• Եկե՛ք դառնանք Սուրբ Հոգու արձագանքը ուրիշների համար

    «Եվ Աստծո Խոսքը լռեցրեց իմ շաղակրատությունը»:


    Հոգեգալստյան տոնին՝ «Երկնային թագուհի» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց օրվա ավետարանական ընթերցման շուրջ, որում Հիսուս խոսում է Սուրբ Հոգու մասին և պնդում, որ Նա մեզ կսովորեցնի «այն ամենը, ինչ կլսի» (տես՝ Հվհ. 16,13):

     

    Սուրբ Հոգին մեզ հետ խոսում է այնպիսի գեղեցիկ զգացումներ արտահայտող բառերով, ինչպիսիք են սերը, երախտագիտությունը, վստահությունը, ողորմությունը, պարզաբանեց Նորին Սրբությունը: Այդ խոսքերի շնորհիվ մենք բացահայտում ենք Աստծո հավերժական Սերը: Հենց այդ պտղաբեր խոսքերն է Սուրբ Հոգին կրկնում մեզ, որոնք մեր սրտերում ծնում և աճեցնում են նույն զգացմունքներն ու մտադրությունները:

     

    Հետևաբար շատ կարևոր է, որ քրիստոնյաները ամեն օր սնվեն Աստծո Խոսքով, Հիսուսի Խոսքով, ոգեշնչվեն Սուրբ Հոգով, ասաց Սրբազան Քահանայապետը և հիշեցրեց Աստվածաշնչից ամեն օր մի փոքրիկ հատված կարդալու անհրաժեշտության մասին: Նորին Սրբությունը մեջբերեց քահանա և բանաստեղծ Կլեմենտե Ռեբորայի խոսքերը, ով գրել է իր դարձի մասին. «Եվ Աստծո Խոսքը լռեցրեց իմ շաղակրատությունը» (Curriculum vitae), ապա կոչ արեց տեղ բացել Սուրբ Հոգու ձայնի համար՝ երկրպագությամբ ու աղոթքով։ Լռության մեջ խոնհարվելով Աստծո առաջ՝ մենք բարի խոսքեր ենք ասում մեր սրտերում, որպեսզի հետո դրանք միմյանց և ուրիշներին ասելու հնարավորություն ունենանք: Մենք տեսնում և հասկանում ենք, որ այդ խոսքերը մեզ շշնջում է Սուրբ Հոգին:

     

    «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Ավետարան կարդալն ու խորհրդածելը, լուռ աղոթելը, բարի խոսքեր ասելը դժվար չէ, մենք բոլորս կարող ենք դա անել», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը և կոչ արեց մտածել, թե ինչ տեղ են գրավում այդ խոսքերը մեր կյանքում, որքան հաճախ ենք մենք դրանք կիրառում՝ Սուրբ Հոգուն ականջ դնելու և Նրա արձագանքը դառնալու համար:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, ով առաքյալների հետ ներկա էր Հոգեգալստյանը, օգնի մեզ հնազանդ լինել Սուրբ Հոգու ձայնին», – խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց