• Քրիստոնեական կյանքի արմատական նորությունը՝ Գաղատացիներին ուղղված նամակում

    «Մենք՝ քրիստոնյաներս, կյանքում առաջ ենք գնում՝ Աստծո խոստմանը նայելով: Հենց այդ խոստումն է, որ մեզ դրդում է շարժվել առաջ՝ Տիրոջը հանդիպելու համար»


    Պողոս առաքյալի թուղթը Գաղատացիներին ներկայացնում է «քրիստոնեական կյանքի արմատական ​​նորությունը», – ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ օգոստոսի 11-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ՝ Վատիկանի «Պողոս VI» սրահում. «Բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, կանչված են Սուրբ Հոգով ապրելու համար. Սուրբ Հոգին ազատում է Օրենքից և միևնույն ժամանակ կատարում է Օրենքը՝ ըստ սիրո պատվիրանի»:

     

    Նորին Սրբությունը խոսեց Մովսեսի Օրենքի մասին: «Իսկ արդ, ինչի՞ համար է օրենքը» (Գաղ. 3,19): Եկե՛ք Սբ. Պողոսի հետ միասին խորհրդածենք այդ մասին՝ Սուրբ Հոգով ոգեշնչված քրիստոնեական կյանքի նորությունը հասկանալու համար», – հավատացյալներին ասաց Սրբազան Քահանայապետը: Առաքյալը գրում է. «Իսկ եթե Հոգով եք առաջնորդվում, ապա Օրենքի տակ չեք» (Գաղ. 5,18): Սակայն չարակամ անձինք պնդում էին, որ փրկվելու համար գաղատացիները պետք է հետևեն Մովսեսի օրենքին: Առաքյալը համաձայն չէ, քանզի այդպիսի բեռն ավելորդ է, և այդ մասին նա համաձայնության եկավ Երուսաղեմի մյուս առաքյալների հետ: Պողոսը լավ է հիշում Պետրոս առաքյալի խոսքերը, երբ նա ասաց. «Արդ, ինչու՞ եք փորձում Աստծուն՝ աշակերտների վզին դնելով մի լուծ, որը ո՛չ մեր հայրերը, և ո՛չ էլ մենք կարողացանք տանել» (Գործք  15,10): Երուսաղեմի առաջին ժողովում ընդունված դրույթները բավականին հստակ էին. «Հաճելի թվաց Սուրբ Հոգուն և մեզ՝ ավելի ոչ մի բեռ չդնել ձեզ վրա, բացի այս կարևորներից. այն է՝ հեռու մնալ կուռքերին զոհված կերակուրներից և արյունից, խեղդամահ արված կենդանիներից ու պոռնկությունից» (Գործք 15,28-29):

     

    Օրենքի մասին խոսելիս՝ Պողոս առաքյալը սովորաբար ի նկատի ունի Մովսեսի Օրենքը, պարզաբանեց Նորին Սրբությունը: Օրենքը կամ Թորան, ըստ Հին Կտակարանի տարբեր տեքստերի, մի շարք պատվիրանների և նորմերի ժողովածու է, որոնց իսրայելացիները պետք է հավատարիմ մնան՝ Աստծո հետ Ուխտի ուժով: Օրենքն Աստված է տվել Իր ժողովրդին՝ մարդկանց կռապաշտությունից և հեթանոսությունից զերծ պահելու համար: Սակայն նրանց, ովքեր պնդում էին, որ գաղատացիները պետք է հետևեն Օրենքին՝ «Աստծո զայրույթը չառաջացնելու համար», Պողոսը պատասխանում է. Մովսեսի Օրենքի և Աստծո Ուխտի պահպանումը «ոչ մի կապ չունեն միմյանց հետ»:

     

    «Աբրահամի հետ կնքած Աստծո ուխտը հիմնված էր խոստման կատարման հավատքի վրա, այլ ոչ թե Օրենքի պահպանման, որն այդ ժամանակ դեռ գոյություն չուներ»,- ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Այն տրվել է միայն 430 տարի հետո՝ Մովսեսի միջոցով, «Օրենքն Ուխտի մաս չէ»: Այնուամենայնիվ, ընդգծեց Նորին Սրբությունը, որ հեթանոսների առաքյալը բոլորովին դեմ չէ Օրենքին. «Իր ուղերձներում նա բազմիցս պաշտպանում է դրա Աստվածային ծագումը և պնդում, որ Թորան հստակ սահմանված դեր է խաղում փրկության պատմության մեջ»: Սակայն, Օրենքի և Ուխտի փոխհարաբերությունների այս հարցում կա մի հատուկ ասպեկտ, որը բացահայտում է Սբ. Պողոսը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Օրենքը կյանք չի տալիս, խոստման կատարում չի առաջարկում, քանի որ ի վիճակի չէ այն կատարել: Օրենքը ճանապարհ է, որը տանում է դեպի հանդիպում: Պողոս առաքյալը կարևոր խոսք է օգտագործում. Օրենքը դեպի Քրիստոսը տանող «ուսուցիչ» է, ուսուցիչ, ով ձեռքը բռնած տանում է հանդիպման: Կյանք փնտրողները պետք է նայեն խոստմանը և Քրիստոսով՝ դրա կատարմանը: Սա շատ կարևոր խոսք է. Աստծո Ժողովուրդ, մենք՝ քրիստոնյաներս, կյանքում առաջ ենք գնում՝ Աստծո խոստմանը նայելով: Հենց այդ խոստումն է, որ մեզ դրդում է շարժվել առաջ՝ Տիրոջը հանդիպելու համար»:

     

    Խորհրդածության ավարտին՝ դիմելով ֆրանսախոս ուխտավորներին, Նորին Սրբությունը խոր ցավակցություն հայտնեց քահանա Օլիվյե Մէրի սպանության կապակցությամբ, ով Մոնֆորթանի միաբանության մեծավորն էր և սպանվել էր օգոստոսի 9-ին Ֆրանսիայում:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց