Որպես գնահատանք և խրախուսանք եկեղեցանվեր առաքելության
2017թ. հուլիսի 9-ին Տաշիրի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հայր Ներսես վարդապետ Գալստյանը գնահատանքի մի գեղեցիկ նվեր ստացավ առաջնորդ հոր՝ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի ձեռամբ: Վարդապետական գավազանի և լանջախաչի շնորհման արարողությունը տեղի ունեցավ Տաշիրի Աստվածածնա վերափոխման եկեղեցում, Սուրբ Պատարագի ընթացքում, որին ներկա էին Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը, այլ պետական կառույցների պաշտոնյաներ, Հայկական Կարիտասի Տաշիրում իրականացվող ծրագրերի աշխատակիցներ, շահառուներ, Անարատ Հղության Տաշիրում ծառայող հայ քույրեր և բազում հավատացյալներ: Հայր Ներսեսը ծնրադիր արտասանեց հավատո դավանությունը, ինչպես թելադրում է կարգը: Սրբազան Հայրն իր քարոզում խոսեց քահանայի առաքելության մասին, որն ամբողջությամբ պետք է կենտրոնացած լինի Քրիստոսի անձի վրա՝ հավատացյալներին փոխանցելով Բարի Լուրը և սեփական օրինակով վկայելով հավատքի մասին.
–Սիրելի Հայր Ներսես, այս գավազանի տվչությամբ կդառնաս ահավասիկ հովիվ Եկեղեցու, հովիվ Քրիստոսի՝ հովվելու համար իրեն հավատացյալները և քեզ տրվեց ոչ թե հաճույք և բավականություն, այլ առավել՝ մի խաչ, առաջնորդության պատասխանատվություն:
Հայր Ներսես վրդ. Գալստյանի հովվության քաղցր բեռն իրոք մեծ է.պարտավորություն ունի ծառայելու Տաշիրի շուրջ երկու տասնյակ գյուղերում, որոնցից շատերում անցած 6 տարիների ընթացքում տքնաջան աշխատանքով կարողացել է վերածնել ու զարգացնել հոգևոր կյանքը՝ բնակիչների համար լինելով հոգևոր հայր ու ընկեր, ինչպես իր խոսքում ասաց Տաշիրի քաղաքապետը.
-Ես ևս ուզում եմ շնորհավորել Հայր Ներսեսին, եկեղեցական այս բարձ պարգևի կապակցությամբ: Կարծում եմ, որ սա ավելի է պարտավորեցնելու Հայր Ներսեսին` մարդ, որն իր ծառայության ընթացքում շատ ազնիվ է, պարկեշտ է, հայրենասեր, նվիրված հայրենիքին: Դրանում համոզվել եմ վերջին 5 տարիներին նրա հետ շփվելով և այդ շփումը ընկերության վերածելով:
Քաղաքապետն առիթն օգտագործեց նաև շնորհավորելու Ռաֆայել արքեպս. Մինասյանին.
–Գիտեմ, որ նաև Սրբազան Հայր, Ձեր ձեռնադրության 45 ամյակն է: Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս կապակցությամբ, քանի որ մեր կողքին կա Ձեզ նման մարդ: Ազգասեր մարդ, որի գործունեությունը ամբողջությամբ նվիրված է ազգին, հային, հայի տեսակի պահպանմանը, բարեգործություններ, որից անմասն չի մնացել նաև Տաշիր քաղաքը: Իմ և ամբողջ ժողովրդի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել:
Քաղաքապետը Սրբազան Հորը նվիրեց Նարեկացու Մատյան Ողբերգության զարդարված մի օրինակ: Ռաֆայել Սրբազանին և Հայր Ներսեսին շնորհավորեցին նաև Հայկական Կարիտասի Տարեցների ցերեկային խնամքի կենտրոնի շահառուները, Փոքրիկ իշխանի սաները և Տաշիրի երիտասարդաց միության անդամները՝ նվերնով հանդերձ: Տաշիրի երիտասարդաց միությունն այսօր բավական կայացած կառույց է, ինչը համայնքներում ակտիվ հոգևոր կյանքի առկայության ցուցիչ է և Հայր Ներսեսի ծառայության մի գեղեցիկ պտուղը:
Երկու խոսք՝ վարդապետի անցած ճանապարհի մասին:
Հայր Ներսես վրդ. Գալստյանը ծնվել է 1980թ. մարտի 31-ին, Գյումրիում: Հոգևոր ճանապարհը սկսել է Գյումրիում բացված հայ կաթողիկէ Ներսիսյան դպրեվանքում՝ 2000-2002թթ., ապա ուսումը շարունակել Լվովի հույն կաթողիկէ Եկեղեցու Սուրբ Հոգու հոգևոր ճեմարանում և 2005թ. ավարտել Լվովի աստվածաբանության համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը: 2005-2009թթ. սովորել է Լյուբլինի Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի համալսարանում գերազանց առաջադիմությամբ և ստացել աստվածաբանության մագիստրոսի աստիճան, պաշտպանել մագիստրական թեզ՝ Եկեղեցական իրավագիտության ոլորտում: 2009թ. հունիսի 28-ին Արևիկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վարդապետ, ձեռամբ Արհ. Տ. Նշան արքեպս. Գարաքեհեյանի և նշանակվել Գյումրիի հայ կաթողիկէների փոխժողովրդապետ: 6 ամիս անց նշանակվել է Թբիլիսիի փոխժողովդրապետ: 2010-2011թթ. վարել է Երևան տեղափոխված Ներսիսյան դպրեվանքի հոգևոր տեսչի և ընդհանուր մատակարարի պաշտոնը: 2011թ. նշանակվել է Տաշիրի հայ կաթողիկէների ժողովրդապետ և այդ պաշտոնում ծառայում է մինչ օրս:
Հայր Ներսեսի ջանքերով վերանորոգվել է Մեծավանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայ կաթոդիկէ եկեղեցին՝ բարերարությամբ Սպարտակ Ավոյանի, զարգացել է Մեծավանի, Տաշիրի և հարակից այլ հայ կաթողիկէ համայնքի հոգևոր կյանքը, վերականգնվել կանոնավոր պաշտամունքը: Նրա նախաձեռնությամբ Նորաշեն համայնքն իր ֆինանսական մասնակի ներդրումն ունեցավ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցու շինարարության և ներքին հարդարման մեջ, որն իրականացավ հովանավորությամբ Հայ Կաթողիկէ առաջնորդարանի և օծվեց 2014-ին: 2015-ին Միխայլովկա գյուղում Հայր Ներսեսի նախաձեռնությամբ և Հայ Կաթողիկէ Եկեղեցու աջակցությամբ բացվեց նախակրթարան, որտեղ հաճախում է մոտ 30 երեխա: Վարդապետը մտադիր է Աստծո կամոք առաջիկայում Մեծավան գյուղում հիմնել քահանայատուն և սոցիալական ծրագրերի իրականացման մի կենտրոն: Նաև քայլեր է ձեռնարկում, որպեսզի մոտ ապագայում եկեղեցիներ կառուցվեն Տաշիրի տարածաշրջանի այն համայնքներում, որտեղ գործող եկեղեցիներ առայժմ չկան: