• Սարգիս Նաճարյանի «Ֆրանչիսկոս «Աղօթեցէք ինծի համար»» գիրքը և մեր ժամանակի մարտահրավերները

    Ճիշտ տեղին և ժամանակին լույս տեսած մի գիրք, որն անհրաժեշտ է մերօրյա հայ հասարակությանը


    Մեծ ուշադրությամբ և սրտի թրթիռով ընթերցեցի լիբանանահայ բազմավաստակ լրագրող պրն. Սարգիս Նաճարյանի՝ 2017թ. լույս ընծայված «Ֆրանչիսկոս «Աղօթեցէք ինծի համար»» գիրքը, որն իր մակագրությամբ ինձ ուղարկել է հեղինակը: Այս հույժ կարևոր գիրքն ինձ համար մի գեղեցիկ առիթ է՝ մեր ընթերցողներին ներկայացնելու հեղինակին, գիրքը և խորհրդածություններս՝ մերօրյա կաթողիկէ լրատվամիջոցների առաքելության մասին:

     

    Հեղինակը

    18448132_10203313034864670_1212103607_n

    Սարգիս Նաճարյանը անցել է լրագրության երկար ու բեղուն ճանապարհ, հեղինակել բազմաթիվ հոդվածներ՝ սփյուռքի և Հայաստանի իրականության տարբեր երևույթների մասին, Հայոց Ցեղասպանության և Հայ Դատի, հայի ինքնության, ներկա մարտահրավերների շուրջ, և որ ինձ համար առավե՛լ կարևոր է, իր սուր ու դիպուկ գրչով ուշի ուշով հետևել և հետևում է Ընդհանրական Եկեղեցու, Հռոմի Սուրբ Աթոռի, Հայ Եկեղեցու անցուդարձին, Սրբազան Քահանայապետերի կոնդակներին, շրջաբերականներին, այլազան թղթերին, խմբագրել է Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի «Մասիս» պարբերականը, կազմակերպել պատրիարքարանի լրատվական աշխատանքը, արժանացել բարձրագույն պարգևների, շքանշանների, պատվավոր կոչումների: Այսքանը, համառոտ, միայն այն է, ինչ ի՛նձ է հայտնի: Սարգիս Նաճարյանը այսօր Հայ Կաթողիկէ Եկեղեցու լրատվության ամենապայծառ անհատականություններից մեկն է, ով նոր էջ բացեց հայ եկեղեցական լրագրության ասպարեզում և, հուսով եմ, կառաջնորդի մի նոր սերունդ, ով առաջ կտանի հայ կաթողիկէ լրատվությունը՝ քայլելով ժամանակին համընթաց: Բայց այս կետին կանդրադառնանք քիչ հետո:

     

    Գիրքը

     

    «Ֆրանչիսկոս «Աղօթեցէք ինծի համար»»-ը մեր ժամանակի հայ հասարակության հոգևոր և բարոյական կարիքներին համահունչ մի գիրք է: Այլ խոսքով, սա իր ժամանակի՛ գիրքն է: Գրքի շեշտադրությունն էլ խոսում է այս մասին.հեղինակի նպատակն է մի կողմից հայ հասարակությանը ավելի լավ ծանոթացնել մեր ժամանակներում Քրիստոսի աշակերտին վայել կյանքի մի գեղեցիկ վկայություն, մի կերպար, որ գրավիչ է անգամ աշխարհիկ (secular) մտածողությամբ ու բարքերով ապրող հանրության համար, մի կերպար, որ, լինելով ինքնին խորապես հոգևոր և, միաժամանակ, խորապես իրատես մի անհատականություն, տեղ գտավ անգամ աշխարհի ձևապաշտության խորհրդանիշ Time թերթի առաջին էջին՝ որպես տարվա մարդ, որպես «մեծ հաղորդակցող»՝ Great Communicator: Ինչպես գրքի սկզբում գրում է հայ լրագրության մեկ այլ գիսաստղ՝ Հ. Անդրանիկ ծ.վրդ. Կռանյանը, «Հեշտ չէ այսպիսի կարկառուն անձնաւորութիւն մը ներկայացնել, սակայն Սարգիս Նաճարեան իր այս հատորով կը յաջողի ասիկա կատարել…»: Պետք է ասել, որ հեղինակն իր սուր, լակոնիկ բայց և ընդգրկուն ոճով կարողացել է բավական հստակ մի պատկեր տալ՝ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի մասին՝ հայ ժողովրդի հանդեպ նրա վերաբերմունքի ցուցիչների պատշաճ հավելումներով, որոնք առավել առինքնող են դարձնում Ֆրանցիսկոսի անհատը մեզ՝ հայերիս համար: Այս գրքի առանձնահատուկ կարևորությունը ինձ համար ոչ թե միայն պատումի յուրօրինակությունն է, կամ ընդգրկունության աստիճանը, այլ առավել՝ հայ հասարակության համար Կաթողիկէ Եկեղեցու այս ականավոր դեմքը ավելի հարազատ դարձնելու այսպիսի համարձակ և հույժ պատե՛հ ձեռնարկը:

     

    18425777_10203313034784668_1730752519_n

    Հիրավի, ինչպես հեղինակն էլ նշում է մի քանի հատվածներում, այսօր հայ, մասնավորապես, հայաստանյան լրագրությունը և մտավորականությունը, քիչ և ոչ պատշաճ, ոչ խորությամբ ըմբռնված ու արժևորված տեղ է հատկացնում Ընդհանրական Եկեղեցու Պետի կերպարին, խոսքերին ու դերին՝ ոչ միայն 1, 3 մլրդ հավատացյալների, այլև միջազգային լայն հանրության կարծիքի ձևավորման, հոգևոր, մշակութային, քաղաքակրթական, քաղաքական, տնտեսական գործընթացների վրա հուժկու և հեռանկարային ազդեցությամբ, այլև՝ հայ ժողովրդի դատի, մշակութային արժեքների պաշտպանության գործում: «Ֆրանչիսկոս Պապին պատգամը մամուլին և հայ լրագրությանը» հոդվածում (էջ 73) Նաճարյանը ափսոսանք է հայտնում, որ 2016-ի հունիսին, Հայաստան այցելության օրերին, առիթը չունեցավ հանդիպելու հայաստանյան լրագրողներին և անոնց փոխանցելու իր հորդորները, իսկ «Վայ մեզի, եթէ Պապը չի կրկներ Ցեղասպանութիւն բառը» հոդվածում (էջ 91) գրում է.«Լաւ կըլլար, որ լրագրողները ցեղասպանութիւն բառին Պապին կողմէ անընդհատ արտասանութիւնը անկնկալելու եւ յետոյ Պապին վերապահուած պաշտօնական ու ժողովրդային բացառիկ ընդունելութեան մէջ՝ միայն հայութեան երախտագիտական զգացումներուն արտայայտութեան մասին բարձրաձայնելու փոխարէն կամ գոնէ անոր զուգահեռ ուշադրութիւն դարձնէին նաեւ…բազմաթիւ առումներով նշանակալի անոր ելոյթներուն»: Նաճարյանն իր արհեստավարժ հոդվածներում ամփոփ ներկայացնում է ոչ միայն Հայաստանում Պապի ելույթների առանցքային կետերը, որոնք մեր լրագրողները և մեկնաբան մտավորականները այդպես էլ չկարողացան ըստ արժանվույն յուրացնել ու հասցնել հայ հասարակությանը, այլև Պապի քահանայապետության կարևոր շեշտադրությունները, որոնք ընդհանրապե՛ս դուրս են մնում հայ հասարակության պրիզմայից, եթե չհաշվենք երբեմն երբեմն ջրի երես լողացող նյութերը, որոնց հեղինակները փորձում են միայն սենսացիաներ տեսնել Պապի քայլերի կամ խոսքերի մեջ:

     

    Հաղորդակցության միջոցների զարգացման և տեղեկատվության սփռման արագության ներկայիս մակարդակում առավել քան երբևէ կարիքը կա տեղեկատվության օբյեկտիվ փոխանցման և վերլուծության՝ հատկապես Ընդհանրական Եկեղեցու գործընթացների վերաբերյալ, որոնց մի մեծ մասը բաժին է ընկնում Սուրբ Պետրոսի հաջորդին, որ երկրային գլուխն է Տիրոջ Եկեղեցու: Նրա կերպարի և գործունեության թյուրըմբռնում կա ամբողջ աշխարհում, բայց արևմտյան կաթողիկէ հասարակությունը ավելի արհեստավարժ է և, այս առումով, ավելի գրագետ՝ հասկանալու, որ Կաթողիկէ Եկեղեցու Սրբազան Քահանայապետը, լինելով նաև 44 հա տարածքով Վատիկան փոքրիկ պետության ղեկավարը, քաղաքական հաշվենկատ գործիչ չէ՝ կայսերապաշտական հաշվարկներով: Հայաստանի նման երկրներում, որտեղ կա Ընդհանրական Եկեղեցու անցուդարձից մեկուսացվածության որոշակի մակարդակ, մեծ կարիք կա հասկանալի հայերեն լեզվով բացատրելու, փոխանցելու այս պարզ ճշմարտությունը, մանավանդ, որ երբեմն այն դիտավորյալ խեղաթյուրվում է: Ուզում եմ այստեղ միայն մեջբերել Նաճարյանի տողերը.«…այն ինչ որ Պապը ըսաւ եւ ըրաւ՝ «քաղաքական միտումներով արտասանուած խօսքեր եւ կատարուած նախաձեռնութիւններ չէին երբեք, այլ՝ մարդկայնականութեան պահանջներ…Անոր ելոյթներն ու արարքները «մարդկայնականութեան քաղաքականութիւն» էին (էջ 34):

     

    18424822_10203313035064675_326809660_n

    Եվ, վերջապես, իր այս գրքում փորձառու լրագրողը վերստին հայտարարում է ճշմարտութիւններ, որոնք խամաճիկային լրատվությունը չի ուզում ի գիտութիւն ընդունել.ճշմարտութիւններ՝ Սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական Վարդապետ հռչակելու, Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը Սուրբ Պետրոսի տաճարի գավթում տեղադրման գործընթացների կազմակերպիչների և այլ իրողությունների մասին, որոնք ոչ թե անհատների փառաբանությանն են հայում, այլ՝ ճշմարտության հանդեպ ազնվության հարգանքին, որը լրագրողի էթիկայի հիմնական բնորոշիչն է: Այս իմաստով Սարգիս Նաճարյանի գիրքը շատ ուսանելի է նաև լրագրությամբ զբաղվողների համար, թե Եկեղեցում և թե ավելի լայն մասշտաբով:

     

    Մարտահրավերներ հայ կաթողիկէ լրագրության

     

    Հույս ունեմ և աղոթում եմ, որ Սարգիս Նաճարյանի այս հատորը տարածվի հնարավորինս մեծ քանակությամբ և առավելագույնս հասանելի դառնա Հայաստանում և սփյուռքում, նաև թարգմանվի օտար լեզուներով: Հույս եմ փայփայում նաև, որ այս հատորին կհետևեն շատ այլ հատորներ՝ նույն ուղղվածությամբ և տեսլականով: Այսօր, առավել քան երբևէ, Հայ Կաթողիկէ Եկեղեցին, հայ հասարակությունը կարիքն ունի հաղորդակցման միջոցների բոլոր կարելիությունները օգտագործելու՝ իր հավատացյալին Կաթողիկէ Եկեղեցու մասին ամբողջական տեղեկատվությամբ ապահովելու համար, մանավանդ՝  հայերենով և մայր հայրենիքում ապրող հային, ով շատ հաճախ կտրված է Ընդհանրական Եկեղեցու մասին օբյեկտիվ տեղեկատվությունից:

     

    Մենք՝ հայ կաթողիկէ լրագրությամբ զբաղվողներս, կարիքն ունենք միացնելու մեր ջանքերը և աշխատելու համագործակցության գործուն ցանցի մեջ՝ միասնական սկզբունքներով և տեսլականով: Հարկ է այս ուղղությամբ ավելի ակտիվ աշխատել, շարունակել ընդհանուր ժողովները, կատարել փորձի փոխանակման այցելություններ, մշակել միասնական ծրագրեր, ստեղծել միասնական ֆինանսական հիմնադրամներ, հանձնաժողովներ, ղեկավար մարմիններ, աշխատել համահունչ նպատակներով՝ ծառայելով Մեկ Ընդհանրական Եկեղեցուն և հայ ազգին:

     

    Օրեր առաջ՝ 2017թ. մայիսի 4-ին, երկու տարի առաջ ստեղծված Սուրբ Աթոռի Հաղորդակցության քարտուղարության լիագումար համագումարի մասնակիցներին ուղղված իր խոսքում Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ասաց.« Տեղի չտա՛նք փառավոր անցյալին կապվելու փորձությանը, այլ միասնական մեծ հանձնառությամբ համապատասխանե՛նք հաղորդակցության նոր մարտահրավերներին՝ առանց երկյուղի»:

     

    Որպեսզի չմեկուսանանք և համընթաց քայլենք այն բարեփոխումներին, որոնք ձեռնարկել է Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ միավորելով կաթողիկէ բոլոր հաղորդամիջոցների աշխատանքը, հարկ է ստեղծել Սուրբ Աթոռի ազդեցիկ լրատվամիջոցների հետ միասնական աշխատանքի առիթներ, կատարել ճանաչողական այցելություններ, փոխանակվել տեղեկատվությամբ, թղթակցել, հայացնել, հայկական նյութերը թարգմանել այլ լեզուներով և այս ամենը՝ փոխօգնությամբ:

     

    Այս տեսլականը իրականություն դարձնելու համար մենք այսօր կարիքն ունենք Սարգիս Նաճարյանի նման փորձառու լրագրողների և նաև երիտասարդ լրագրող-հոգևորականների ջանքերի և նախաձեռնության:

     

    Սա թող ընդունվի որպես կոչ և հրավեր:

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

     

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց