• Հրապարակվել է քրիստոնեական ուսմունքի դասավանդման նոր ձեռնարկը

    Ինչպե՞ս ճիշտ և արդյունավետ կերպով դասավանդել քրիստոնեական ուսմունքը


    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հաստատեց Քրիստոնեական Վարդապետության ուսուցման նոր ընդհանուր ձեռնարկի հրատարակությունը, որը մշակել է Նոր Ավետարանացման պապական խորհուրդը: Ընդարձակ փաստաթուղթը թարմացնում է նախկին ձեռնարկը, որը հրապարակել է Սուրբ Աթոռը 1997թ-ին, նրա հիմնական առանձնահատկություններից է սերտ կապը ավետարանացման ու քրիստոնեական վարդապետության միջև՝ մշակույթի ու թվային աշխարհի ժամանակակից համաշխարհայնացման (գլոբալացման) համատեքստում:

     

    300 էջանոց ձեռնարկում, որը բաժանված է 3 մասի և 12 գլուխների, շեշտվում է, որ յուրաքանչյուր մկրտված անձ աշակերտ է՝ միսիոներ,  և պատասխանատվություն է կրում, և որի ավետիսը պետք է լինի հավաստի ու գրավիչ վկայություն, գործուն ողորմություն և ազատ երկխոսություն: «Քրիստոնեական վարդապետությունն օգնում է քրիստոնյաներին՝ կյանքը լցնել իմաստով», – շեշտվում է փաստաթղթում, որի առաջին մասում ընդգծվում է այդ առաքելությանը պատրաստվելու կարևորությունը. «Մինչ քրիստոնեական վարդապետության ուսուցում իրականացնելը՝ անհրաժեշտ է լինել քրիստոնեական վարդապետության ուսուցիչ»: Ուսուցիչներն ու դաստիարակները պետք է լինեն խոնարհ վկաներ, ովքեր հարգում են մյուսների ազատությունը, լինեն ստեղծագործ՝ կիրառելով իրազեկման նոր մեթոդներ, ներառյալ արվեստն ու երաժշտությունը: Միևնույն ժամանակ «յուրաքանչյուր մարդու, հատկապես, անչափահասների ու խոցելի անձանց համար պետք է երաշխավորվի բացարձակ պաշտպանություն՝ չարաշահման ցանկացած ձևից»:

     

    Փաստաթղթի երկրորդ մասում ընդգծվում է ընտանիքի կարևորությունը, որը հանդիսանում է ավետարանացման առարկա, վայր, որտեղ կարելի է պարզ և ինքնաբուխ կերպով ապրել հավատքով: Եկեղեցին կոչված է հույս տալու ընանիքներին՝ ըմբռնումով ուղեկցելով ընտանիքներին, որոնք հայտնվել են ոչ կանոնական իրավիճակներում, ժամանակակից հասարակությանը բնորոշ նոր պայմաններում: Յուրաքանչյուր մարդ պետք է ինքն իրեն զգա ցանկալի ու սպասված՝ քրիստոնեական համայնքում: Ներառական վերաբերմունքը, ճանաչումն ու հոգատարությունը հանդիսանում են Քրիստոնեական վարդապետության վճռական խոսքերը՝ նաև հաշմանդամություն ունեցող անձանց, գաղթականների, բանտարկյալների և աղքատների նկատմամբ. Եկեղեցին կոչված է ցույց տալու իր մայրական դեմքը բոլոր կարիքավորներին ու չքավորներին:

     

    Փաստաթղթի երրորդ մասը բացահայտում է ծխերի, կաթողիկէ միությունների ու դպրոցների ավետարանացման դերը: Ձեռնարկի պարագրաֆներից մեկը նվիրված է կրոնագիտության դասավանդմանը, որը պետք է տարբերվի քրիստոնեական վարդապետության ուսուցումից, չնայած որ լրացնում է նրան: Բացի այդ, քրիստոնեական վարդապետության ուսուցման կարևոր ասպեկտներ են հանդիսանում էկումենիզմը և միջկրոնական երկխոսությունը հուդայականության ու մահմեդականության միջև. քրիստոնեական վարդապետությունը քրիստոնյաների մոտ պետք է առաջացնի «միասնական լինելու ցանկություն» և լինի «ավետարանացման հուսալի գործիք»: Ինչ վերաբերում է հուդայականությանը, ապա Վատիկանի փաստաթուղթը երկխոսության, հակասեմիտիզմին (հրեատեցությանը) դիմակայելու, խաղաղությունը քաջալերելու ու արդարության  կոչ է անում: Սակայն, ինչ վերաբերում է մահմեդականությանը, ապա պետք է խուսափել մակերեսային ընդհանրացումներ անելուց, և պետք է խթանել փոխադարձ շփումներն ու հանդիպումները մահմեդականների հետ: Ամեն դեպքում, քրիստոնեական վարդապետությունը պետք է «խորացնի ու ամրապնդի հավատացյալների ինքնորոշումը»՝ խթանելով նրանց միսիոներական ավյունը՝ վկայության ու ընկերական երկխոսության միջոցով: Անհրաժեշտ է նաև խրախուսել ժողովրդական բարեպաշտությունը՝ դիմակայելով սնահավատությանն ու նախապաշարմունքներին:

     

    Փաստաթղթում դիտարկվում են թվային մշակույթի լուսավոր ու մութ կողմերը. ներկայումս այն ընկալվում է որպես բնական ինչ-որ բան: Թվային աշխարհում պետք է տեղ լինի՝ Ավետարանի արժեքները վկայակոչելու համար: Քրիստոնեական վարդապետության ուսուցիչների խնդիրն է նաև ուսուցանել թվային տեխնոլոգիաների ճիշտ կիրառումը, մասնավորապես. աչալուրջ լինել երիտասարդների նկատմամբ, քանի որ վիրտուալ աշխարհը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նրանց ինքնագիտակցության ձևավորման վրա: Չպետք է մոռանալ, որ թվային աշխարհը կարող է հանգեցնել միայնության, մեքենայությունների, բռնության, կիբերահաբեկման, նախապաշարմունքների, ատելության: Իրենց օգտատերերին դարձնել «հոտ սոցցանցերում», «րոպեական մշակույթի» կողմնակիցներ, ովքեր զուրկ են արժեքներից և հեռանկարային հիերարխայից: Այդ իսկ պատճառով քրիստոնեական վարդապետության ուսուցիչները պետք է սովորեցնեն երիտասարդությանը քննադատաբար մոտենալ ստացված տեղեկատվությանը:

     

    Փաստաթղթի հաջորդ մասը նվիրված է գիտությանն ու տեխնիկային, քանի որ դրանք ծառայում են մարդուն և պետք է նպաստեն ընտանիքների կենսապայմանների բարելավմանը: Դրա համար անհրաժեշտ է պարզաբանել թվացյալ տարաձայնությունները գիտության ու հավատքի միջև, ինչպես նաև գնահատել քրիստոնյա գիտնականների վկայությունները, որոնք հանդիսանում են նրանց միջև ներդաշնակության և սինթեզի օրինակ: Անհրաժեշտ են նաև դատողություններ կենսաէթիկայի ոլորտում՝ հիմք ընդունելով այն ենթադրությունը, որ «տեխնիկապես հնարավոր ամեն բան ընդունելի չէ բարոյական տեսանկյունից»: Անհրաժեշտ է տարբերակել թերապևտիկ միջամտությունն ու մեքենայությունները, ինչպես նաև ուշադրություն դարձնել եվգենիկային (կեղծ ուսմունք մարդկային ցեղի բարելավման մասին) և դրա հետ կապված խտրականություններին: Ինչ վերաբերում է «գենդերային» հարանվանությանը, ապա պետք է հիշել, որ Եկեղեցին սատարում է «բոլորին և ցանկացած իրավիճակում»՝ առանց դատապարտելու մարդկանց, ովքեր ապրում են ծանր և երբեմն, նույնիսկ, կոնֆլիկտային իրավիճակներում են: Սակայն «հավատքի տեսանկյունից՝ սեռականությունը ոչ միայն ֆիզիկական փաստ է, այլև արժեք է, որը գտնվում է մարդու պատասխանատվության ներքո» և հանդիսանում է «պատասխան՝ Աստծո սկզբնական կոչին»: Հետևաբար, կենսաէթիկայի ոլորտում քրիստոնեական վարդապետության ուսուցիչները հատուկ պատրաստության կարիք ունեն, որը բխում է սրբության և մարդու կյանքի անձեռնմխելիության սկզբունքներից և դիմակայում է մահվան մշակույթին: Փաստաթուղթը դատապարտում է մահապատիժը, այն բնորոշելով որպես «անմարդկային վերաբերմունք, որը կործանում է մարդու արժանապատվությունը»: Ձեռնարկում շեշտվում է, որ քրիստոնեական վարդապետության ուսուցումը պետք է նպաստի «խորը բնապահպանական դարձին», հոգ տանի արարչագործության մասին և խրախուսի առաքինի կյանքը, որը հակասում է առևտրական սպառողականությանը: Կաթողիկէները կոչված են մասնակցելու ակտիվ հասարակական գործունեությանը՝ հանուն ընդհանուր բարօրության՝ բարոյական անմիջականությամբ դիմակայելով մեղավոր կառույցներին:

     

    Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա փաստաթղթում Եկեղեցու սոցիալական ուսմունքին համապատասխան ավետարանացման կոչ է արվում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենաթույլերի իրավունքների պաշտպանությանը: Վերջապես, վերջին երկու գլուխները նվիրված են տեղական Եկեղեցիների քրիստոնեական վարդապետության ուսուցիչներին, որոնց պետք է հաստատեն Առաքելական Աթոռն ու այն եկեղեցական հաստատությունները, որոնք ծառայում են քրիստոնեական վարդապետությանը՝ ներառյալ եպիսկոպոսների Սինոդն ու տեղական եպիսկոպոսական խորհրդաժողովները:

     

    Vatican News ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյան

    Սրբագրեց՝ Տ. Հովսեփ Գալստյան

Օրացույց

Օրացույց