• Ֆրանցիսկոս Քահանայապետի քարոզը՝ «Աստծո Խոսքին» նվիրված առաջին կիրակիի առթիվ

    Տերը մեզ պարգևում իր Խոսքը, որպեսզի այն ընկալենք որպես մեզ համար գրված սիրո մի նամակ


    «Հիսուս սկսեց քարոզել (Մտթ. 4,17)։ Այսպես է Մատթեոս Ավետարանիչը ներկայացնում Հիսուսի առաքելությունը։ Այն, որ Աստծո Բանն է, եկավ մեզ հետ խոսելու՝ իր խոսքերով ու կյանքով», այս խոսքերով Սրբազան Քահանայապետը սկսեց կիրակնօրյա քարոզը, որն արտասանեց Սուրբ Պետրոսի ավագ Խորանի վրա մատուցած Սուրբ Պատարագի ընթացքում, 2020թ. հունվարի 26-ի կիրակի առավոտյան, Աստվածային Խոսքի կիրակիին նվիրված օրվա առթիվ:

     

    «Այս Աստվածային Խոսքի առաջին կիրակիի առթիվ գնանք դեպի քարոզության սկիզբը՝ Կյանքի Խոսքի ակնաղբյուրը». ասաց Ֆրանցիսկոս Պապը, ապա ընդգծեց, որ «այդ ուղղությամբ մեզ օգնում է օրվա ավետարանը (Մտթ. 4, 12-23), որը մեզ ասում է, թե  ինչպե՞ս, որտե՞ղ և ու՞մ Հիսուս սկսեց քարոզել։

     

    Ինչպե՞ս սկսեց։ Պարզ նախադասությամբ. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մտթ. 4,17)։ Սա է Հիսուսի բոլոր քարոզների հիմքը՝ մեզ ասել, որ երկնքի արքայությունը մոտեցել է։ Երկնքի արքայություն ասելով՝  հասկանում ենք Աստծո Թագավորությունը, այսինքն մեր հանդեպ ունեցած նրա վերաբերմունքը։ Ուստի, Հիսուս մեզ ասելով, որ Երկնքի արքայությունը մոտեցել է, ասում է, որ Աստված մոտ է։ Սա՛ է նորությունը՝ առաջին պատգամը. Աստված հեռու չէ, Նա, որ բնակվում էր Երկնքում՝ իջավ երկիր, մարդեղացավ։ Վերացրեց արգելքները, ջնջեց տարածքները։ Մենք չէ որ արժանացանք Նրան։ Նա՛ եկավ մեզ հանդիպելու։

     

    Ուրախության մի պատգամ. Աստված եկավ մեզ այցելելու անձնապես՝ մարդեղանալով։ Նա մեր մարդկային իրավիճակը որդեգրեց սիրո համար։ Որովհետև մեզ սիրում է և ցանկանում է ձրիաբար մեզ պարգևել փրկությունը, քանզի մենք ինքներս, առանց Աստծո, չենք կարող այն ձեռք բերել։ Նա ցանկանում է մեզ հետ լինել, մեզ պարգևել ապրելու գեղեցկությունը, սրտի անդորրությունը, ներում ընդունելու և սիրվելու ուրախությունը։

     

    Այսպես ենք հասկանում Հիսուսի հրավերը «ապաշխարեցէ՛ք, այսինքն՝ ձեր կյանքի ընթացքը փոխե՛ք։ Ձեր անձի համար ապրելու ժամանակը վերջացել է և սկսվել է Աստծո համար ապրելու ժամանակը՝ ուրիշների հետ և նրանց համար, սիրով և սիրո համար։

     

    Սրա համար է Տերը մեզ պարգևում իր Խոսքը, որպեսզի այն ընկալենք որպես մեզ համար գրված սիրո մի նամակ։ Նրա Խոսքը մխիթարիչ ու քաջալերող է, և մղում է դարձի՝ մեզ ազատելով եսասիրության անդամալուծությունից։ Քանզի Նրա խոսքը իշխանություն ունի կյանքը փոխելու ու մեզ առաջնորդելու խավարից դեպի լույս։

     

    Որտե՞ղ։ Հիսուս իր քարոզությունը սկսեց Գալիլիայից, որը համարվում էր զանազան ժողովուրդների, լեզուների ու մշակույթների խառնուրդով մի շրջան, խաչմերուկ։ Այնտեղ կային ձկնորսներ, վաճառականներ, օտարականներ, հեռու ընտրյալ ժողովրդի կրոնական և բյուրեղ միջավայրից։

     

    Եվ Հիսուս իր քարոզությունը սկսեց այդ արվարձանից: Որովհետև փրկարար Խոսքը չի գնում ապահով և բյուրեղացած վայրեր. այն ընդառաջ է գալիս մեր բարդություններին, մեր խավարներին, այսօր ևս Աստված ցանկանում է այցելել վայրեր, ուր կարծում ենք, թե չի հասնի:

     

    Ավետարանը արդարև նշում է, որ «Հիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը՝ հռչակելով ավետարանն ու բժշկելով ժողովրդի բոլոր հիվանդություններն ու ցավերը»: Նա մեր սրտերի մեջ ներթափանցելու վախ նույնպես չունի։ Նա գիտի, որ միայն իր ներումը կարող է բուժել մեզ։ Նրա համար բացենք մեր ճանապարհներն ու թույլ տանք, որ Նրա Խոսքը մուտք գործի։

     

    Ի վերջո, ու՞մ քարոզեց Հիսուս։ Ավետարանը նշում է, որ Հիսուս Գալիլիայի ծովեզերքով շրջելիս՝ տեսավ երկու եղբայրների, որոնք ձկնորսներ էին ու նրանց ասաց. «Իմ հետևից եկե՛ք և ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ» (Մտթ. 4, 18-19)։

     

    Հիսուսի կոչի առաջին հասցեատերերը եղան ձկնորսները և ոչ թե հատուկ ձիրքերով կամ աստվածավախ ու աղոթքի մարդիկ։

     

    Նրանց հետ խոսելիս՝ Հիսուս գործածում է իրենց հասկանալի ոճը։ «Ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ» ասելով՝ նրանց կանչում է կյանքի իրականություն, որպեսզի նրանց ներգրավվի իր առաքելության մեջ։ «Նրանք իսկույն թողնելով ուռկանները՝ գնացին նրա հետևից» նշում է Ավետարանը։ Անմիջապես։ Որովհետև նրանց գրավեց ոչ թե Հիսուսի հրամանը, այլ Նրա սերն՝ իրենց հանդեպ։

     

    Հիսուսին հետևելու համար բավարար չեն բարի հանձնառությունները, հարկավոր է ամեն օր լսել Նրա կոչը, միայն Ինքը, մեզ ճանաչելով, կարող է մեզ տանել կյանքի բաց ծովի խորքերը, այնպես, ինչպես արեց իրեն ունկնդրող աշակերտների հետ։

     

    «Սրա համար մենք Նրա Խոսքի կարիքն ունենք: Կարիք ունենք այն ունկնդրել առօրյա հազարավոր խոսքերի մեջ, որովհետև Նրա խոսքը չի խոսում իրերի մասին, այլ՝ կյանքի մասին», ասաց Սրբազան Քահանայապետն ու քարոզը եզրափակեց՝ հավատացյալներին հրավիրելով բաց լինել Աստծո Խոսքի առջև, ամեն օր կարդալ մի հատված Աստվածաշնչից՝ սկսելով Ավետարաններից, այն բաց պահելով  մահճակալի, սեղանի վրա, մեր գրպանի կամ բջջային հեռախոսների մեջ՝ թույլ տալով, որ Սուրբ Գիրքը մեզ ներշնչի ամեն օր։

     

    Եվ պետք է բացահայտենք, որ Աստված մեզ մոտիկ է, լուսավորում է մեր խավարը ու սիրով մեզ առաջնորդում է մեր կյանքի տարածությունները:

     

    Vatican News, Ռադիո Վատիկան, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց