• Աղքատների աղոթքը բարձրանում է առ Աստված

    «Չմոռանանք աղքատներին»:


    Նոյեմբերի 17-ին Վատիկանի բազիլիկայում գլխավորած կիրակնօրյա Պատարագով՝  Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը նշեց իր իսկ կողմից 2016 թվականին հաստատված Աղքատների համաշխարհային VIII օրը, որի խորագիրն է. «Աղքատների աղոթքը բարձրանում է առ Աստված»: Իր քարոզում Նորին Սրբությունը հիշեցրեց յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում ողորմածության ունեցած ազդեցության մասին և կոչ արեց չհեռանալ աղքատներից ու սրտաբաց ծառայել նրանց:

     

    Հիսուսի Եկեղեցի ենք դառնում այն չափով, որքանով ծառայում ենք աղքատներին, որովհետև միայն այդպես է Եկեղեցին դառնում տուն, որ բաց է բոլորի համար, այն Աստծո գթության վայր է ամեն մի մարդու կյանքի համար։

     

    «Այդ օրերի նեղությունից անմիջապես հետո, արեգակը պիտի խավարի, և լուսինը իր լույսը չպիտի տա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զորություններ պիտի շարժվեն: Եվ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով: Երկինք և երկիր պիտի անցնեն, բայց իմ խոսքերը չպիտի անցնեն», Մարկոսի Ավետարանից վերցված այս հատվածը Սրբազան Քահանայապետի քարոզի առանցքային մասն էր:

     

    Նույնիսկ տառապանքի մեջ կա անսասան հույս, որ փայլում է

     

    «Խոսքերը, որ ունկնդրեցինք կարող են մեր մեջ հրահրել անձկության զգացումներ, իրականության մեջ, սակայն, դրանք հույսի մեծ ավետիս են», ասաց Նորին Սրբությունը։ «Արդարև, Հիսուս մի կողմից նկարագրում է Երուսաղեմի քանդմանը ականատես եղածի հոգեվիճակը, որը մտածում է, թե հասել է վերջին ժամն ու հռչակում է արտակարգ մի բան. ճիշտ այդ խավարի պահին ու պատմության մեջ, երբ ամեն ինչ կարծես փլուզման եզրին է, Աստված կգա, Աստված մոտիկ կլինի, Աստված մեզ կհամախմբի, որպեսզի փրկի», հավելեց Սրբազան Քահանայապետը՝ ընդգծելով, որ «Հիսուս մեզ հրավիրում է ավելի սուր հայացք ու աչքեր ունենալու, որոնք կարող են «ներքուստ կարդալ» պատմության իրադարձությունները, բացահայտելու, որ նույնիսկ մեր սրտերի ու մեր ժամանակների տառապանքի մեջ կա անսասան հույս, որ  փայլում է»։

     

    Հույս և անձկություն

     

    «Աղքատներին նվիրված Համաշխարհային օրվա առթիվ եկե՛ք կենտրոնանք երկու իրականության վրա. հույս և անձկություն, որոնք մշտապես մենամարտում են մեր սրտերում», ասաց Նորին Սրբությունը և մեկնաբանեց այդ երկու իրականությունները՝ նախ անդրադառնալով անձկությանը, որ «մեր դարաշրջանի տարածված զգացումն է և էլ ավելի սաստկացավ ընկերային հաղորդամիջոցների պատճառով»։

     

    Այսօր ևս տեսնում ենք արևը խավարած և լուսինը նսեմացած

     

    «Եթե մեր հայացքը կանգ առնի միայն իրադարձություններին վերաբերող լուրերին, ապա կտեսնենք, որ գերակշռում է տագնապը։ Արդարև, այսօր ևս տեսնում ենք արևը խավարած և լուսինը նսեմացած, տեսնում ենք սով ու ծարավ, որոնք ճնշում են մեր եղբայրներին, տեսնում ենք պատերազմների սարսափները, անմեղ մահերը, որոնք հուսալքում են մեզ ու մենք ինքներս մեզ դատապարտում ենք անկարողության, որովհետև մեր շուրջն աճում է անարդարությունը, որը ցավ է պատճառում աղքատներին: Հետևում ենք նրանց, ովքեր մտածում են, որ «աշխարհը այսպես պիտի ընթանա» և «ես ոչ մի բան չեմ կարող անել», այսինքն՝ քրիստոնեական հավատքը դառնում է անվնաս բարեպաշտություն, որը չի խանգարում այս աշխարհի մեծերին», ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Մարդու Որդին պիտի գա ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով

     

    «Բայց և այնպես, Հիսուս նաև այսպիսի դժվար իրականության մեջ վառում է հույսը, բացում է հորիզոնն ու լայնացնում մեր հայացքը, որպեսզի կարողանանք նշմարել Աստծո սիրո ներկայությունը, որ մոտ է դառնում ու մեզ չի լքում, և գործում է մեր փրկության համար», շարունակեց Ֆրանցիսկոս Պապը՝ ընդգծելով, որ Ավետարանը մեզ ասում է. «երբ արևը խավարի ու լուսինը նսեմանա, Մարդու Որդին պիտի գա ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով»։

     

    Հիսուս մեզ հրավիրում է ճանաչելու հույսի նշանները: Նրա աշակերտները կանչված են հույս սերմանելու համար և դարձան արդարության ու զորակցության նշաններ։

     

    Քրիստոնեական հույսը

     

    «Քրիստոնեական հույսը, որ իրականացավ Հիսուսով և Նրա Թագավորության մեջ, մեր կարիքն ու հանձնառումն ունի՝ բարեգործության մեջ գործող հավատքի, հայացքը չշեղող քրիստոնյաների», ասաց Նորին Սրբությունը և ընդգծեց, որ պետք չէ   միայն լսել աղքատության համաշխարհային խնդիրների մասին, այլ պետք է անել այն քիչը, որ մենք կարող ենք անել ամեն օր մեր առօրյա կյանքում. հոգատարություն բնության նկատմամբ, արդարության որոնում, բարիքների կիսում նրանց հետ, ովքեր ավելի աղքատ են, մեր հասարակական ու քաղաքական գործունեությամբ լավացնել մեզ շրջապատող իրականությունը:

     

    Եկեղեցի ենք դառնում այն չափով, որքանով ծառայում ենք աղքատներին

     

    Քրիստոնեական հավատքը մեր մեջ պետք է արթնացնի «բաց աչքերով միստիցիզմ», որպեսզի մենք կարողանանք նկատել աշխարհի տառապանքներն ու աղքատների դժբախտությունները և կարեկցենք նրանց այնպես, ինչպես Քրիստոսը: Նորին Սրբության խոսքերի համաձայն, Հիսուսի և Նրա Թագավորության մեջ կատարված քրիստոնեական հույսը մեզանից յուրաքանչյուրի կարիքն ունի: Աղքատներին ծառայելը Եկեղեցու լրացուցիչ առաքելությունը չէ, այլ նրա էությունն է, և այդ ծառայությունը պետք է դառնա առօրյա կյանքի մի մասը՝ ողորմածության փոքրիկ, բայց անկեղծ արարքների միջոցով: Եկեղեցին էլ ավելի է կայունանում, երբ ծառայում է աղքատներին՝ իր դռները բացելով բոլորի առաջ:

     

    Քարոզի ավարտին Սրբազան Քահանայապետն արեց հետևյալ կոչը.

     

    «Ես դա ասում եմ Եկեղեցուն, պետությունների ղեկավարներին  և միջազգային կազմակերպություններին, ես դա ասում եմ բոլորին. խնդրում եմ, մի մոռացեք աղքատների մասին»:

     

    Վատիկան նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց