• Ո՞վ է մեզ համար Հիսուս Թագավորը:

    «Մեր ուղեցույցը Նրա Խոսքե՞րն են, թե՞ մեր համոզմունքները»:


    «Հիսուսը վկա թագավորն է, Ով հռչակում է ճշմարտությունը», – մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ Տիեզերքի Թագավորի տոնին ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:

     

    Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորներին՝ Նորին Սրբությունը մեկնաբանեց կիրակնօրյա Ավետարանը (Հվհ. 18,33-37) և խորհրդածեց «թագավոր» ու «աշխարհ» բառերի իմաստի շուրջ, որոնք հնչեցին Հիսուսի և Պոնտիոս Պիղատոսի կարճ երկխոսության մեջ: «Դո՞ւ ես հրեաների թագավորը» հարցը տալով՝ Պիղատոսն ուզում է հասկանալ, թե արդյոք իր առաջ կանգնած մարդը վտանգ ներկայացնում է, որովհետև դատելով որպես կայսրության պաշտոնյա՝ նա թագավորության մեջ տեսնում է երկրային իշխանություն։ Պոնտիոս Պիղատոսի «աշխարհում» ուժեղը հաղթում է թույլին, հարուստը՝ աղքատին, անգութը՝ հեզին. «ցավոք, մեզ շատ լավ ծանոթ մի աշխարհ», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Սակայն Տերը բոլորովին այլ իմաստ է տալիս «թագավորություն» հասկացությանը.

     

    «Հիսուսի մարմնավորված Խոսքի թագավորական իշխանությունը Նրա ճշմարիտ և գործուն խոսքն է, որը վերափոխում է աշխարհը»:

     

    Տերը հռչակում է Երկնային Արքայության նոր աշխարհը՝ ճշմարտությամբ և շնորհով երկիր իջնելով: Նա հռչակում Աստվածային սիրո արքայությունը, որը բերում է ազատություն, ներում, խաղաղություն և արդարություն:

     

    «Պիղատոսը խոսում է Հիսուսի հետ՝ Նրան մոտ գտնվելով, նա հեռու է Նրանից, քանի որ ապրում է ուրիշ աշխարհում», – ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը: Պիղատոսի սիրտը փակ է ճշմարտության համար, թեև կանգնած է հենց նրա առաջ, և Խաչի վրա՝ «Հրեաների Թագավոր» բառերը դարձան մի ճշմարտություն, որի իմաստը  Հրեաստանի կառավարիչն այդպես էլ չհասկացավ:

     

    Դիմելով հավատացյալներին՝ Նորին Սրբությունը կոչ արեց մտածել հետևյալ հարցերի շուրջ.

     

    «Մենք կարո՞ղ ենք ասել, որ Հիսուսը մեր «թագավորն է», թե՞ մեր սրտում ուրիշ «թագավորներ» կան: Մեր ուղեցույցը Նրա Խոսքե՞րն են, թե՞ մեր համոզմունքները: Մենք Նրա մեջ տեսնո՞ւմ ենք Աստծո ողորմած դեմքը, Ով միշտ ներում է և սպասում՝ այդ ներումը մեզ պարգևելու համար: Եկե՛ք աղոթենք Սուրբ Կույս Մարիամին՝ Տիրոջ ծառային և հույսով սպասենք Աստծո Արքայությանը»:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց