<<Թող հույսի Աստվածը լիացնի՜ ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ՝ ձեր հավատի համաձայն, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ դուք հույսով լիանաք>> (Հռմ․ 15։13)։
Հույժ սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, հավատավոր հայ կաթողիկէ ժողովուրդ Առաջնորդությանս Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան աստղի լույսն այս տարի մեզ համար շողշողում է առանձնահատուկ ջերմությամբ․ դա Հույսի ջերմությունն է՝ <<Հույսի, որը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգով, որ տրվեց մեզ>>, ինչպես գրում է Սբ․ Պողոսը՝ հռոմեացիներին ուղղված իր թղթում (Հռմ․ 5։5)։
Գալիք շնորհաբեր տարին, որի մեկնարկն ազդարարվում է Սուրբ Ծննդյան տոնով, հոբելյանական է․ Սուրբ Ծննդյան նախօրեին Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում Ն․ Ս․ Ֆրանցիսկոս Քահանայապետը կկատարի բացումը քրիստոնեական հույսին նվիրված Հոբելյանական տարվա, որի ընթացքում ամբողջ Կաթողիկէ Եկեղեցին՝ իր բազմագեղ ծիսական ավանդություններով և ազգային դիմագծերով հանդերձ, հրավիրված է նորովի ապրելու հույսի աստվածաբանական առաքինությունը, որի հիմքում Հայր Աստծո անսահման սերն է իր բոլոր զավակների հանդեպ։ Նոր Ուխտի ժամանակներում բազմագութ աստվածային մարդասիրության գերագույն արտահայտություններից առաջինը Հիսուս Մանկան Ծնունդն է՝ այս մեղավոր և խավար աշխարհի գիշերվա մեջ՝ որպես մեծագույն Հույս ամբողջ մարդկության համար։ Աստծո Որդու Մարդեղությու՜նն է մարդկության միակ ճշմարիտ և չհիասթափեցնող Հույսի պատճառը․ Աստված մեզ հետ է՝ Էմմանուել։ Եկեղեցու առաջին Վեմը՝ Պետրոս առաքյալը, գրում է․ <<Միշտ պատրաստ եղե՛ք հեզությամբ և երկյուղածությամբ պատասխան տալու ամեն մարդու, որ կհարցնի ձեր մեջ եղած հույսի պատճառը>> (Ա Պետ․ 3։15)։
Սա մեր ժամանակների այն կենսական նշանն է, որը պետք է հասկանալ խորությամբ։ Ն․Ս․ Ֆրանցիսկոսն իր Հոբելյանական տարին հռչակող կոնդակում գրում է․ <<Մենք կոչված ենք հայտնագործելու հույսը՝ ժամանակների նշանների մեջ, որոնք Տերը մեզ տալիս է։ Ինչպես նկատել է Վատիկանի Բ Ժողովը․ <<Յուրաքանչյուր դարաշրջանում Եկեղեցին ունի պատասխանատվություն՝ կարդալու ժամանակների նշանները և դրանք մեկնաբանելու Ավետարանի լույսի ներքո։ Այսպես, յուրաքանչյուր սերնդին հարմարեցված լեզվով նա կարող է պատասխանել մարդկանց համառ հարցադրումներին՝ ներկայիս կյանքի իմաստի և ապագայի կյանքի իմաստի մասին և թե ինչպես է մեկն առնչվում մյուսին>>։ Մենք պետք է ճանաչենք աշխարհում առկա վիթխարի բարությունը, որպեսզի չգայթակղվենք մտածելու, թե չարն ու բռնությունը գերիշխում են մեզ վրա։ Ժամանակների նշանները, որոնք ներառում են մարդկային սրտերի կարոտը Աստծո փրկարար ներկայության հանդեպ, պետք է դառնան հույսի նշաններ>> (Spes non confundit, 7)։
Աստծո Որդու մարդեղությունը նոր հույսի դուռ է բացում մեզ համար՝ այն դժվարին իրականության մեջ, որտեղ այսօր ապրում է ամբողջ աշխարհը և որից անմասն չէ նաև մեր հայ հասարակությունը։ Առաջիկա Հույսի Հոբելյանական տարին մեզ հրավիրում է Արցախյան պատերազմի հետևանքների, մեր սիրելի հայորդիների կորստյան անդարմանելի ցավի մեջ, աղքատության և բարոյական անկման մտահոգիչ երևույթների մեջ, մեր առջև ծառացած բազմատեսակ խնդիրների մեջ, Հիսուսի մսուրից եկող ջերմ ու քնքուշ սիրով վերագտնելու Աստծո սիրուց բխող Հույսի առկայծումներ, որոնք կարող են բռնկել շատերիս հուսահաստ սրտերը և բոլորիս հայացքները հառել դեպի նոր և պայծառ հեռանկարներ, նոր հնարավորություններ, որոնք մեր առջև իր լույսով բացում է նորածին Մանկան ջերմությամբ շողշողացող աստղը՝ գիշերվա մութ երկնակամարում։
Եկե՛ք մտովի մեզ պատկերացնենք կանգնած այն քարայրում, որտեղ ծնվեց Հիսուս Մանուկը։ Այդ քարայրը շատ չէր տարբերվում մեր այօսրվա աշխարհի և հայ իրականության բնավ ոչ մխիթարական վիճակից, մեր իսկ կյանքի վիճակից, գուցե և, մեր ընտանիքից և Եկեղեցուց։ Բայց եղբայրական սիրով բոլորիդ հրավիրում եմ մտածելու ոչ թե քարայրի թշվառության և գորշության մասին, այլ՝ այդտեղ անասունների կերակտաշտակի մեջ ծվարած և միայն նույն անասունների ռունգերից եկող և իր ծնողների սիրո ջերմությամբ ձմեռվա ցրտում տաքացող նորածին այդ Հրաշամանկան մասին, Ով միայն Իր փոքրիկ մարմնով ջերմացնում և գրավիչ է դարձնում այդ ամբողջ միջավայրը, որն առանց Նրա կլիներ չափազանց վանող և շատ անիմաստ։
Եկե՛ք սրտով զգանք, որ այդ Հրաշամանուկը մեր սրտերում է, իսկ մենք Նրա մսուրն ենք, Նրա քարայրը։
Ի՞նչ եք զգում։
Ի՞նչ մտքեր են անցնում ձեր ուղեղի մեջ։
Ի՞նչ կարող է բերել Իր հետ Հիսուս Մանուկը՝ Խաղաղության թագավորը, Հույսի Իշխանը և Մատակարարը․ ուրիշ ի՞նչ, եթե ոչ գերմարդկային մի խաղաղություն, որն այս աշխարհից չէ, ինչպես ինքն ասաց Պիղատոսին, ուրիշ ի՞նչ, եթե ոչ մի անխաբեպատիր Հույս, որը ծագում է նույնիսկ այնտեղ, որտեղ հույս չկա, ինչպես ծագեց Աբրահամի սրտում, Հույս, որը միշտ առաջնորդում է դեպի հաղթանակ և խաղաղություն, Հույս, որն իր հետ բերում է անսահման հավատք և վստահություն՝ Աստծո ողորմության և մեր ապագայի հանդեպ։
Եկե՛ք նաև բանականությամբ գիտակցենք, որ այդ Հրաշամանուկը մեր ընտանիքում է, մեր Եկեղեցում, մեր հասարակության մեջ, իսկ մեր ընտանիքը, մեր Եկեղեցին, մարդկային հասարակությունը Նրա մսուրն է և Նրա քարայրը։ Ինչքան էլ դժգույն և մռայլ լինի մեր կյանքը, մեր ընտանիքը, մեր Եկեղեցին՝ զուտ մարդկային առումով, մեր հասարակությունը, որտեղ շատերն են սիրով լսում <<այս աշխարհի իշխանի>> կործանարար ձայնը, ինչքան էլ սարսափը պատի մեզ՝ ի տես ամեն տեսակ անկման, բայց եթե Հրաշամանկանն ընդունում ենք մեր մսուրների մեջ, մեր տանը, մեր Եկեղեցում և հասարակության մեջ՝ ջերմ կարոտով ու սպասումով, հային վայել սիրառատ հյուրասիրությամբ, ապա ամեն տեսակ իրականություն վերածվում է մի տաքուկ մսուրի, որտեղ հեզությամբ ապաստանում է Խաղաղության և Հույսի Թագավորը։
Եկե՛ք, ուրեմն, մեր սրտերից դուրս վանենք ամեն տեսակ մեղք և անտարբերություն, ամեն տեսակ կուռք և եսասիրություն, ամեն տեսակ հեշտամոլություն և սառնասրտություն և լայնորեն բացե՛նք մեր սրտերը, ինչպես կոչ է անում հեթանոսական խավարում քարոզող առաքյալը (Բ Կրնթ․ 6։13), բացե՛նք մեր հյուծված մսուրները՝ նորածին Թագավորի առջև, որպեսզի մուտք գործի և տնկի իր մշտականաչ Հույսի ծիլերը։
<<Թող հույսի Աստվածը լիացնի՜ ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ՝ ձեր հավատի համաձայն, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ դուք հույսով լիանաք>> (Հռմ․ 15։13)։
Քրիստոս ծնա՜ւ եւ հայտնեցա՜ւ,
Ձեզ եւ մեզ մե՜ծ աւետիս։
23.12.2024թ․
Գյումրի, Առաջնորդարան Կաթողիկէ հայոց
† ԳԷՈՐԳ ԱՐՔԵՊՍ. ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ
Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց
Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի
եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց