• Իշխանության մոլուցքը ստրկացնում է

    Ո՛չ մի փոխզիջում չարի հետ, ո՛չ մի երկխոսություն սատանայի հետ:


    2022թ. մարտի 6-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Մեծ Պահքի կիրակնօրյա ավետարանական ընթերցման ժամանակ մեկնաբանեց մի հատված Ղուկասի Ավետարանից:

     

    Օրվա ավետարանական ընթերցումը մեզ տանում է դեպի անապատ, ուր Հիսուս առաջնորդվել էր Սուրբ Հոգով: Այնտեղ Հիսուս քառասուն օր փորձվում է սատանայի կողմից (տես՝ Ղկ. 4, 1-13), հիշեցրեց Նորին Սրբությունը. «Հիսուս ևս փորձվել է սատանայի կողմից, և Նա ուղեկցում է մեզ բոլորիս մեր փորձությունների ժամանակ: Անապատը խորհրդանշում է պայքարը չարի գայթակղությունների դեմ, որպեսզի սովորենք ընտրել իրական ազատությունը: Իսկապես, Հիսուս փորձվում է անապատում Իր հրապարակային առաքելության մեկնարկից անմիջապես առաջ: Հենց այս հոգևոր պայքարի միջոցով է Նա վճռականորեն հաստատում, թե ինչպիսի Մեսիա է նա մտադիր լինել»:

     

    Ի՞նչ գայթակղության ենթարկվեց Հիսուս: Սատանան երկու անգամ դիմում է Նրան հետևյալ խոսքերով. «Եթե Աստծո Որդի ես…» (տես՝ Ղկ. 3, 9): Միևնույն ժամանակ սատանան առաջարկում է Հիսուսին օգտվել Իր դիրքից՝ սկզբում քաղցը հագեցնելու, ապա իշխանությունն ընդլայնելու համար, և վերջապես, Աստծուց մեծ նշան ստանալու համար: Սատանան կարծես ասում է. «Եթե Աստծո Որդի ես, ապա օգտվի՛ր դրանից»: Մեզ նույնպես ծանոթ են այս գայթակղությունները. «քանի որ դու զբաղեցնում ես այդ պաշտոնը, ուրեմն օգտվի՛ր քո այդ դիրքից: Բաց մի թո՛ղ այդ հնարավորությունը», այսինքն «մտածի՛ր քո շահի մասին»: Սա գայթակղիչ առաջարկ է, սակայն ստրկացնում է սիրտը, քանզի ստիպում է մտածել միայն տիրելու, իշխելու և փառքի արժանանալու մասին: Ահա հենց սա էլ գայթակղությունն է՝ «կրքերի թույնը», որի մեջ արմատավորվում է չարը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, պարզաբանելով, որ մեր գայթակղությունները միշտ գործում են կրքերի միջոցով։

     

    Սակայն Հիսուս հաղթականորեն դիմադրում է չարի փորձությանը, շարունակեց Նորին Սրբությունը.

     

    «Ինչպե՞ս է Նա դա անում: Նա Աստծո Խոսքով է պատասխանում գայթակղություններին, որն ասում է, որ մարդ չի կարող օգտվել իր դիրքից, չի կարող օգտագործել Աստծուն, այլ մարդկանց և իրերը իր նպատակների համար: Քանզի իսկական երջանկությունն ու ազատությունը ոչ թե տիրելն է, այլ կիսվելը, ոչ թե ուրիշներին շահագործելը, այլ` նրանց սիրելը, ոչ թե իշխանության ձգտումն է, այլ` ծառայության ուրախությունը»:

     

    Այս գայթակղությունները մեզանից յուրաքանչյուրին ուղեկցում են` մեր կյանքի ճանապարհն անցնելիս, ասաց Սրբազան Քահանայապետը և զգուշացրեց, որ մենք պետք է ուշադիր լինենք դրանց նկատմամբ, քանի որ այդ գայթակղությունները բարության քողով են ծածկված. սատանան խորամանկ է, նա միշտ օգտագործում է խաբեությունը: Այսպիսով, նա փորձում էր համոզել Հիսուսին, որ իր առաջարկներն հեշտությամբ կարող էին ապացուցել, որ Նա իսկապես Աստծո Որդին է:

     

    Հիսուս երբեք չի խոսում սատանայի հետ, ընդգծեց Նորին Սրբությունը, քանզի Նա կամ դիվահարներին էր ազատում նրանից, կամ էլ, ինչպես այս դեպքում է, նրան Աստծո Խոսքով էր պատասխանում, այլ ոչ թե Իր խոսքով:

    «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, երբեք չերկխոսեք սատանայի հետ, քանզի նա մեզանից խորամանկ է, – նախազգուշացրեց Սրբազան Քահանայապետը: – Միշտ Աստծո Խոսքով առաջնորդվեք և ծայրահեղ դեպքում միայն Աստծո Խոսքով պատասխանեք: Այդ դեպքում մենք չենք սխալվի»:

     

    Սատանան հաճախ մեզ հայտնվում է «հեզ հայացքով», «հրեշտակային դեմքով», իր գայթակղությունների համար նա օգտագործում է նույնիսկ ամենասուրբ, կրոնական դրդապատճառները, շարունակեց Նորին Սրբությունը.

     

    «Եթե ​​մենք ենթարկվում ենք նրա գայթակղություններին, ապա ի վերջո արդարացնում ենք մեր իսկ կեղծավոր լինելը՝ քողարկելով այն բարի նպատակներով. «այո, ես տարօրինակ գործարքներ եմ կնքել, բայց օգնել եմ աղքատներին», «այո, ես օգտվեցի իմ պաշտոնից՝ քաղաքական գործիչ, կառավարիչ, քահանա, եպիսկոպոս, բայց`հանուն բարի նպատակների», «այո, ես ենթարկվել եմ իմ բնազդներին, բայց ոչ ոք դրանից չի տուժել», և նման արդարացումներն անվերջ են: Խնդրում եմ, հիշեք. ո՛չ մի փոխզիջում չարի հետ, ո՛չ մի երկխոսություն սատանայի հետ: Մենք չպետք է գայթակղությամբ երկխոսենք, չպետք է ընկղմվենք խղճի այդ քնի մեջ, որը ստիպում է մեզ ասել. «Լավ է, դա այնքան էլ վախենալու չէ, բոլորն էլ այդպես են անում»: Եկե՛ք նայեք Հիսուսին, Ով չի ձգտում հարմարվել, չարի հետ պայմանագիր չի կնքում: Նա դիմադրում է սատանային Աստծո Խոսքով, որն ավելի ուժեղ է, քան սատանան, դրա համար էլ հաղթահարում է փորձությունները»:

     

    «Թո՛ղ Մեծ Պահքի այս ժամանակահատվածը մեզ համար դառնա անապատ»,- հորդորեց Սրբազան Քահանայապետը: – Եկե՛ք ժամանակ գտնենք լռության և աղոթքի համար, կանգ առնենք և տեսնենք, թե ինչն է անհագստացնում մեր սրտերին, լսենք մեր ներքին ճշմարտությունը, որը, ինչպես մենք գիտենք, չի կարող արդարացվել: Ներքին պարզություն ձեռք բերենք՝ աղոթքով միշտ Աստծո Խոսքի մեջ լինելով, որպեսզի մեր մեջ բարի պայքար տեղի ունենա մեզ ստրկացնող չարի դեմ՝ պայքար հանուն ազատության»։

     

    «Խնդրե՛նք Սուրբ Կույս Մարիամին, որպեսզի ուղեկցի մեզ Մեծ Պահքի այս անապատում և օգնի դարձի, ապաշխարության ճանապարհին», – խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

     

Օրացույց

Օրացույց