• Աղոթենք հանուն խաղաղության

    «Եկե՛ք միասին քայլենք և թո՛ղ Սուրբ Հոգու քամին առաջնորդի մեզ»։


    Եպիսկոպոսական Սինոդի XVI Ընդհանուր Ժողովի Երկրորդ նստաշրջանը բացվեց հանդիսավոր Սուրբ Պատարագով, որը հոկտեմբերի 2-ին՝ Սուրբ Պահապան Հրեշտակների տոնի օրը, գլխավորեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը:

     

    Իր քարոզում Նորին Սրբությունը կոչ արեց Սինոդի պատվիրակներին ազատվել նախապաշարմունքներից ու կեղծավորությունից՝ բազմազան կարծիքների ու գաղափարների մեջ Տիրոջ ձայնը լսելու համար։ Սինոդը խորհրդարանական ժողով չէ, որտեղ յուրաքանչյուրը պաշտպանում է իր դիրքորոշումը, այլ շփման վայր՝ սիրո և միասնության ոգով։ Նրա մասնակիցները պիտի ընդունեն նորը, զոհաբերեն իրենց սեփական ունեցածը հանուն համընդհանուր բարօրության՝ Աստծո ծրագրի համաձայն:

     

    Սրբազան Քահանայապետը խորհրդածության համար առաջարկեց երեք խորհրդանշական պատկեր. ձայն, ապաստան և մանուկ:

     

    Սուրբ Գրքում Տերը կոչ է անում ժողովրդին լսել հրեշտակի ձայնը՝ Ավետյաց երկիր տանող ճանապարհով քայլելիս (տես՝ Ելք 23,20-22): Այդ պատկերը արդիական է նաև առաջիկա Սինոդի ժողովի համար. այն համատեղ ճանապարհ է, որով քայլելիս եկեղեցականներն ու աշխարհականները՝ որպես միասնական ժողովուրդ, պիտի լսեն Աստծո ձայնը աղոթքի և Սուրբ Գրքի միջոցով: Հենց նրանց է Տերը վստահում մեծաթիվ հավատացյալների երազանքներն ու հույսերը, որոնց միավորում է միևնույն հավատքն ու սրբության ձգտումը:  Դա անելու համար անհրաժեշտ է ուշադիր և աղոթքով խորամուխ լինել երեք տարվա նախապատրաստական ​​աշխատանքների ընթացքում հավաքված գաղափարների ու առաջարկների մեջ՝ փորձելով զանազանել Աստծո կամքը: Սակայն անհնար է լսել Տիրոջ ձայնը, եթե խոսում ես ամբարտավանությամբ և ինքդ քեզ համարում ճշմարտությունն իմացող միակ մարդը: Ամեն մի լսված խոսք պետք է ընդունել երախտագիտությամբ և պարզությամբ, որպեսզի այն դառնա Աստծո պարգևների արտացոլումը օգուտ եղբայրների: Մեջբերելով Սբ. Գրիգոր Մեծին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ միասնության շնորհիվ ամեն ոք կարող է հարստացնել ուրիշներին՝ սիրո ոգով նրանց հետ կիսելով մտորումները:

     

    Երկրորդ պատկերի՝ ապաստանի մասին խոսելիս Սրբազան Քահանայապետն ընդգծեց. ապահովություն խորհրդանշող հրեշտակի թևերը (տես՝ Սղմ. 90,4) կարող են ոչ միայն բարձրացնել մարդուն, այլև ծառայել որպես հաղորդակցության օրինակ՝ դառնալով ապաստան նրանց համար, ովքեր ջերմության և պաշտպանության կարիք ունեն: Այսպիսին էր Սինոդի մասնակիցներին ուղղված կոչը. ոչ միայն առաջարկել հրաշալի գաղափարներ, այլև լինել խոնարհ, համերաշխ  և միմյանց աջակցող՝ եղբայրության ոգով: Շատ կարևոր է սեփական գաղափարները վեճի առարկա չդարձնել, այլ դրանք առաջարկել որպես պարգևներ՝ հանուն համընդհանուր բարօրության դրանք վերանայելու պատրաստակամությամբ։ Այսպես է ստեղծվում վստահության և անկեղծության մթնոլորտը, մի տարածություն, որտեղ ամեն ոք կարող է արտահայտել իր մտքերը՝ իմանալով, որ իրեն լսում և գնահատում են:

     

    Երրորդ պատկերը մանուկն է, որին Հիսուս կանգնեցնում է կենտրոնում՝ որպես օրինակ աշակերտներին (տես՝ Մտթ. 18,1-5), որովհետև իսկական մեծությունը խոնարհության մեջ է։ Սինոդն իր մասնակիցներից պահանջում է լինել «մեծ»՝ դժվար ու կարևոր հարցեր քննարկելիս և ըմբռնելիս, սակայն միևնույն ժամանակ լինել «փոքր», անկեղծ, մանկան նման սրտաբաց միմյանց հանդեպ. հենց սա է միակ ճանապարհը մեզ վստահված առաքելությունը իրականացնելու համար:

     

    Նորին Սրբությունը ուշադրություն հրավիրեց «պատմության դրամատիկ պահի վրա, երբ պատերազմի քամիներն ու բռնության կրակ ամայացնում են երկրներ և տեղահան անում ժողովուրդներ», և հայտարարեց, որ հայցելու է Սուրբ Կույս Մարիամի բարեխոսությունը. հաջորդ կիրակի Սանթա-Մարիա- Մաջորե բազիլիկայում Սինոդի մասնակիցների հետ միասին աղոթելու է Սուրբ Վարդարան՝ աշխարհում խաղաղության պարգևի համար։ Սրբազան Քահանայապետը խնդրեց բոլոր հավատացյալներին հոկտեմբերի 7-ին աղոթել և պահք պահել՝ ողջ աշխարհում խաղաղության հաստատման համար:

     

    Քարոզի ավարտին Նորին Սրբությունն ասաց.

     

    «Եկե՛ք միասին քայլենք՝ ականջ դնելով Տիրոջ ձայնին, և թո՛ղ Սուրբ Հոգու քամին առաջնորդի մեզ»։

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց