«Աստված բոլոր մարդկանց ստեղծել է հավասար և կոչ արել ապրել խաղաղության ու եղբայրության մեջ»:
Նոյեմբերի 30-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ելույթ ունեցավ «բոլոր կրոնների համաժողովի» մասնակիցների առաջ, որը կազմակերպել էր Sree Narayana Dharma Sanghom Trust հիմնադրամը և այն նվիրված էր համաժողովի հարյուրամյակին: Սիմպոզիումի գլխավոր թեման է. «Կրոնները միասին՝ հանուն ավելի լավ ապագայի»:
Նորին Սրբությունը խոսեց միջկրոնական երկխոսության կարևորության մասին մի աշխարհում, որտեղ աճում է անհանդուրժողականությունն ու ատելությունը: Խտրականությունը մարդու մաշկի գույնի, հավատքի կամ ծագման պատճառով արդեն իսկ սովորական փորձառություն է շատ մարդկանց և, հատկապես, աղքատների ու անպաշտպանների համար, իսկ «կրոնների վեհ ուսմունքները չհարգելը» ճգնաժամերի պատճառ է դառնում: Բազմաթիվ խնդիրների պատճառն այն է, որ մարդիկ մոռանում են իրենց կրոնների իմաստուն ուսմունքները, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և հատուկ ուշադրություն դարձրեց Շրի Նարայան Գուրուին (1856-1928), հինդուիզմի հոգևոր առաջնորդին, ով պայքարել է կաստային համակարգի դեմ և սովորեցրել, որ բոլոր մարդիկ մեծ ընտանիքի մի մասն են:
Նորին Սրբությունն ընդգծեց համաժողովի արդիականությունը՝ հիշեցնելով Մարդկային եղբայրության հռչակագրի մասին, որը 2019թ. ստորագրվել է Աբու Դաբիում. այն ասում է, որ Աստված բոլոր մարդկանց ստեղծել է հավասար և կոչ արել ապրել խաղաղության ու եղբայրության մեջ: Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, ամեն մի կրոն սովորեցնում է սիրել, փոխադարձ հարգանք և հոգատարություն դրսևորել ընդհանուր տան նկատմամբ, տարբերություններն ընկալել եղբայրության և ներառականության ոգով:
Նորին Սրբությունը տարբեր դավանանքների ներկայացուցիչներին կոչ արեց բազմազանության մեջ միասին ամրապնդել ներդաշնակությունը և լինել խաղաղարարներ.
«Այդկերպ մենք կկարողանանք հաղթել անհատապաշտության, մեկուսացման, անտարբերության և բռնության մշակույթին, որը, ցավոք, ընդարձակվում է: Հիմք ընդունելով մեր բոլորի համար ընդհանուր հոգևոր ճշմարտություններն ու արժեքները, մենք կարող ենք միասին զարգանալ ու աշխատել՝ ավելի լավ ապագա կառուցելու համար, սակայն, միևնույն ժամանակ, խիստ հավատարիմ մնալով մեր կրոնական հավատալիքներին ու համոզմունքներին»:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը