«Անհրաժեշտ է, որ ինքդ քեզանից դուրս գաս դեպի մարդիկ, հատկապես դեպի նրանց, ովքեր դրա կարիքն ամենից շատ ունեն»
2019թ. նոյեմբերի 25-ի առավոտյան Տոկիոյի Սուրբ Աստվածածնի Մայր Տաճարում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետը հանդիպեց 900 երիտասարդների հետ:
Ճապոնացի երիտասարդները Սրբազան Քահանայապետին դիմավորեցին երգերով և նրան նվիրեցին կիմանո ու սակուրայի ճյուղ՝ կյանքի ու հույսի խորհրդանիշը: Հանդիպման երկրորդ հատվածում Ֆրանցիսկոս Քահանայապետը պատասխանեց երեք երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին արդյունաբերական հասարակության մեջ Աստծո հետ հանդիպելու կարևորությանը, սեփական ինքնություն ձեռք բերելուն ու դպրոցում աշակերտների հանդեպ բռնություններին:
Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետի խոսքերի համաձայն, զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրները աչքի չեն ընկնում կենսունակությամբ. շատերը մոռացել են «ինչպես պետք է ծիծաղել» և ապրում են ստրկամիտ մենության մեջ՝ «ինչպես զոմբիներ, որոնց սիրտը դադարել է բաբախել», քանի որ այլևս չեն կարող ուրախանալ կյանքով՝ ուրիշների հետ միասին: «Ամենակարևորը այն չէ, թե ես ինչ ունեմ կամ ինչ կարող եմ գնել, այլ մարդիկ են, որոնց հետ ես կարող եմ կիսվել այդ ամենով»,-ընդգծեց Սրբազան Քահանայապետը: «Իրերը կարևոր են, սակայն մարդիկ անփոխարինելի են, առանց նրանց մենք ինքներս մեզ զրկում ենք մարդկայնությունից, դեմքից, անունից և վերածվում ենք ևս մեկ առարկայի, հնարավոր է` լավագույնի, բայց այնուամենայնիվ՝ առարկայի»:
Հետևաբար, երիտասարդության առաքելությունն այն է, որ երիտասարդներն աշխարհին վկայություն տան Աստծուն ու մարդկությանն իրենց պատկանելության մասին. անհրաժեշտ է սոցիալական ընկերություն, որն ամրապնդում է հույսը՝ ավելի լավ ապագայի նկատմամբ՝ «հիմնված հանդիպման, ուրիշներին ընդունելու, եղբայրության և յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը հարգելու մշակույթի վրա, հատկապես, նրանց, ովքեր առավել շատ սիրո ու հասկացողության կարիք ունեն»:
Որպեսզի սիրտը կենդանի մնա, անհրաժեշտ է «շնչել աղոթքով և հոգևոր խոհերով»՝ լսելով Աստծուն ու ավելի ջերմ լինել այլ մարդկանց հետ: Մեր բացառիկ կոչումը բացահայտվում է այնքանով, որքանով որ մենք ինքներս մեզ նվիրում ենք մերձավորներին, և որպեսզի հասկանանք, թե ով ենք մենք «կարիք չկա նայելու հայելու մեջ», նշեց Ֆրանցիսկոս Պապը.
«Մարդիկ շատ իրեր են հայտնագործել, սակայն, փառք Աստծո, դեռ սեփական հոգու սելֆի գոյություն չունի: Սիրտն երջանկացնելու համար մենք պետք է օգնություն խնդրենք ուրիշներից, որպեսզի այդ լուսանկարը անի մեկ ուրիշը, այլ կերպ ասած անհրաժեշտ է, որ ինքդ քեզանից դուրս գաս դեպի մարդիկ, հատկապես դեպի նրանց, ովքեր դրա կարիքն ամենից շատ ունեն»:
Դպրոցում բռնությունների մասին հարցը տվեց մի ֆիլիպինցի պատանի՝ ներգաղթյալ Լեոնարդոն, ով ավելորդ քաշի խնդիր ուներ. հասակակիցների մշտական ծաղրն ու խտրականությունը նրան ինքնասպանության փորձ անելու քայլի են հասցրել, և միայն քահանաների հետ հանդիպումն է օգնել նրան դուրս գալ այդ վիճակից:
Սրբազան Քահանայապետը խորին կարեկցանքով լսեց նրա վկայությունն ու նշեց, որ բռնության մշակույթի դեմ պետք է հանդես գալ միասնաբար: Միայն երիտասարդները կարող են գտնել «լավագույն դեղամիջոցը»՝ այս համաճարակի դեմ պայքարելու համար. դրա համար պահանջվում է ընկերների ու համադասարանցիների համատեղ, համարձակ վճռականությունը, որպեսզի միասնաբար հանդես գան ընդդեմ ծաղրանքի ու բռնության: Ահաբեկումը վախ է սերմանում, որը սիրո ու խաղաղության թշնամին է, սակայն բոլոր կրոնները հորդորում են լինել հանդուրժողական, ներդաշնակ ու գթասիրտ, և սերը հաղթում է վախին, ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը.
«Մեզանից շատերի համար, ինչպես հիշատակեց Լեոնարդոն, Հիսուսի կյանքը հանդիսանում է սփոփանք ու մխիթարություն, քանզի Ինքը Հիսուսը լավ գիտեր, թե ինչ է նշանակում լինել արհամարհված ու մերժված, ընդհուպ մինչև խաչելություն: Նա նաև գիտեր, թե ինչ է նշանակում լինել օտարերկրացի, ներգաղթյալ, խորթ»:
Աստված բոլոր երիտասարդների կարիքն ունի: Նա օգնում է ոտքի կանգնել նրանց, ովքեր վայր են ընկել: Պետք է ժամանակ հատկացնել մարդկանց և Աստծուն, Ով մեզ լցնում է Իր աշխարհով:
Իր ելույթի ավարտին Սրբազան Քահանայապետը ճապոնացի երիտասարդներին կոչ արեց չհանգցնել իրենց երազանքնրի կրակը, այլ հույսով, քաջությամբ նայել դեպի ապագան՝ միասին կառուցելով այն. «Ճապոնիան ձեր կարիքն ունի, աշխարհը ձեր կարիքն ունի», ձեր նման խոհեմ, «մեծահոգի ու զվարթ խանդավառների», ովքեր ընդունակ են կառուցել տուն՝ բոլորի համար:
Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան