• Խարիզման Սուրբ Հոգու պարգևն է՝ միասնության և ծառայության համար

    «Եթե դու սիրում ես միասնությունը, ապա այն ամենը, ինչը պատկանում է ուրիշին, պատկանում է նաև քեզ»:


    Նոյեմբերի 20-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում հանդիպեց հազարավոր ուխտավորների հետ և շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքն ու խոսեց խարիզմայի՝ հոգևոր պարգևների մասին, որոնք աշխուժացնում, ամրապնդում և նորոգում են քրիստոնեական համայնքը:

     

    Նորին Սրբության խոսքերի համաձայն, Սուրբ Հոգին Եկեղեցում գործում է տարբեր ձևերով. Խորհուրդների, աղոթքի միջոցով, երբ Եկեղեցին հետևում է Աստվածամոր օրինակին, ինչպես նաև խարիզմաների միջոցով, որոնք ոչ միայն անձնական հոգևոր աճի համար են, այլ նաև նպաստում են հասարակության բարեկեցությանը: Խարիզմաները զարդարանքներ են, որոնք Սուրբ Հոգին բաշխում է՝ Քրիստոսի հարսնացուին ավելի գեղեցկացնելու համար, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և անդրադարձավ Վատիկանի Երկրորդ ժողովի ուսմունքին. «Սուրբ Հոգին օրհնում է Աստծո Ժողովրդին, առաջնորդում է նրան և զարդարում առաքինություններով ոչ միայն Խորհուրդների ու ծառայությունների միջոցով, այլև յուրաքանչյուրին բաշխելով անձնական պարգևներ, ինչպես Ինքն է կամենում» (Lumen gentium 12):

     

    Խարիզմաները տարբեր են. պարզ ու հասարակից մինչև վառ արտահայտված ու բացառիկ, սակայն նրանց միավորում է համընդհանուր բարօրությանը ծառայելու նպատակը: Նրանք ունեն երկու կարևոր հատկանիշներ: Նախ այն, որ այդ պարգևները նախատեսված են «յուրաքանչյուրի օգուտի համար» (1 Կորնթ. 12,7): Երկրորդ, այն տրվում է «որևէ մեկին», սակայն ոչ նույն ձևով: Ահա թե ինչով են խարիզմաները տարբերվում սրբագրծող շնորհից և Խորհուրդներից, որոնք նույնն են բոլոր հավատացյալենրի համար:

     

    Նորին Սրբությունը պարզաբանեց, որ խարիզմաները ինչ-որ բացառիկ ու առանձնահատուկ ունակություններ չեն: Դրանցից շատերը դրսևորվում են առօրյա կյանքում. մերձավորի մասին հոգ տանելիս, կարիքավորներին օգնելիս, սիրո հասարակ ու անկեղծ արարքներում:

     

    Սրբազան Քահանայապետն առանձնահատուկ ընդգծումով խոսեց Եկեղեցում աշխարհականների ու կանանց ունեցած դերի մասին. նրանց ներդրումը պետք է ունենա ոչ միայն ինստիտուցիոնալ հիմք, այլ նաև հոգևոր պարգևներ: Աշխարհականները պարզապես հոգևորականության օգնականները չեն, նրանք ևս ունեն իրենց անձնական խարիզմաները, որոնցով հարստացնում են եկեղեցական կյանքը։

     

    Մեջբերելով Օգոստինոս Երանելուն՝ Նորին Սրբությունը հիշեցրեց, որ միասնությունը ամեն մի քրիստոնյային տրված պարգևը դարձնում է ընդհանուր ողջ համայնքի համար. «Եթե դու սիրում ես միասնությունը, ապա այն ամենը, ինչը պատկանում է ուրիշին, պատկանում է նաև քեզ»: Իր հերթին էլ ողորմած սերն է շատացնում խարիզմաները՝ ի բարօրություն բոլորի, ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին    

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց