• Լսեցե՛ք երկիր մոլորակի և աղքատների աղաղակը.հատված՝ Ֆրանցիսկոս Քահանայապետի «Գովեմ զՔեզ» (Laudato Si’) շրջաբերականից

    Հարմարավետության մեջ ապրող հարուստ վերնախավը շփում չունի աղքատների հետ և արհամարհում է նրանց խնդիրները, վստահ է Քահանայապետը:


    18 օգոստոսի, 2016թ.

    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը իր «Գովեմ զՔեզ» (Laudato Si’) շրջաբերական նամակը հրապարակեց 2015թ. մայիսի 24-ին: Այս առանցքային եկեղեցական փաստաթուղթը արարչագործության և սոցիալական հիմնախնդիրների աստվածաբանության մասին է: Քննարկվում են մերօրյա խնդիրների պատճառները և առաջարկվում են լուծումներ գտնելու ճանապարհներ՝ ըստ Ավետարանի և Եկեղեցու վարդապետության: Պարբերաբար կներկայացնենք հատվածներ՝ այս շրջաբերականից: Ստորև ներկայացնում ենք հատված՝ I գլխի V կետից:

    V.Համընդհանուր անհավասարություն

     

    48․ Մարդկային և բնական միջավայրերը միասին ապականվում  են․ մենք չենք կարող համարժեքորեն պայքարել շրջակա միջավայրի քայքայման դեմ, մինչև չառերեսվենք այն պատճառներին, որոնք կապված են մարդկային և սոցիալական քայքայման հետ։ Ըստ էության, շրջակա միջավայրի և  հասարակության քայքայումն ամենաշատն ազդում է մոլորակի առավել խոցելի մարդկանց վրա։ «Ամենօրյա փորձն ու գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ շրջակա միջավայրին հասցված ծանրագույն վնասներից ամենաշատը տուժում են  աղքատները»։ Օրինակ, ձկնորսական պաշարների սպառումը՝ առանց այդ ռեսուրսները վերականգնելու միջոցների, հատկապես վնասում է փոքր ձկնորսական համայնքներին․ ջրի աղտոտումը, հատկապես, ազդում է աղքատ մարդկանց վրա, ովքեր հնարավորություն չունեն շշալցված ջրեր գնելու, և ծովի մակարդակի բարձրացումը, հատկապես, ազդում է ափամերձ աղքատ բնակչության վրա, ովքեր ոչ մի տեղ չունեն գնալու։ Այս անհավասարությունների հետևանքը տեսանելի է նաև շատ վաղաժամ մահացող աղքատների վրա՝ ռեսուրսների կրճատման պատճառով առաջացած հակամարտություններում, և շատ ու շատ այլ խնդիրներում, որոնք պատշաճ կերպով չեն ներկայացվում համաշխարհային օրակարգերում։

     

    49․ Անհրաժեշտ է ասել, որ ընդհանուր խոսելը շատ քիչ է՝ հստակ պատկերացում կազմելու համար այն  խնդիրների մասին, որոնք հատկապես ազդում են  մերժվածների վրա։ Մինչդեռ, նրանք կազմում են մեր մոլորակի բնակչության մեծամասնությունը՝ միլիարդավոր մարդիկ։ Այս օրերին նրանց մասին նշում են շատ քաղաքական և տնտեսական քննարկումների մեջ, բայց հաճախ այն տպավորությունն է, որ նրանց խնդիրները մղված են հետին պլան, մի խնդիր, որը համարյա հանվել է պարտավորությունների ցուցակից կամ համարվում է  երկրորդական, եթե ոչ՝ պարզապես անուղղակի վնաս։ Անշուշտ, երբ ամեն ինչ ասվում և արվում է, նրանք մնում են ստվերում։ Սա, մասնավորապես, այն բանի պատճառով է, որ շատ պրոֆեսիոնալներ, կարծիք ձևավորողներ, հաղորդակցական միջոցներ ու  ուժային կենտրոններ, տեղակայված լինելով հարուստ քաղաքային տարածքներում, շատ հեռու են գտնվում աղքատներից՝ համարյա  անմիջական շփում չունենալով նրանց խնդիրների հետ։ Նրանք ապրում են և դատում կյանքի բարձր զարգացած մակարդակի և որակի հարմարավետ դիրքից, որը հասանելի չէ աշխարհի բնակչության մեծամասնությանը։ Այս ֆիզիկական շփման և հանդիպման պակասը, որը ժամանակ առ ժամանակ խորանում է մեր քաղաքների կազմալուծմամբ, կարող է հանգեցնել խղճի թմրեցման և միտումնավոր վերլուծությունների, որոնք արհամարհում են իրականության որոշ կողմեր։ Ժամանակ առ ժամանակ, այս վարմունքը գոյություն ունի «կանաչ» հռետորաբանության հետ կողք կողքի։ Այսօր, սակայն, մենք պետք է գիտակցենք, որ իսկական բնապահպանական մոտեցումը միշտ դառնում է սոցիալական մոտեցում․ այն շրջակա միջավայրի մասին քննարկումներում պետք է ներառի  արդարության հարցերը, որպեսզի լսվեն թե՛ երկիր մոլորակի, թե´ աղքատների աղաղակը։

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց