է։ Սակայն սա դեռ չի հանգեցրել համատեղ կյանքի իրական նորմալացմանը»։
Իրական կյանքում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, մենք կարող ենք հիանալ բազմաթիվ երիտասարդներով, «ովքեր կարողանում են լիովին պատվել այդ եղբայրությանը»։ Սակայն մի խնդիր կա, որը պառակտումն է «սոցիալական քնքշության կենարար ուժի» վկայության և հարմարվողականության միջև, որը ստիպում է երիտասարդներին լրիվ ուրիշ պատմություններ պատմել։ Այն հաղթահարելու համար անհրաժեշտ է վերադառնալ Սիմեոն և Աննա սրբերի օրինակին, ովքեր զգայուն էին Սուրբ Հոգու նկատմամբ. նրանք կարողացան առաջին անգամ տեսած մանուկի մեջ ճանաչել «Աստծո այցելության հաստատուն նշանը»: Այդ տարեց բարեպաշտ մարդիկ խոստովանում են, որ իրենք «գործող անձիք չեն, այլ միայն վկաներ են». Աստված մարմին է առնում ոչ թե իրենց սերնդի մեջ, այլ՝ հաջորդ: Սակայն դա նրանց մոտ ոչ մի վրդովմունք և նախատինք չի առաջացնում, այլ՝ մեծ մխիթարություն, որովհետև «նրանց սերնդի պատմությունը չի կորել հենց այս իրադարձության պատճառով, որը մարմին կառնի և կդրսևորվի հաջորդ սերնդի մեջ», ընդգծեց Նորին Սրբությունը.
«Միայն հոգեպես հասուն մարդը կարող է նման խոնարհ և հիանալի վկայություն տալ՝ այն դարձնելով հեղինակավոր և օրինակելի բոլորի համար»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը