«Ծերությունը միանգամայն ընդունակ է հասկանալու հաճույքով տարված և բովանդակությունից զուրկ նման անբարոյական կյանքերի բոլոր ստերը»։
2022թ. մարտի 16-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց խոսել ծերության մասին և ասաց, որ տարեցների կոչումն է օգնել հասարակությանը պահպանել բարոյական սկզբունքները։
Համաշխարհային ջրհեղեղի մասին աստվածաշնչյան պատմությունը հանգեցնում է պարադոքսալ մտորումների, ընդգծեց Նորին Սրբությունը. «Արդյո՞ք մենք նույնպես, չարի առաջ անզորության զգացումով տոգորված, երբեմն չենք մտածում, որ ավելի լավ կլիներ, որ ծնված չլինեինք: Արդյո՞ք կարող ենք վստահել նորահայտ որոշ տեսությունների, որոնք դատապարտում են մարդկային ցեղը և էվոլյուցիոն առումով վնասակար համարում մեր մոլորակի կյանքի համար»: Մենք հակառակ միտումների ճնշման տակ ենք. մի կողմից հավերժ երիտասարդության լավատեսությունը, որը ջերմանում է տեխնոլոգիայի արագ առաջընթացից, մյուս կողմից էլ մենք ավելի ու ավելի ենք մտածում ինչ-որ վերջնական աղետի մասին, որը կհանգեցնի մարդկության մահվանը: Ջրհեղեղի խորհրդանիշը կարծես ավելի է ամրապնդվում մեր անգիտակից վիճակում, և այդ առումով ներկայիս համաճարակը զգալիորեն ազդել է կյանքի ու ճակատագրի մասին կարևոր նշանակություն ունեցող մեր անհոգ պատկերացումների վրա, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
Աստվածաշնչյան պատումում՝ ջրհեղեղից երկրի վրա կյանքը փրկելու համար, Աստված վստահում է բոլորից տարեց բարեպաշտ Նոյին: Արդյո՞ք ծերությունը փրկում է աշխարհը և ի՞նչ իմաստով: Այս ամենը պարզաբանել մեզ օգնում է Հիսուսի խոսքը, որը հիշատակում է «Նոյի օրերի մասին». «Ինչպես եղավ Նոյի օրով, այնպես էլ կլինի և մարդու Որդու օրով: Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, և ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց» (Ղկ. 17,26-27): Սակայն ուտել-խմելը, կին առնելն ու մարդու գնալը նորմալ և բնական է, և այս ամենը բարոյական անկման օրինակ չի թվում։ Ո՞րն է սրա իմաստը: Մարդիկ, բավարարվելով կյանքը վայելելով, հեռանում են բարոյական չափանիշներից՝ կորցնելով արժանապատվությունն ու կյանքի իմաստը, ընդգծեց Նորին Սրբությունը: Ցավոք սրտի, բարոյական անկումը կարող է նորմա դառնալ, որի համար ճանապարհ է հարթում անհոգությունը, երբ միայն քո սեփական անձի մասին ես հոգ տանում, այն թուլացնում է պաշտպանությունը և բթացնում խիղճը.
«Ծերությունը միանգամայն ընդունակ է հասկանալու հաճույքով տարված և բովանդակությունից զուրկ նման անբարոյական կյանքերի բոլոր ստերը. կյանք առանց իմաստի, առանցի զոհաբերության, առանց գեղեցկության, առանց ճշմարտության, առանց արդարության, առանց սիրո: Տարեցների հատուկ զգայունությունը ուշադրության, հոգատարության և գուրգուրանքի նկատմամբ, որոնք մեզ դարձնում են մարդ, կրկին պետք է դառնա կոչում բոլորի համար: Եվ դա կլինի նոր սերունդի հանդեպ տարեցների սիրո նշանը»։
Նոյը բեղմնավոր ծերության օրինակ է, քանի որ նա չի դժգոհում, չի նախատում, այլ մտածում է վտանգի տակ գտնվող սերնդի ապագայի մասին։ Նա տապան է շինում և մարդկանց ու կենդանիներին ներս թողնում։ Հոգալով կյանքի մասին իր բոլոր դրսևորումներով՝ Նոյը կատարում է Աստծո պատվիրանը: Նոյի կոչումը անշեղորեն մնում է արդիական, և նա դեռ պետք է բարեխոսի մեզ համար, իր խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը