Հայ կաթողիկէ հաւատքի պահպանութեան բաստիոնները. Տուրցխ
Հայ կաթողիկէ համայնքները համայնավարների հալածանքների տարիներին առաւել մեծ հարուած կրեցին, քանի որ հայ կաթողիկէ հոգևորականների գործունեությունը իսպառ արգէլուած էր ԽՍՀՄ տարածքում: Բայց կաթողիկէ գիւղերի մեծ մասը, առաւել ընդծուած կերպով Ջաւախքում, կարողացան ի հեճուկս արգէլքների ու ճնշումների, պահել իրենց արեան հետ ժառանգած հաւատքի ջեմեռանդութիւնը՝ փոխանցելով այսօրուա սերնդին և դառնալով հաւատքի հաճախ մարտիրոսական վկայութեան կենդանի օրինակներ: Օրեր առաջ այցելեցինք Ախալքալակի տարածաշրջանի Տուրցխ գիւղը՝ զրուցելու գիւղի հովիւ Գերհ. Հ. Անդրեաս ծայրագոյն վարդապետ Յանիցկու եւ Սալեզեան միաբան միանձնուհիների հետ:
Տուրցխը գտնւում է Ախալքալակից մոտ 20 կմ հեռաւորութեան վրայ, բավական խիստ կլիմայ ունի և շատ ավանդապահ բնակիչներ, որոնք այդտեղ հաստատուել են 19-րդ դարի 30-ական թվականներից սկսած՝ գաղթելով Արևմտեան Հայաստանի վիլայէթներից, 1829թ. ռուս-թուրքական պայմանագրի կնքումից յետոյ, ինչպես Հայաստանի ու Վրաստանի շատ այլ գիւղերի բնակիչներ: Գիւղում կառուցել են երեք եկեղեցի, որոնցից երկուսը աւերուել են, մնացել է 1856թ. կառուցուած Ս. Աստուածամօրը նուիրուած գեղեցիկ տաճարը, որն էլ այսօր գիւղի գործող եկեղեցին է՝ հոգևոր զարթոնքի առհաւատչեան: Այս եկեղեցին, ի տարբերութիւն շատ այլ կաթողիկէ կամ առաքելական եկեղեցիների, պահեստի չի վերածուել ու չի պղծուել շնորհիւ տուրցխեցիների համարձակ ու անզիջում խառուածքի, իրենց կաթողիկէ ինքնութիւնը պահելու վճռակամութեան: Հատկապէս 1930-ականներին համայնավարների որոշումներին դէմ կանգնելը հաւասար էր առուազն ինքդ քեզ աքսորի դատապարտելուն: Իսկ կաթողիկէների հանդեպ համայնաւարները հատկապէս աչալուրջ ու կասկածամիտ էին՝ անընդհատ փորձելով նրանց մէջ գտնել Արևմուտքի լրտեսների ու կաթողիկէութեան քարոզիչների: Բազմաթիւ փաստեր կան, որոնք ապացուցում են համայնավարների ընդգծուած ատէլութիւնը կաթողիկէների հանդէպ: Բայց սա այլ ծաւալուն հոդուածի թեմա է: Տուրցխի հայ կաթողիկէների դիմադրութիւնը իրենց հաւատքը պահէլու համար մի լուսաւոր կէտ է այդ գործ ֆոնին: Այսօրուա երիտասարդ տուրցխեցիները հերոսական առասպէլների նման են յիշում իրենց պապերի պատմութիւնները, թէ ինչպէս են գիւղովի կանգնել ընդդեմ անաստուած իշխանութեան: Պատմում են, որ, հաւանաբար, 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ գիւղապետը իմացել է, որ ոստիկանները գալու են փակելու Սբ. Աստուածամօր տաճարը, համագիւղացիների հետ միասին որոշել են դիմաւորել ոստիկաններին ինչպէս որ յարկն է.երբ սրանք մտել են գիւղ, բոլորը, մանաւանդ կանայք քարերով, բահերով հարձակուել են սրանց վրայ ու դուրս քշել գիւղից.տղամարդկանց մեծ մասը պատերազմի դաշտում է եղել: Սա է եղել պատճառը թէ ոչ, բայց փաստ է, որ համայնաւարները այլևս շատ չեն անհանգստացրել գիւղացիներին, ու եկեղեցին բաց է մնացել: Հովիւ չեն ունեցել, բայց եղել է դպիրի նման մէկը՝ «տիրացու», ինչպէս գիւղում են ասում, ով Ավետարան է կարդացել, աղօթքներ արել: Գիւղի հաւատքը փրկել է Տիրամօր Վարդարանի աղօթքը, վստահ է Հ. Անդրէասը.տասնամեակներ շարունակ աւանդոյթ է դարձել հաւաքուել գիւղացիներից մէկի տանը և միասին Վարդարան աղօթել, որոշակի ժամերի, ամէն օր: Այդ սովորոյթը պահպանուել է մինչ օրս.միայն թէ արդէն եկեղեցում են աղօթում և քահանայի յետ միասին: Իսկ քահանայ գիւղն ունեցաւ արդէն 1988թ., երբ դեռ չէր փլուել համայնավար ռեժիմը, իսկ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների թեմը դեռ չէր ձևաւորուել (դա տեղի ունեցաւ միայն 1991թ. հոկտեմբերի 2-ին): Տուրցխեցիները, չկարողանալով այլևս յանդուրժել առանց հովուի մնալը եւ օգտուելով խորհրդային Վերակառուցման աւելի մեղմ քաղաքականութիւնից, ինչպէս նաև այն յանգամանքից, որ Թբիլիսում և հարևան Սուխլիս գիւղում արդէն սկսել էին սպասաւորել կաթողիկէ հոգևորականներ, գնացել են Սուխլիս և խնդրել Հ. Անդրեաս ծ. վրդ. Յանիցկուն իրենց գիւղում էլ սուրբ խորհուրդները մատակարարել: Մինչ այդ տուրցխեցիները խոստովանութեան, մկրտութեան և պսակի համար հասնում էին մինչև Թբիլիսի: Ազգութեամբ լեհ վարդապետ Հ. Անդրեասը ընդառաջել է տուրցխեցիներին և սկսել այցելել նաև Տուրցխ: Նման իրավիճակ եղաւ նաև մոտ 100 կմ հեռու գտուող Ծղալթբիլա կաթողիկէ գիւղում: Երկու գիւղերում էլ վարդապետները խորհուրդները սկզբում կատարում էին լատիներեն, յետոյ, Վատիկանից թոյլտւութիւն են խնդրել ծէսը հայերէն կատարելու, իւրացրել Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ ծէսը և այդ գիւղերում մնացել սպասաւորելու մինչ օրս: Այստեղ յատկանշականը գիւղացիների փափագն է՝ օր առաջ քահանայ ունենալու, որը եղաւ իրենց ջերմեռանդութեան և տոկունութեան պտուղը:
Տուրցխում եկեղեցին միշտ էլ լիքն է եղել հաւատացեալներով.նրանք շարունակում են աղօթել իրենց պապերից ժառանգած աղօթքները, որոնց աւելացրել են նաև վարդապետից յուրացրած ժամերգութիւնները և այլ ջերմեռանդութիւններ: Տուրցխեցիները նոյնիսկ իրենց գիւղական յատուկ եղանակներն ունեն երգուող ջեմեռանդական աղօթքների համար, որոնք մինչ օրս պահպանում են անխախտ և որոնք հարգում ու քաջալերում է նաև վարդապետը: Գիւղական այս ֆոլքլորային ավանդոյթը յատուկ է միայն վրացական մի քանի կաթողիկէ գիւղերի, Հայաստանում դժուար է գտնել նման բան: Կիրակի օրերին եկեղեցում վարդապետը 3 անգամ Սբ. Պատարագ է մատուցում.հաւատացեալների թիւը մեծ է, նաև բոլորին յարմար չէ նոյն ժամին Սբ Պատարագին ներկա լինելը: Գիւղի մոտ 900 բնակիչների 80 տոկոսից աւելին կանոնաւոր կերպով հաճախում է եկեղեցի և ստանում սուրբ խորհուրդները:
Նախկինում գիւղի բնակչութեան թիւն աւելի մեծ էր.արտագաղթը քամում է գիւղը՝ իր յետ մասամբ տանելով նաև հոգևոր ներուժը: Տուրցխեցիների մի մեծ սփյուռք է գոյացել ռուսական Վինեով քաղաքում, որտեղ սպասարավորող քահանան նոյն գիւղի զավակ Գերպ. Հ. Սեդրակ վրդ. Խիթարեանն է, Սալեզեան միաբանութեան անդամ: Հոգևոր կոչումները գիւղում յայտնուեցին 1990-ականներին, երբ գիւղը բռնեց հոգևոր զարթոնքի ուղին. Հ. Սեդրակից բացի Տուրցխը տուեց նաեւ 5 միանձնուհիներ՝ 2-ը Անարատ յղութեան հայ քոյրերի միաբանութեան անդամ են, 1-ը՝ Սուրբ ընտանիքի միաբանութեան անդամ, իսկ 2-ը՝ Սալեզեան միաբանութեան: Այս կոչումների մէջ, անշուշտ մեծ է նաեւ Հ. Անդրեասի դերը և օրինակը: Սալեզեան քոյրերից մէկը՝ ք. Սուսաննան, ի դէպ, այսօր ծառայում է հենց իր հարազատ գիւղում ևս երկու, ծնունդով ջաւախահայ սալեզեան միանձնուհիների հետ: Ապրում են գիւղի տներից մէկում՝ հարմարեցուած իրենց պահանջներին: Միանձուհիներն աղօթական կեանքի հետ մէկտեղ իրենց տանը մանկապարտէզ են բացել.գիւղի միակ մանկապարտէզը դա է: Իսկ դպրոցահասակ երեխաների համար կեսօրեա ժամանց և հոգևոր դասընթացներ են կազմակերպում:
Խառուածքով բավական կենսուրախ ու շարժուն քոյր Ռիման պատմում է, թէ ինչպիսի դժուարութիւնների են հանդիպէլ երբ հեռաւոր 1996-ին եկել են Տուրցխում հիմնուելու.ոչ տուն են ունեցել, ոչ տանելի պայմաններ, յետոյ Աստուծոյ կամօք և ժողովրդի օգնութեամբ ամէն բան կարգաւորուել է: Ամէն օր անխոնջ սերմանում են սերմն Աստուծոյ Խոսքի և սպասում բերքին: Այսօր իրենց տուն հաճախող աղջիկների մէջ կայ մէկ հոգևոր կոչում՝ միանձնական կեանքի, ուրախությամբ փաստում է քոյր Ռիման և աղօթում, որ բերքն առատանայ:
Թեև արտագաղթը օրեցօր ահագնանում է, աշխարհիկացումը, ազատամտութեան ժամանակակից ընկալումները սակաւ առ սակաւ ներթափանցում են այս հեռաւոր գիւղի տները ևս՝ քիչ-քիչ թուլացնելով հոգևոր ջերմեռանդութիւնը նոր սերնդի մէջ, բայց հին սերնդի նուիրումը մնում է անխախտ եւ օրինակելի, անկախ արտաքին պայմանների պարտադրանքից, ինչպէս մնաց խորհրդային տարիներին ու յետոյ պտուղ տուեց մէկին հարիւր, մէկին վաթսուն և մէկին երեսուն:
Այսօր Տուրցխը և վրացահայ կաթողիկէ գիւղերը կաթողիկէ ինքնութիւնը, քրիստոնեական հաւատքի նկարագիրը, քրիստոնեական ավանդոյթները պահպանող ամենաօրինակելի համայնքներից են Հայ Կաթողիկէ Եկեղեցում: Այս գիւղերում երբէք ոչ ոքի մտքով չի անցնի, ասէնք, Պսակի խորհուրդ խնդրել կամ խնջոյք անել Մեծ Պահոց օրերին, ինչպէս անում են Հայաստանի գիւղերում և, մերժում ստանալով Եկեղեցու կարգը պաշտպանող քահայից, սպառնալ դիմել այլ հոգևորականների: Մօր կաթի հետ բարեպաշտութիւն ներծծած այս մարդիկ չե՛ն կարողանում հասկանալ նման բաները, նույնպէս և նրանց խոր ջերմեռանդութիւ՛նը չեն կարող հասկանալ միայն արտաքին և նիւթական պատշաճութիւնների յետևից վազող, Եկեղեցու խորհուրդները չընկալող եւ տարտամութեան մէջ խարխափող բազմաթիւ «հաւատացելաները»: Տուրցխի նման գիւղերում շատ քիչ են մարդիկ, ովքեր կիրակի օրերը Սբ. Պատարագի չեն հաճախում, չկան մարդիկ, ովքեր միայն մոմ վառելու համար են եկեղեցի հաճախում կամ միայն երեխա մկրտելիս ու թաղում կատարելիս: Տուրցխում չկան աղանդաւորներ.ավանդական ողջամտութիւնը, հարգանքը Եկեղեցու, հօր ու մօր կրօնի հանդէպ թոյլ չի տալիս հաւատալ սնոտի ու կեղծ գաղափարների: Հ. Անդրեասը պատմում է, որ անցած երկու տասնամեակներին միայն մի դէպք է յիշում, որ գիւղում աղանդաւորների մասին խօսեն.մի ընտանիքում երկու տղաներ աղանդաւորների հետ են շփուել ու բավական տարուել այդ աղանդով, հայրը իմացել է ու սպառնացել վռնդել որդիներին իր ընտանիքից, եթէ շարունակեն շփուել աղանդաւորների յետ.ի վերջո տղաները հնազանդուել են հօրը:
Տուրցխը իր կաթողիկէ քրիստոնեա ինքնութեան մէջ է կարողացել լաւագոյնս պահպանել ազգասիրութիւնը, հայկականը, հայրենի ավանդութիւնները: Կաթողիկէ ինքնութեան՝ որպէս անխախտ կռուանի, վրայ հենուելով են տուրցխեցիները դէմ կանգնել անաստուածների մամլիչին և անդադար աղօթքներով կառուցել իրենց ներքին մարդուն, իրենց հոգևոր տաճարը, իրենց կրօնական ու ազգային նկարագիրը:
«Ամէն կողմից ճնշուած, բայց ոչ ընկճուած, կարօտեալ, բայց ոչ յուսահատ, հալածուած, բայց ոչ լքուած, չարչարուած, բայց ոչ մեռած…».Բ Կրնթ.4:8:
Լևոն Գալստեան