Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ…
Պատմական
Շիրակի մարզի Արփենի գյուղը հիմնադրվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Իրիցու գյուղից գաղթած կաթողիկէ հայերի կողմից՝ 1852 թ.։ Մինչև 1978 թվականը կրել է թուրքական «Փալութլի» անվանումը։
Գյուղի տարածքում 1910 թ. ավարտվել է Աշոցքի շրջանի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ «Սբ. Հովհաննես Մկրտիչ» հայ կաթողիկէ եկեղեցու կառուցումը: Ինչպես տեղի բնակիչները նշում են, նախնիները կառուցել են եկեղեցին, որն իրենց Իրիցու գյուղի կաթողիկէ եկեղեցու կրկնօրինակն է, երբ նրանք իրենց պապերին հարցնում էին, թե ինչու են այսքան մեծ եկեղեցի կառուցել, պատասխանում էին, որ նույն եկեղեցին են ուզում տեսնել նոր բնակավայրում: Պատմում են, թե համագյուղացիներից մեկը երազում տեսել է, որ իրենց հաստատված նոր գյուղում պետք է կառուցել նմանօրինակ մի եկեղեցի: Ամբողջ գյուղը ամիսներով ձու է հավաքել, բերել են հսկա քարերն ու ձվի շաղախով կառուցել եկեղեցին: Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պատերի վրա մնացել են 1920թ. թուրք զինվորների արձակած փամփուշտների ծակերը և պատմական վկայությունն են գյուղում թուքերի իրականացրած կոտորածների: ԽՍՀՄ տարիներին եկեղեցին ծառայել է որպես պահեստ, 1988 թ. երկրաշարժից բավական վնասվեց, ապա չօգտագործվեց, չվերանորոգվեց, ժամանակի ընթացքում տանիքը քայքայվեց և փլուզվեց, մնացին միայն պատերը՝ կիախոնարհ վիճակում:
Հին եկեղեցին նորոգելու համար բավական գումար էր անհրաժեշտ, որը գտնելը հեշտ չէր: Ժամանակի ըթնացքում առաջ եկավ նաև մեկ այլ անհարմարություն. երբ կառուցվեց նոր գյուղի հատվածը, գյուղացիները տեղափոխվեցին և բնակություն հաստատեցին նոր գյուղում, որը հնից հեռու է մոտ մեկ կիլոմետր. հին գյուղի տարածքում այժմ ապրում է ընդհամենը հինգ ընտանիք, իսկ մնացած մոտ քառասուն ընտանիքները բնակվում են նոր գյուղում:
Այս գործոնները ի նկատի ունենալով՝ հայ կաթողիկէ հոգևորականներն ավելի նպատակահարմար գտան նոր գյուղի տարածքում կառուցել մի նոր՝ ավելի փոքր եկեղեցի: Դեռ տասը տարի առաջ այդ նպատակով նոր գյուղի տարածքում հող հատկացվեց, բայց եկեղեցու կառուցման աշխատանքները դեռևս չէին մեկնարկում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Տասը տարի նոր եկեղեցի ունենալն այդպես էլ մնում էր երազանք, իսկ Սբ. Պատարագը և մյուս կրոնական արարողությունները կատարվում էին գյուղապետարանի շենքի մի սենյակում, որը վերածվել էր մատռան:
Նոր եկեղեցու կառուցումը
2016թ. գյուղի այն ժամանակվա ժողովրդապետ Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկը նոր եկեղեցու շինարարության համար դրամ գտնելու որոշմամբ մեկնեց Լեհաստան և երկար ժամանակ աշխատում էր տարբեր լեհական համայնքներում՝ քարոզելով, գումար հավաքելով և նվիրատվություններ խնդրելով տարբեր բարերարներից, պարզ հավատացյալներից: Ի վերջո, երբ անհրաժեշտ գումարը մեծ դժվարությամբ կարողացավ հավաքել, 2017թ. հուլիսին սկսեց նոր եկեղեցու շինարարությունը, որի հիմքում քարեր դրվեցին նաև հին եկեղեցուց: Աշխատանքները տևեցին մեկ տարուց քիչ ավելի:
Եկեղեցու շինարարության մեջ մեծ ներդրում ունեցավ նաև Արփենիի նոր ժողովրդապետ Հ. Եղիա վրդ. Դերձակյանը՝ տեղում կազմակերպելով շատ աշխատանքներ. տեղադրվեց եկեղեցու զանգակը, որը նվեր է Զմմառի վանքի կողմից և բերվել է Թբիլիսիից, կառուցվեց բակի պարիսպը, դարբասները, բարեկարգվեց բակը, տեղադրվեց եկեղեցու մուտքի նախադուռը, պատվիրվեց և տեղադրվեց Սուրբ Խորանի Աստվածամոր պատկերը: Հ. Եղիան 2018-ի սկզբից բնակվում է Արփենիում, կիսում տեղի բնակիչների դժվարին պայմանները և իր հովվական աշխատանքով մշտապես իր հավատացյալների կողքին է: 1990-ական թվականներից հետո, երբ Արփենիում վերսկվեց հայ կաթողիկէ հոգևորականների առաքելությունը, Հ. Եղիան առաջինն է, որ իր կամքով բնակվեց Արփենիում:
Շինարարության ընթացքում, 2018թ. հուլիսի 29-ին հանդիսապետությամբ Հ. Եղիա վրդ. Դերձակյանի և առընթերակայությամբ Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկի օծվեց և տեղադրվեց նորակառույց եկեղեցու խաչը:
Ի վերջո, 2018թ. հոկտեմբերին, եկեղեցու շինարարական աշխատանքները մոտեցան ավարտին: Հ. Եղիա վրդ. Դերձակյանի առաջարկով նոր եկեղեցին անվանակոչվեց Սբ. Հովհաննես Մկրտիչ՝ հնի նմանությամբ:
Օծումը
2018 թ. հոկտեմբերի 25-ին, Արփենիի «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» նորակառույց եկեղեցին հանդիսավոր արարողությամբ՝ Սբ. Պատարագի ընթացքում, օծվեց՝ ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի, Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Արհ. Տ. Խոսե արքեպս. Բեթանկուրի և Բեյրութի հայ կաթողիկէ թեմի պատրիարքական փոխանորդ, Զմմառի վանքի մեծավոր Գերապայծառ Հ. Գաբրիել թ. ծ. վրդ. Մուրադյանի: Օծման և Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը, Գյումրիի փոխքաղաքապետը, Արփենիի գյուղապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք այս կամ այն կերպ իրենց նպաստն են բերել Արփենի եկեղեցու կառուցմանը, Արհ. Տ. Նշան արքեպս. Գարաքեհեյանը և այլ հայ կաթողիկէ հոգևորականներ, Անարատ Հղության միաբանության հայ քույրեր, Մայր Թերեզայի Գթության միաբան քույրեր, Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցի տնօրինությունը և հավատացյալների հոծ բազմությունը:
Նախ, ըստ կարգի, օրհնվեց եկեղեցու սպասքը, ապա գլխավոր մուտքի դուռը, որից հետո կատարվեց Սբ. Խորանի Սեղանի ջրով և գինով լվացման կարգը, ապա հերթականությամբ օծվեցին Սուրբ Խորանի Սեղանը, եկեղեցու չորս պատերը և մուտքի դուռը:
Սբ. Պատարագի ժամանակ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանն իր քարոզում ասաց հետևյալը.
«Հույժ սիրելի և պատվական հավատացյալնե՛ր,
Այսօր, ինձ համար մայր հողի վրա նոր եկեղեցի օծելը անհուն ուրախության մի պահ է: Ուրախություն է, որովհետև ևս մեկ տուն կառուցվեց Աստծո Երկրպագության համար և մի շինարություն՝ հավատացյալների հոգեկան բավարարության համար. սա հոգևոր ապրումի սփոփանք և մխիթարություն է:
Եկեղեցին, ինչպես գիտենք ընդունարանն է ու ժամադրավայրը բոլոր հավատացյալների, որտեղ հանդիպում ենք իրար՝ կազմելու Քրիստոսի Սբ. Ընտանիքը: Բացի այս պատկերավոր արտահայտության. Եկեղեցին՝ Քրիստոսի իրական բնակարանն է, ուր ֆիզիկապես բնակվում է, և որտեղ մեզանից ամեն ոք կարող է գալ իրեն այցելության և հանդիպման, ազատորեն զրուցելու Նրա հետ, խնդրելու և պատմելու մեր ցավերը: Եկեղեցին կարող ենք համարել Քրիստոսի գրասենյակը, որտեղ գալիս ենք հայտնելու մեր որդիական անկեղծ երախտագիտությունը, դիմելու և ստանալու այն առատ շնորհները, որ մեր կյանքի ընթացքում ստացել ենք նրանից: Եկեղեցու մեջ մեր քրիստոնեկան կյանքի առաջին կնիքը ստանում ենք Սուրբ Մկրտության միջոցով, ապա ամուսնությամբ և նույն եկեղեցու շեմին հրաժեշտ ենք տալիս այս աշխարհին:
Ահա, համառոտ իմաստը «Եկեղեցի» բառին, որի համար դուք ուզեցիք և այսօր ամենքս միասին օծում և հռչակում ենք համայն աշխարհի դիմաց մեր սուրբ հավատքը առ Եկեղեցին և Հեղինակին՝ Քրիստոսին:
Հույսով եմ, որ ձեր հովիվները, բոլոր այն ժողովրդապետները, որոնք հաջորդաբար պետք է գան ծառայելու այս շրջանի մեջ և հոգալու Ձեր հոգեկան ապրումները, տանելու ձեր հոգու բեռը, իրենց առաջին պարտականությունը պետք է լինի Ձեզ հուշելը, հրավիրելը և ձեզ հետ միասին հոգևոր կյանքի արժեքները ապրելը: Ա՛յս է հոգևորականի առաջին պարտականությունը ինչպես նաև ձե՛ր պարտականությունը:
Սիրասուն հայ որդինե՛ր, այսօր մեր և ձեր փափագն ու երազանքը իրականացավ այստեղ ներկա անխոնջ վարդապետների ջանքերով, որոնք աշխատեցան ու քաջալերեցին մեր բարերարներին, որ տան իրենց լուման՝ Քրիստոսի տան քարայրի մեջ, նրանց եմ հայտնում իմ և ձեր անկեղծ ու հարազատ երախտագիտության ամենաջերմ զգացմունքները՝ վստահեցնելով նրանց, որ հավերժապես աղոթքներ պիտի բարձրանան առ Աստուած՝ եկեղեցի շինողների անունների համար։
Հրճվե՛նք ու գոհավանական աղոթքներ բարձրացնենք առ Աստված՝ մեր նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտչին նվիրված եկեղեցու համար: Աստված լսեց ձեր աղոթքները, և դուք էլ լսեցե՛ք իր կամքը՝ մշտապես հաճախելով իր եկեղեցին: Ամեն»:
Իր քարոզի ավարտին Ռաֆայել Սրբազանը, ի նշան երախտագիտության, լանջախաչեր նվիրեց հոգեշնորհ հայրեր Ռաֆայել վրդ. Կրավչիկին և Եղիա վրդ. Դերձակյանին:
Սբ. Պատարագից հետո ներկաներին դիմեց նաև Արփենիի ժողովրդապետ Հ. Եղիա վրդ. Դերձակյանը.
«Փա՜ռք ի բարձունս Աստծո
Խաղաղությու՜ն երկրում
Եվ մեզ է հաճությունը:
Սիրելի՛ ժողովուրդ,
Իրոք, այսօր Աստծուն փառք ենք տալիս, որ ի վերջո ունենք մի նոր եկեղեցի, մի նորաշեն եկեղեցի, որի օծումը կատարվում է ձեռամբ մեր առաջնորդի՝ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, Պատարագի ընթացքում՝ 2018թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, օրհնութեամբ Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետի, յանձինս նրա ներկայացուցիչ անձի և օժանդակությամբ՝ Քահանայից Դասին:
Սա մի աննախընթաց դեպք է, որ խանդավառում է մեզ, զորացնում մեր հավատը, լուսավորում Սուրբ Հոգով և սնում մեզ հավիտենական կյանքի խոսքով՝ Յիսուս Քրիստոսով:
Որքա՜ն մեծ է մեր ուրախությունը, որ այսօր մի նոր եկեղեցի ունենք, իսկական Խորանով, որի վրա անդադար Սուրբ Զոհը պիտի մատուցվի՝ ի բարգավաճում մեր, ի պայծառություն մեր Հայ Եկեղեցու, որը մասն է կազմում Քրիստոսի Ընդհանրական ու Առաքելական Սբ. Եկեղեցուն, ի փառս Աստծո և որպեսզի Քրիստոս խաղաղացնի մեզ:
Բայց, Քրիստոսի Զոհն եղավ, նախ և առաջ, հաղագս մարդկանց մեղքերի թողության ու քավութեան. մեր մեղքերի, որոնք առանց ջնջելու չենք կարող արժանանալ ճաշակելու Քրիստոսի բեկանված Մարմինը և թափված Արյունը: Արդ, կարելի՞ է այդ օրը մտնել Աստծո տաճարը ոչ սպիտակ պատմուճանով: Դրա համար, աղաչում եմ ձեզ, մաքրվենք մեր մեղքերից, որպեսզի և հատկապես այդ օրը, արժանացած մոտենանք Սուրբ Սեղանին:
Սբ. Պատարագին արժանավորապես մասնակցելը պայմանավորված չէ միմիայն խոստովանանքով ու Սբ. Հաղորդությամբ. նախ և առաջ պետք է քրիստոնյա լինենք:
Սի՛րելիներս, ինչքա՜ն ոչ քրիստոնյաներ կան մեր մեջ. լավ գիտենք, որ մարդը մկրտության ավազանով երկրորդ անգամ ծնվում է հոգով ու ջրով և դառնում է Աստծո զավակ. մի՞թէ այսպէս չէ Քրիստոնյան: Որքա՜ն են մեր մեջ չմկրտվածներ ու չկնքվածներ: Կան, մեր Գյուղում, անառողջ ու վախեցած երեխաներ, որովհետև Մկրտության Ու Դրոշմի շնորհներից զուրկ են մնացել: Ես շատ եմ ուզում անմիջապես մկրտել ու կնքել նրանց: Սակայն, քանի շատեր փափագում են, որ դա Եկեղեցու մեջ լինի, և ես այս րոպեին հրավիրում եմ ձեզ, որ մեր եկեղեցու օծման հաջորդ կիրակին իսկ՝ հոկտեմբերի 28-ին, գաք եկեղեցի՝ մկրտելու և մկրտվելու համար, կնքելու ու կնքվելու համար սուրբ եւ անմահ Պատարագի ավարտին:
Ամեն մկրտված ու կնքված, իրավունք ունի զմայլվել Քրիստոսի Մարմնով ու Արյամբ: Բայց, հարկավոր է, նախ և առաջ, պատրաստվել այսպիսի արարողության: Որքա՜ն փափագելի է, որ բոլոր արփենիցիները կատարելապես մասնակցեն Ծննդեան Սուրբ եւ Անմահ Պատարագին՝ մոտենալով Սրբոյ Սեղանին՝ սնվելու համար Մարդացած Աստծո Որդու Մարմնով ու Արյունով: Այս նպատակով, հրավիրում եմ բոլոր մկրտվածներին և կնքվածներին, ովքեր յոթ տարեկանից վեր են, հետևելու մասնավոր դասերին, որոնք Աստծո կամքով տեղի ունենալու են ամեն չորեքշաբթի՝ ժամը 4-ին, հոկտեմբերի 31-ից սկսած մինչեւ դեկտեմբերի 19-ը, որպէսզի Քրիստոսի ծննդյան օրը, ամենքս մոտենանք Սուրբ Խորանին, որպէսզի մեր մարմինները դառնան ողջ մսուրներ Քրիստոսի համար և կենդանի տաճարներ Աստծո:
Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկին, ում ջանքերի շնորհիվ ևս այսօր Արփենի գյուղում մենք ունեցանք մեր եկեղեցին:
Սի՛րելիներս, իմ երկար խոսքի ավարտին, մի անգամ ևս կոչ եմ անում բոլորին. գնա՛նք այդ օրը գոհություն ու փառաբանություն տանք Աստծուն, մոտենա՛նք նրա Սուրբ Խորանին ու զմայլվենք նրա Մարմնով Ու Արյամբ. եղիցի, եղիցի»:
Նորակառույց եկեղեցու օծման և Սբ. Պատարագի արարողություններից հետո գյուղի ակումբի դահլիճում համերգային և ասմունքային ելույթներով հանդես եկան դպրոցականները: Մանուկների հոգևոր թեմայով բանաստեղծությունները, երգերը, ազգային պարերը մեծ հուզում և ուրախություն պատճառեցին ներկաներին: Տոնական միջոցառումը տրամադրությունը եզրափակվեց բնակիչների կողմից պատրաստված հյուրասիրությամբ և ավանդական մատաղով:
Այլ լուսանկարներ կարող եք դիտել այստեղ