«Ամուսնության խորհրդի շնորհի նպատակը ամենից առաջ «կատարելագործելն է զույգի սերը»:
1 սեպտեմբերի, 2016թ.
Հատված՝ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի «Amoris Laetitia»՝ «Սիրո ուրախությունը», առաքելական հորդորից՝ Ընտանեկան սիրո թեմայով, որը հրապարակվեց 2016թ. մարտի 19-ին՝ ամփոփելով 2015թ. հոկտեմբերին Հռոմում ընտանիքի թեմայով գումարված եպիսկոպոսների ընդհանուր սինոդոսի քննարկումները:
Սերն՝ ամուսնության մեջ
89․ Անհնար կլինի արտահայտել ամուսնության և ընտանիքի Ավետարանը, եթե չխոսենք նաև սիրո մասին։ Քանի որ մենք չենք կարող խրախուսել հավատարմության ուղին և փոխադարձ անձնազոհությունն` առանց խրախուսելու ամուսնական ու ընտանեկան սիրո աճը, ամրապնդումը և խորացումը։ Անշուշտ, ամուսնության խորհրդի շնորհի նպատակը ամենից առաջ «կատարելագործելն է զույգի սերը»։ Այստեղ ևս մենք կարող ենք ասել, որ «նույնիսկ եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ։ Եվ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ» (Ա Կոր․, 13 ։ 2-3)։ «Սեր» բառը, սակայն, սովորաբար օգտագործվում և հաճախ չարաշահվում է։
Մեր առօրյա սերը
90.Սբ․ Պողոսի այս քնարերգական հատվածում մենք տեսնում ենք ճշմարիտ սիրո որոշ առանձնահատկություններ.
«Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում, անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ.ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում»։ (Ա Կոր․, 13 ։ 4-7)
Զույգերն ու նրանց երեխաները ապրում ու սնում են սերը իրենց առօրյա կյանքում։ Օգտակար է ավելի խորը մտածել Պողոս առաքյալի այս տեքստի մասին և դրա առնչության մասին՝ յուրաքանչյուր ընտանիքի կոնկրետ իրավիճակի համար։
Սերը համբերատար է
91․ Առաջին օգտագործված բառը makrothyméi-ն է։ Սա պարզապես չի նշանակում «տանել ամեն ինչ», քանի որ այդ միտքն արտահայտված է յոթերորդ համարում։ Դրա իմաստը պարզաբանված է Հին Կտակարանի հունարեն թարգմանության մեջ, որտեղ մենք կարդում ենք, որ Աստված «չի շտապում բարկանալ» (Ելք 34 : 6 , Թվեր 14:18)։ Սա վերաբերում է մեկին, ով չի գործում բնազդով և խուսափում է վիրավորելուց։ Մենք այս որակը գտնում ենք Ուխտի Աստծո մեջ, Ով մեզ կոչ է անում ընդօրինակել Իրեն՝ նաև ընտանեկան կյանքում։ Սբ․ Պողոսի տեքստերը, որոնցում օգտագործված է այս բառը, պետք է կարդալ Իմաստության Գրքի (11:23; 12:2, 15-18) լույսի ներքո, որը գովաբանում է Աստծո զսպվածությունը` ապաշխարհության հնարավորություն թողնելով, բայց պնդելով Իր հզորությունը, ինչպես որ երևում է Իր ողորմության գործերում։ Աստծո «համբերատարությունը»՝ հայտնված մեղավորների հանդեպ Իր ողորմության մեջ, Նրա իրական զորության նշանն է։
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը