• Ավետման տոնի խորհուրդը.քարոզ Հ. Նարեկ վրդ. Մնոյանի

    Հիսուս խաչի վրայից, ի դեմս Հովհաննեսի, ասաց յուրաքանչյուրիս. «Ահա՛ քո մայրը»:


     

    Ավետումը Եկեղեցու մեծագույն տոներից է, քանզի պատմականորեն մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի տնօրինական տոներից առաջինն է։ Տնօրինական ասելով հասկանում ենք Աստվածորդու փրկագործ տնօրինական յուրաքանչյուր գործունեություն, որ Նա կատարեց ի փրկություն մեղավոր մարդկության։ Եվ այս գետնի վրա առաջին տնօրինությունն է, քանզի Գաբրիել հրեշտակապետի գալուստը Կույս Մարիամի մոտ և յուր խոնարհ հնազանդումը Աստուծո կամքին թե․ «Ահավասիկ ես մնում եմ  Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» Սուրբ Հոգու զորությամբ կատարվեց մարմնացումը մարդեղացումը Աստուծո Բանին։ Այս պահից սկսվեց Քրիստոսի փրկչագործությունը, այսինքն` Աստվածամոր «եղիցին» սկիզբ դրեց Քրիստոսի փրկարար առաքելության։ Եվ Սրբուհի Մարիամը դարձավ նախահավիտենից մայրը խոստացյալ Մեսիայի մայրը և կուսական ծննդյամբ Աստուծո Միածին Որդու, նա մնաց Մայրը Անեղ և Անմահ Բանին ի հավիտյանս։

     

    Տոնին առնչվող այս փոքրիկ նախաբանը խոսեցինք տրամադիր դարձնելու յուրաքանչյուր հավատացյալ հոգուն` ապրելու և սաղմոսերգուի հետ աղոթելու թե․ «Պատրաստ է սիրտ իմ, Աստուած, պատրաստ է սիրտ իմ օրհնել և սաղմոս ասել Քեզ փառօք իմովք» (Սղմ․ՃԷ․2)։

     

    Առանց Բարձրյալին օրհնելու և փառաբանելու` մենք չենք կարող մտնել յուր անճառելի խորհուդների մեջ և, նամանավանդ, փոքր ինչ գիտակից պատկերացում կազմելու Բազմագութ մեր երկնավոր Հոր անսահման սիրո և ողորմածության մասին, որոնց շնորհիվ մենք պոկվեցինք մեղքի ճիրաններից և վերստին հնարավորություն ստացանք Երկնքի լուսավոր հարկեր մտնել։

     

    Մարդուս արարումը և իր փրկագործումը՝ խորհուրդներ են, որ սքանչելի կերպով լրացնում են իրար։ Ստեղծագործության պահին մարդու հոգու մեջ դրոշմվեց Աստծո պատկերը և նմանությունը․ «Արասցուք մարդ ըստ պատկերի մերում եւ ըստ նմանութեան» (Ծնն․ Ա,26)։ Փրկագործության պահին, մեղքով խաթարված և խեղված այս պատկերը կատարելապես նորոգվեց․ Ստեղծագործության նախատիպն է Բանն (այսինքն Խոսքն Աստուծո)` Փրկագործության պահին, նորոգիչը պատկերի Բանն է մարդացյալ (Խոսքը Աստծո, որ մարդացավ Միածին Որդին Աստուծո)։ Առանձնաշնորհումը Ս․ Կույս Մարամի լուսաշող կերպով ամփոփվում և ցոլում է Յուր Միածնի Անճառելի Ծնունդով և Նրա Փրկագործ առաքելության մեջ։

     

    Սակայն, սիրելի՛ հավատացյալներ, Մարեմական խոնարհ և անզուգական առաքելությունը մեկ անգամ եղած և ավարտված իրողություն չէ, միայն Յուր Միածնին լույս աշխարհ բերելով չի սահմանափակվում։ Փրկագործության ազդարարող մեկնարկ նկատելով Մարիամի «եղիցին», «այոն»՝ դա Աստծո կամքի շարունականությունն է։ Քանզի շարունակականության մեջ է նաև մարդուս փրկագործումը։ Անշուշտ, Քրիստոս մեկ անգամ և ընդմիշտ Յուր Սուրբ Խաչով գնեց մեղապարտ ազգը մարդկային, սակայն հետայսու այն կենսագործում և ապրում է փրկարար Սուրբ Խորհուրդների մեջ։ Մկրտությամբ Աստծո զավակ դարձած քրիստոնեաներս կանչված ենք ապրելու, կենսագործելու մեր փրկագործությունը, և սրա թագը ու պսակը Ս․ Հաղորդության Խորհուրդն է։ Արարչությամբ սկսված և փրկագործությամբ շարունակվող այս գործի նորոգման շարունակականություն է Ս․ Հաղորդությունը՝ Կենարար Ս․ Մարմինը և Ս․ Արյունը մեր Փրկչի, զորս հասցնում է մարդուս վերջնական փոխակերպության՝ Աստվածային պատկերի նորոգության մեջ․ «Նա մեր մեջ է Մարմնով և մենք՝ Իր մեջ, և Նրանով ինչ որ ենք, Աստուծո մեջ ենք». ասում է Ս․ Հիլարիոսը։ Արդ Ս․ Կույսի միջոցով է մարդեղությունը Միածնի, հետևաբար նաև՝ Ս․ Հաղորդությունը։ Ահա մեղավոր մարդուս փոխակերպումը Աստվածային տնտեսության մեջ, և այստեղ է Ս․ Կույսի հարատև գործակցությունը։

     

    Տաճարները, տապանակ ուխտի, սափոր ոսկի և այլ սրբազան անօթներ Աստածամոր պատկերներն են։ Սակայն տաճարներից և անօթներից առավել կենսագործող և Քրիստոսը նորից և նորից աշխարհիս պարգևող և ավետողն է Ս․ Կույսը։ Քանզի Գառն Աստուծո, որ առավ Իր վրա մեղքն աշխարհի, վիրավոր և խոցված Քրիստոսի մարմինն Իրենն է, Մարիամինն է Արյունը, որ Հեղում է Միածինն Աստված։ Ո՞վ առավելապես, եթե ոչ ինքը՝ Աստվածածին Մայրը, կարող է աշխարհին ցույց տալ իր խաչեցյալ Որդուն։ Ի՛ր իսկ անձից ծնված Զոհն է Հացը Կենաց և կենդանարար հեղվող Ս․ Արյունը․ ինչպես երգում են մեր հայրերը․

    «Զանապական Կոյսն Մարիամ՝ Աստուածածին խոստովանի սուրբ Եկեղեցի․ ուստի տուաւ Հացն անմահութեան եւ բաժակ մեզ ուրախարար»։

     

    Հիսուս Ինքը քավիչ Իր Զոհը լրացնելու և Ս․ Կույսի մասնակցությունը Փրկագործության մեծ խորհուրդի մեջ ցոլացնելու համար խոսեց Իր Մոր հետ․ կանգնե՛ք Աստվածամոր հետ Գողգոթայի գագաթը և ականատես դարձե՛ք Նրա հետ յուր Աստվածային Որդու հոգևարքին՝ Խաչի առաջ․  «Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որի մոտ էր կանգնած, որին նա սիրում էր ասաց․ «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ Ապա աշակերտին ասաց «Ահա քո մայրը»․․․․Այնուհետև Հիսուս, գիտենալով թե ահա ամեն ինչ կատարված է․․․» (Հովհ․ ԺԹ․ 25-28) Առանց այս դրվագի Ս․ Գրքում ինչ որ ասված է, պիտի չունենար իր ամբողջական բացատրությունը և ամենը պիտի չունենար իր լրումը։

     

    Ահա՛ սիրելիներ, Մայր մեր, որ սիրահոժար կրեց և կրում է Իր Որդու Խաչն ու Գամը՝ ի սեր նաև մոլորյալ և մեղավոր մարդկության։ Աղոթքով և անկեղծ սիրով մոտենանք մեր Մորը՝ կնքելով մեր խոսքը շարականի տողերով․ Ողջո՛յն Քեզ․

     

    «Ծառ կենաց անմահական Պտղոյն, տապանակ կտակի Բանին եւ Սափոր ոսկի երկնային մանանային հոգեւոր երգով զքեզ, Սրբուհի՛, մեծացուցանեմք»։

     

     

     

     

    Հ․ Գ․ Սիրելի հավատացյալնե՛ր, չեմ կարող չհիշել երանավետ այս օրը Սրբալույս մեր վարդապետին՝ Ս․ Գրիգոր Նարեկացուն՝  ևս մեկ անգամ փառք տալով Աստծուն Իր բազում շնորհների համար, որ հեղում է մեր ազգի վրա։ Քանզի երկու տարի առաջ՝ 2015 թվականին, Ավետման տոնին Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Աստվածատես Ս․ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Ընդհանրական Եկեղեցու դոկտոր։ Ուստի տոնական այս օրը ևս մեկ առիթ է հոգևոր մեր ցնծության և Ս․ Գրիգոր Նարեկացու մասին ոչ թե խոսելու, այլ ևս մեկ անգամ աղոթելու Իր Աստվածահաճո Մատյանից․

     

    «Ցու՛յց տուր Աստծուն պարարտությունը քո հալածյալ անձի,

    Որպեսզի ընդունես դու փոխատուից պարտքերիդ թողություն»

    (Մատյան Ողբերգության, Բան ԽԵ)։

     

    Հ. Նարեկ վրդ. Մնոյան

Օրացույց

Օրացույց