«Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակվում են միասին» (Սղմ. 132, 1)
Մեր համայնքում կազմակերպեցինք հոգևոր կրթություն՝ երիտասարդ տղաների համար: Սա մեր առաջին փորձն է: Ունեցել ենք ութ մասնակից՝ լեռան քարոզի ժամանակ Տիրոջ ուսուցանած ութ երանիների թվի նմանությամբ:
Առաջին անգամվա համար հիանալի էր:
Հոգևոր կրթությունն անցկացվեց ֆրանցիսկյան Սբ. Անտոն վանքի հյուրընկալ կամարների տակ՝ վանական եղբայրների ջերմ ընդունելության շնորհիվ:
Ուրբաթ երեկոյան միասին սկսեցինք խորհրդածել յուրաքանչյուրիս նկատմամբ Աստծո սիրո մասին՝ սիրո, որ «վեր է քան զամենայն միտս եւ զբանս»: Տերն իր հետ մեզ տարավ Թաբոր լեռը, ինչպես Պետրոսին, Հովհաննեսին և Հակոբին, որպեսզի մեզ ցույց տա Իր Երեսի գեղեցկությունն ու լույսը, Իր լույսով մեր հոգու աչքերը լուսավորելու համար: Միայն թե այս անգամ Նրա աշակերտներն էին Ռուդոլֆը, Սաշան, Աշոտը, Անդրանիկը, Գևորգը, Դավիթը, Յուրան և Արտյոմը:
Այնուհետև մենք խորհրդածեցինք քրիստոնյայի սրբության և Աստծո հանդեպ փոխադարձ սիրո մասին, ինչը դրսևորվում է հետևյալ կերպ. պետք է լինել Քրիստոսի հետ, պետք է լինել Քրիստոսի ընկերը և Նրա վկան աշխարհում: Սա մեզ տանում է դեպի նոր կյանք՝ Նրա մեջ և բխում է Քրիստոսի հետ շփման անձնական փորձառությունից:
Վարժություններն ավարտվեցին հետևյալ խորհրդածությամբ, թե ինչպես դառնալ Քրիստոսի զինվորը մի աշխարհում, որտեղ մենք կանչված ենք պայքարելու «ոչ թե մարմնի և արյան դեմ, այլ՝ այս խավար աշխարհի իշխանությունների և պետություների դեմ»:
Ինչպիսի՞ն պետք է լինի մեր հոգևոր ռազմավարությունը և ո՞րն է մեր զենքն այս պայքարում: Խորհրդածությունների համար հիմք է հանդիսացել Սբ. Պողոս Առաքյալի թուղթը՝ եփեսացիներին: Ի լրումն այս ամենի, ճաշի ժամանակ ընթերցում էինք հատվածներ՝ Հ. Ռոմանո Գուարդինիի «Տերը» գրքից:
Հոգևոր կրթության ընթացքում ժամանակ հատկացրեցինք միասնական և անհատական աղոթքին, Քրիստոսի հետ մտերմությանը, հանգստին և զբոսանքին, ժամանակ՝ մտորումների համար, շփում հոգևոր առաջնորդի և միմյանց հետ:
Մեզ բոլորիս համար սա հոգևոր վերելքի և հետագայում Քրիստոսին հավատքով հետևելու համար ուղղորդվելու մի անմոռանալի փորձ էր: Ավելին, տղաները մտերմացան միմյանց հետ, ինչը պակաս կարևոր չէ և հուսով եմ, որ նրանք կկարողանան միմյանց մոտիվացնել հոգևոր զարգացման ճանապարհին:
Մեր զգացմունքներն այս պահին կարելի է արտահայտել Դավիթ սաղմոսերգուի խոսքերով. «Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակվում են միասին» (Սղմ. 132, 1): Եվս մեկ անգամ մենք բոլորս համոզվեցինք, թե ինչպե՛ս է Քրիստոսը միավորում Իր շուրջը և դա հիանալի է: Պողոս Առաքյալի խոսքերով ասած. «հեռավորներից դարձնում է մերձավորներ» Եկեղեցում: Նա եղել է մեր կյանքի կենտրոնը և մենք զգացել ենք Նրա սիրո քաղցրությունը:
Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան
Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքների Առաջնորդական Փոխանորդ, Մոսկվայի ժողովրդապետ
Ռուսերենից թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան