• «Ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է»

    «Սուրբ Հոգին չի կարող պարփակվել մարդկային գաղափարների մեջ»:


    Հունիսի 5-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը Սուրբ Հոգու վերաբերյալ և խորհրդածեց Սուրբ Երրորդության երրորդ անձի աստվածաշնչյան անվան շուրջ:

     

    Բոլորի կողմից ընդունված «Հոգի» անունը լատինացված տարբերակն է. մարգարեները, սաղմոսերգուները, Աստվածածինը, Հիսուս և առաքյալները Նրան անվանել են Ruah, որ նշանակում է շունչ, քամի, հևք, հիշեցրեց Նորին Սրբությունը: Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա՝ «սաստիկ հողմից եկած ձայնի» ուղեկցությամբ (տես՝ Գործք 2,2): Քամին աննկուն և անպարտելի ուժ է, որն ունակ է ալիքներ բարձրացնել: Քամին բնորոշում է Սուրբ Հոգու զորությունը, որն արարում է, բժշկում և առաջնորդում հավատացյալներին, որպեսզի նրանք քայլեն ճշմարիտ ճանապարհով: Սակայն աստվածաշնչյան իրողությունների ամբողջական իմաստը հասկանալու համար, ընդգծեց Սրբազան Քահանայապետը անհրաժեշտ է դիմել Հիսուսին, քանզի Տերն ընդգծում է Ամենասուրբ Երրորդության երրորդ անձի էության մեկ այլ շատ կարևոր հատկանիշը՝ Նրա ազատությունը։ Ինչպես քամուն է անհնար հնազանդեցնել և սանձահարել, այնպես էլ Սուրբ Հոգին չի կարող պարփակվել մարդկային գաղափարների մեջ:

     

    Նորին Սրբությունն ասաց, որ եկեղեցում նույնպես Հոգին «ինստիտուցիոնալացնելու» գայթակղություն կա, որովհետև Նրան ուզում են ենթարկել կանոնների, դոգմաների և սահմանումների։ Սակայն կարևոր է հասկանալ, որ Սուրբ Հոգին հենց Ինքն է արարում և կենդանացնում եկեղեցական ինստիտուտները՝ բաշխելով Իր պարգևները «ինչպես որ կամենում է» (Ա Կորնթ. 12,11):

     

    Սրբազան Քահանայապետը մեջբերեց Պողոս առաքյալի խոսքերը. «Ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է», ընդգծելով, որ այդ ազատությունը մեր իմացածն ու պատկերացրածը չէ. դա «թույլտվություն չէ անելու այն, ինչ ցանկանում ես, այլ ազատություն՝ անելու այն, ինչ Աստված է ցանկանում»։

     

    Ազատության իմաստը սխալ հասկանալով՝ հարուստները շահագործում են աղքատներին, ուժեղները՝ թույլերին, և բոլորն անպատիժ չարաշահում են շրջակա միջավայրը։ Իսկական ազատությունը խրախուսում է բարու արարումը, խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը.

     

    «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ինչպե՞ս ձեռք բերենք Սուրբ Հոգու այդ ազատությունը, որը լիովին հակառակ է եսասիրությանը: Այս հարցի պատասխանն արդեն իսկ տվել է Հիսուս. «Եթե որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք» (Հվհ. 8,36): Եկե՛ք խնդրենք Տիրոջը, որ Իր Սուրբ Հոգու միջոցով մեզ դարձնի իսկապես ազատ մարդիկ, որպեսզի ծառայենք սիրով և ուրախությամբ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց