«Ահա՛ Սիրտը, որը այդքան սիրեց մարդկանց և չխնայեց իրեն մինչև վերջ…»
Հունիս ամսին Կաթողիկէ Եկեղեցում սովորություն կա կատարելու ջերմեռանդական աղոթքներ՝ նվիրված Հիսուսի Սուրբ Սրտին: Այս գեղեցիկ ջերմեռանդությունը սկիզբ է առել Արևմուտքում և մուտք գործել նաև հայ կաթողիկէ համայնքներ: Կատարվում է նաեւ Սուրբ Հաղորդության երկրպագություն, որի ընթացքում աղոթում են Հիսուսի Սուրբ Սրտին նվիրման աղոթքները, Լիթանիան, այլ աղոթքներ, ընթերցվում են Հիսուսի Սուրբ Սրտի ողորմությամբ տեղի ունեցած բուժումների պատմություններ:
Ի՞նչ է Հիսուսի Սուրբ Սրտի ջերմեռանդությունը:
Ի սկզբանե Եկեղեցին խորին հարգանք է տածել մարդկության նկատմամբ Քրիստոսի զոհաբերական սիրո հանդեպ, որի համար գոյություն են ունեցել տարբեր խորհրդանիշներ. վաղ միջնադարում եղել է Բարի Հովվի կերպարը, միջին դարերում Քրիստոսի հինգ վերքերի և փշե պսակով թագադրված պատկերի պաշտամունքը: Այդ ժամանակ էլ ի հայտ եկավ Հիսուսի Սուրբ Սրտի պաշտամունքը: Այս ջերմեռանդության հետքերը հիմնականում կարելի է հայտնաբերել Սաքսոնիայի XIII դարի ցիստերցիան միանձնուհիների վանքերում, միջին դարերի սրբերի կենսագրություններում, դոմինիկյան, ֆրանցիսկյան և կարտեզյան միաբանությունների գործունեության մեջ: Սակայն եկեղեցական կյանքում այն ուշագրավ երևույթ դարձավ արդեն նոր ժամանակներում՝ 18-րդ դարից սկսյալ:
Հիսուսի Սուրբ Սրտի պաշտամունքը գործածվել է այսպես կոչված «նոր բարեպաշտության» հետևորդների կողմից (որն ընդունված է եղել Նիդեռլանդների «Համակեցական կյանքի եղբայրների» համայնքներում), աջակցություն գտել XVI դարում առաջացած նոր կրոնական միաբանություններում և Եվրոպայում հայտնի ճգնավոր ուսուցիչների կողմից:
Լյուդովիկոս XIV-ի ժամանակաշրջանի ֆրանսիացի քահանա Սբ. Ժան Էդը՝ հոգևոր առաջնորդների թույլտվությամբ, առաջին անգամ 1672թ. մատուցեց Հիսուսի Սրտին նվիրված Պատարագ: Հենց նա էլ հանդիսանում է Ֆրանսիայում Հիսուսի Սրտի պաշտամունքի ավանդույթի հիմնադիրը:
Հիսուսի Սրտի պաշտամունքի տարածման գործում մեծ դեր են խաղացել միանձնուհի Մարգարիտա Մարիա Ալաքոքի մարգարեությունները (կանխատեսությունները): Հիսուսը նրան հայտնվել է 1675թ. Տիրոջ Մարմնի տոնին և պատվիրել հաստատել Նրա Սրտին նվիրված մի տոն: Քույր Ալաքոքին աջակցում է իր խոստովանահայր հիսուսյան Հայր Կլոդա դե լա Կոլոմբեն: 1684թ.-ին լույս տեսավ Կոլոմբեի գիրքը՝ Մարգարիտա Մարիայի մարգարեությունների նկարագրությամբ, իսկ 1691թ.՝ Մարգարիտա Մարիայի կենսագրությունը, որը պատկանում էր հիսուսյան Ժաննա Կրուազեի գրչին: 1698թ. Ալաքոքը գրեց և հրապարակեց իր սեփական գիրքը՝ Հիսուսի Սուրբ Սրտի պաշտանմունքի մասին: Դրանք բոլորն էլ մեծ հեղինակություն էին վայելում ֆրանսիական հոգևորականության շրջանում:
Հիսուսի Սուրբ Սրտի պաշտամունքը ընդլայնվում էր, ի հայտ էին գալիս բազմաթիվ եղբայրություններ՝ նվիրված «Հիսուսի Սրտին»: Առաջին հրապարակային երկրպագությունը Հիսուսի Սրտին և համընդհանուր նվիրվածությունը արձանագրվել է 1720թ.: Դա տեղի է ունեցել Մարսելում՝ ժանտախտի համաճարակի ժամանակ: Սակայն Հռոմը դանդաղեցնում էր համապատասխան տոնի ընդունումը:
Վերջապես Կղեմես XIII Պապն այդ տոնը հաստատեց Ֆրանսիայում՝ 1765թ.: 1794թ. Պիոս VI Պապը իր «Auctorem fidei» կոնդակի մեջ պաշտպանեց Հիսուսի Սրտի պաշտամունքը յանսենականների հարձակումներից, ովքեր պնդում էին, որ թույլատրելի չէ մարմնավոր սրտի պաշտամունքը:
1856թ. Պիոս IX Պապը հռչակեց Հիսուսի Սրտի պաշտամունքը՝ որպես պարտադիր տոն բոլոր կաթողիկէ եկեղեցիների համար:
1899թ. հունիսի 11-ին Լևոն XIII Պապը ամբողջ մարդկությանը նվիրաբերեց Հիսուսի Սուրբ Սրտին՝ դա համարելով իր ամենալավ գործը: Այդ նվիրաբերության համար նրան խնդրել էր Սուրբ Սրտի միանձնուհի Մարիան՝ Բարի Հովիվ միաբանությունից՝ պնդելով, որ դա Տեր Հիսուս Քրիստոսի խնդրանքն է իրեն: Նա մահացավ հենց Սուրբ Սրտի տոնի օրը: Լևոն XIII-րդը նաև հաստատեց Հիսուսի Սուրբ Սրտի Պատարագ, որը այսուհետ պետք է մատուցվեր յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրերին:
XX-րդ դարի երկրորդ կեսին՝ Եվրոպային բաժին հասած ծանրագույն ժամանակաշրջանում, Հիսուսի Սրտի պաշտամունքը դարձավ առավել հայտնի: Այդ ժամանակ էլ սրբացվեցին Հիսուսի Սրտի պաշտամունքի նախակարապետները՝ քույր Մարգարիտա Մարիա Ալաքոքը՝ 1920թ., Հայր Ժան Էդը՝ 1925թ., իսկ Հայր Կլոդ դե լա Կոլոմբեն դասվեց երանելիների շարքը՝ 1992թ.: Պիոս XII Պապը 1956թ.-ին մի հատուկ կոնդակ նվիրեց Հիսուսի Սուրբ Սրտի պաշտամունքին:
Հիսուսի Սրտի պաշտամունքի դեմ ընդվզումներ եղան յանսենականների ճամբարում (Կաթողիկէ Եկեղեցու XVII-XVIII-րդ դարերի ընդդիմադիր շարժում, որը ի վերջո բաժանվեց Եկեղեցուց) և Լուսավորության դարաշրջանի աստվածաբան-ռացիոնալիստների միջև:
Արդեն XX-րդ հարյուրամյակում Հիսուսի Սրտի պաշտամունքի գործնական դրսևորմանն ավելի խոր հիմնավորում փորձեց տալ ականավոր գերմանացի աստվածաբան հիսուսյան Կառլ Ռահները: Նա ընդգծեց «Սրտի» խորհրդանշական իմաստը՝ որպես նախա-Խոսք, նախա-Հասկացություն, որով հիմնավորվում են Սուրբ Գիրքը և հին եկեղեցական պրակտիկան, ինչպես նաև՝ որպես անձի անհատականության կենտրոն, մարդկային «ես-ի» կենտրոնացում:
Այսպիսով, կարող ենք խոսել տվյալ պաշտամունքի աստվածաբանա-մարդաբանական հիմունքների մասին: Տոնի ծիսական տեքստերը ընդգծում են Հիսուսի սրտին նմանվելու անհրաժեշտությունը, իսկ նախաբանը մատնանշում է գեղարդով խոցված Հիսուսի Սիրտը՝ որպես Մկրտության և Սբ. Հաղորդության խորհուրդները լուսավորող շնորհի աղբյուր, առանց որի անհնար է Փրկությունը:
Ժամանակակից եկեղեցական օրացույցում Հիսուսի Սրտին, բացի հիմնական տոնից, նվիրվում են ամսվա յուրաքանչյուր առաջին ուրբաթը և ամբողջ հունիս ամիսը:
Սուրբ Սրտի տասներկու խոստումները
Գոյություն ունի Հիսուսի Սուրբ Սրտի տասներկու խոստումների մի ցանկ, որի կազմողի անունը հայտնի չէ, բայց, ըստ ավանդության, այդ ցանկը հիմնված է Փրկչի կողմից Սուրբ Մարգարիտա Մարիա Ալաքոքին տրված հայտնությունների վրա: Այդ խոստումների տեքստը վստահելի է, քանի որ դրանցում արտահայտված են սրբուհու գրառումները:
Ահա և ցանկը, որին մենք ավելացրել ենք հղումներ սուրբ Մարգարիտա Մարիայի տեքստերից.
1.Իմ Սուրբ Սիրտը պաշտողներին Ես՝ համաձայն նրանց կյանքի հանգամանքներին, տալիս եմ անհրաժեշտ շնորհներն ու օգնությունը (Նամակ №141):
2.Նրանց ընտանիքներում Ես կհաստատեմ ու կպահպանեմ խաղաղություն (Նամակ №35):
3.Ես կմխիթարեմ նրանց վշտի մեջ (Նամակ №141):
4.Ես նրանց համար կլինեմ ապահով ապաստան, հատկապես մահվան ժամանակ (Նամակ №141):
5.Ես առատ օրհնություններ կբաշխեմ նրանց բոլոր աշխատանքներին և նախաձեռնություններին (Նամակ №141):
6.Մեղավորները Իմ Սրտի մեջ կգտնեն անսահման ողորմածություն (Նամակ №132):
7.Շնորհիվ բարեպաշտության այս ձևի՝ գաղջ հոգիները կդառնան նախանձախնդիր (Նամակ №132):
8.Նախանձախնդիր հոգիները արագ կհասնեն կատարելության բարձրունքների (Նամակ №132):
9.Իմ օրհնությունը կլինի այնտեղ, որտեղ կպաշտեն իմ Սուրբ Սրտի պատկերը (Նամակ №135):
10.Բոլոր նրանց, ովքեր աշխատում են հոգիների փրկության համար, Ես տալիս եմ ամենակարծր հոգիները դարձի բերելու շնորհ (Նամակ №141):
11.Նրանց անունները, ովքեր տարածում են բարեպաշտության այս ձևը, ընդմիշտ կդրոշմվեն Իմ Սրտում (Նամակ №141):
12.Բոլոր նրանց, ովքեր ինն ամիս շարունակ առաջին ուրբաթ օրերին կհաղորդվեն Իմ Մարմնին և Արյանը, Ես տալիս եմ հավատը մինչև վերջ պահելու և հավիտենական փրկություն ձեռք բերելու շնորհ (Նամակ №86):
Հաղթանակի խոստումը
Սուրբ Սրտի հայտնությունը ավարտվում է Նրա թշնամիների նկատմամբ վերջնական հաղթանակի ոգեշնչող խոստումով:
Մարգարիտա Մարիան բողոքում էր, որ բարեպաշտության այս ձևի տարածման ճանապարհին նա չի հասկացվել, ծաղրվել է, հանդիպել է խոչընդոտների, ոմանք էլ նրան համարել են խաբեբա կամ մոլագար: Այդ ժամանակ Հիսուսը սփոփել է նրան՝ մարգարեական խոսքերով. «Մի՛ վախեցիր, Ես կթագավորեմ՝ չնայած Իմ թշնամիների ջանքերին»: Սուրբը իր ինքնակենսագրականի մեջ պարզաբանում է. «Դա ինձ շատ մխիթարեց, քանի որ, ես Նրան թագավոր տեսնելուց բացի ոչինչ չեմ ուզում: Դրա համար էլ ես կպաշտպանեմ Նրա գործերը, ես հավատում են միայն Իրեն»: Մյուս նամակներում տեսիլքի ականատեսը ընդգծում է ստացված խոստումը. «Նա կթագավորի՝ չնայած Իր թշնամիներին: Նա կլինի մարդկային սրտերի Աստված և Տեր»: «Աստվածային Սիրտը կթագավորի, չնայած բոլոր նրանց, ովքեր հակառակվում են Իրեն: Սատանան և իր բոլոր հետևորդները կանարգվեն, կանիծվեն»:
Իր Սուրբ Սիրտը ներկայացնելով՝ Սբ. Մարգարիտա Մարիա Ալաքոքին՝ Հիսուսն ասաց. «Ահա՝ Սիրտը, որն այդքան սիրեց մարդկանց և չխնայեց իրեն մինչև վերջ… Իսկ փոխարենը մեծամասնության կողմից այն ստանում է միայն ապերախտություն….հարգանքի բացակայություն և սրբապղծություն, անտարբերություն և արհամարհանք…»: Իր չորս տեսիլքներում սբ. Մարգարիտա Մարիա Ալաքոքին Հիսուսը թողեց Իր խոստումները բոլոր նրանց, ովքեր կպատվեն Իր Սուրբ Սիրտը:
Պատրաստեցին՝ Նաիրա Բաղդասարյանը,
Տ. Հովսեփ քհն. Գալստյանը