«Մենք բազմապատկվում ենք, երբ հնձում եք մեզ. քրիստոնյաների արյունը սերմ է» (Plures efficimur, quoties metumur a vobis; semen est sanguis christianorum).
Ք. Հ. 2-րդ դարի աստվածաբան Տերտուղիանոսի այս հայտնի խոսքերը վերաբերում են Քրիստոսի չարչարանքներին բաժնեկից դարձած քրիստոնյա նահատակներին, ովքեր հալածվել և հալածվում են իրենց հավատքի և ինքնության համար, իսկ Քրիստոսի արյանը միախառնված նրանց արյունը սերմն է քրիստոնյաների հաջորդ սերունդների համար, քրիստոսակիր կյանքի գերագույն մի վկայություն, որը ոգեշնչում ու մարդկանց հոգիներում ծնում է ճշմարիտ հավատք, Քրիստոսին նմանվելու աննահանջ փափագ: Նահատակների արյունը մի հզոր լիցք է, որը առաջ է մղում քրիստոնեությունը: Այս փաստի վկայությունը ունեն բոլոր քրիստոնյա ժողովուրդները, յուրովի: Հայերս այն ժողովուրդներից ենք, ում համար այդ վկայության գինը ցեղասպանությունը եղավ՝ զարհուրելի իրադարձությունների մի շարան, որը մեկընդմիշտ դրոշմվեց ազգի և Եկեղեցու հիշողության մեջ:
Զանց առնելով ցեղասպանության քաղաքական, սոցիալական և իրավական պատճառներն ու գնահատականները՝ փորձենք մի փոքրիկ լույս սփռել այդ մարդկային աղետի հոգևոր իմաստի ու ազդեցության վրա.այդ հոգևոր իմաստը Հայ Կաթողիկե Եկեղեցում մարմնավորվում է իր հավատարիմ զավակների նահատակությամբ: Հայ կաթողիկե նահատակների մասին նյութերը այնքան էլ շատ չեն, այդ նվիրյալ անձանց մասին շատերը չգիտեն, նույնիսկ ոմանք մտածում են, թե ցեղասպանության օրերին հայ կաթողիկե նահատակներ չեն եղել, կամ, եթե եղել են, այնքան քիչ էին, որ հիշատակության արժանի չէն: Հայ կաթողիկեները կիսել են իրենց առաքելական եղբայրների ճակատագիրը և ենթարկվել նույն սարսափելի տառապանքներին, նույնիսկ երբեմն ավելի դաժան, քանի որ թուրքական կառավարությունը մտածում էր, որ կաթողիկեները ավելի սերտ կապեր ունեն իրենց թշնամի եվրոպական պետությունների հետ կամ նույնիսկ դավաճան գործակալներ են: Հայերի ցեղասպանությունն ուսումնասիրած գերմանացի պատմաբան Michael Hesemann-ը 2014թ. հետաքրքիր փաստեր հրապարակեց այն մասին, թե 1915-16թթ. սպանդի է ենթարկվել Արևմտյան Հայաստանում բնակվող հայ կաթողիկեների մոտ 87%-ը: Թվերն, իհարկե, կարևոր չէն նահատակության հոգևոր իմաստը հասկանալու համար, բայց կարևոր են նահատակության մասշտաբը ընդգծելու համար: Ըստ մեկ այլ ուսումնասիրության, ցեղասպանության զոհ դարձան 30.000 հայ կաթողիկեներ, 102 հոգևորական և 45 վանական: Սա թվերի մրցակցություն չէ, այլ՝ փաստի արձանագրում, որ հայ կաթողիկեները նույնությամբ և նույնիսկ երբեմն ավելի մեծ համամասնությամբ կիսել են իրենց ազգակից եղբայրների խաչը՝ հանուն Քրիստոսի:
Դոմինիկյան վանական Յասենթ Սիմոնի (Hyacinthe Simon) «Մարտին.հերոս քաղաք» (Mardine La Ville Heroique) գրքում, որտեղ պատմվում է Դիարբեքիրի նահագնում գտնվող Մարտին քաղաքի քրիստոնյաների նահատակության մասին, ուշագրավ տեղեկություններ կան նաև հայ կաթողիկների մասին: Սիմոնը 1915թ. եղել է Մարտինում և ականատես եղել զարհուրելի դեպքերին: Հայ կաթողիկե նահատակներից էր նաև Երանելի Իգնատիոս Մալոյանը՝ Մարտին քաղաքի և թեմի եպիսկոպոսը իր 400-ից ավելի համայնականներով ու մոտ մեկ տասնյակ քահանաներով: Նրանց հերոսական նահատակության պատմությունները վկայում են նրանց հավատքի, օրինակելի կյանքի ու ջերմեռանդության մասին: Ստորև ներկայացվող մի քանի տողերը շատ քիչ են այս հերոսների մասին ամբողջական պատկերացում կազմելու մասին. հետագայում, հուսով եմ, ամբողջական գիտական աշխատություններ կհայտնվեն այս թեմայի շուրջ: Երիտթուրքերի կառավարության, կամ որ նույնն է թուրքական մասոնականության կարկառուն դեմքերը կամ գազանները, որպես կանոն, ավելի մեծ ախորժակով հոշոտում էին հենց ամենամաքուրն ու սուրբը.«…չարախինդ վայելք ու հրճվանք զգացին պղծելու, կեղտոտելու այն, ինչ որ ի բնե անհպելի և սուրբ է: Նրանց մեջ մի դիվական մոլուցք…իրենց գազան դարձրեց մարդկության կողմից կրկնակի հարգելի երկու էակների դեմ…Մեկը կինն էր, մյուսը՝ քահանան».գրում է Յասենթ Սիմոնը: Նախ՝ մի փոքր դրվագ հայ կանանց ու աղջիկների մասին, ովքեր արյուն թափեցին՝ իրենց հավատքի մասին վկայելով: 1915թ. երբ Մարտին քաղաքից տարհանում էին և խումբ-խումբ դեպի մահվան անապատներ տանում քրիստոնյաներին, կանանց երբեմն առանձին քարավաններով էին տանում: Յասենթ Սիմոնը վկայում է, թե խմբերից մեկին զինվորականները մերկացրել են, որպեսզի հագուստները վաճառեն, իսկ դիակները հետո անճանաչելի դառնան: Երբ թուրք զինվորները սպանելուց առաջ առաջարկել են ուրանալ քրիստոնեությունը, ազնվական մի տիկին՝ Շըմմէ Ճենենճին, ասել է հետևյալը.«Իսլամանա՞լ, մե՞նք, երբե՛ք…Մենք Քրիստոսին ենք հավատում և միայն նրան ենք դավանում: Կրոնափոխության առաջարկդ մեր ոտքերի տակ ենք առնում…»: Այս համարձակ խոսքերը լսելուց հետո թուրք զինվորականները հարձակվեցին ու լախտերով, սրերով, դաշույններով սպանեցին անզեն, մերկ, բայց գլուխները բարձր կանգնած հայ կանանց: Շըմմէին գլխատեցին կրծքերը կտրելուց հետո, 15-ամյա դստերը դաշույնով բզիկ-բզիկ արեցին ու գցեցին մոր կողքին: Բոլորին սպանելուց հետո փոս փորեցին ու մարմինները լցրեցին փոսը, ապա հողով ծածկեցին…, գրում է Սիմոնը: Եվ այսպիսի դաժանությունների դրվագների պակաս չկա հայերի ցեղասպանության մասին հազարավոր էջերում: Բայց հավատքի վկայությունների մասին էջերն այնքան էլ շատ չեն:
Առանձնակի ուշադրության է արժանի Երանելի Իգնատիոս Մալոյանի և նրա հավատավոր զավակների նահատակության պատմությունը: Մալոյանը թե իր կյանքով և թե նահատակությամբ նմանվեց իր անվանակցին՝ Ք. Հ. 1-2-րդ դարերում ապրած և Հռոմի կրկեսի առյուծների զոհ դարձած Սբ. Իգնատիոս Աստվածազգեաց Անտիքացուն: Ծնվել է 1869թ. Մարտին քաղաքում, սովորել է Զմմառի Տիրամոր դպրեվանքում և ամբողջ կյանքում հավատարիմ մնացել Զմմառի Պատրիարքությանը: Հայր Մալոյանը, չնայած առողջական լուրջ խնդիրներին, մի քանի վիրահատություններին, մեծ նվիրով ծառայել է Եգիպտոսում, ապա՝ Պոլսում և 1911թ. ուղարկվել իր հարազատ Մարտին՝ մի քաղաք և մի թեմ, որտեղ աշխատելը չափազանց բարդ էր.ծանր սոցիալական և տնտեսական պայմաններ, հուսահատություն, վատ աշխատող քահանաներ: Նույն թվականի հոկտեմբերին օծվել է եպիսկոպոս ու նշանակվել Մարտինի եպիսկոպոս: 1912թ. Զմմառի վանքի ոսկեմատյանում Մալոյանը գրել է հետևյալը.«Հոգևոր Տիրոջից հրագանգ եմ ստացել Մարտին գնալու, այնտեղ մեղքերս քավելու և ատելությունից վառվող սրտերում սեր սփռելու»: Մալոյանն իր անձնվեր ու ծանր ծառայությամբ կարողացավ իր եպիսկոպոսության 4 տարիներում սեր սփռել Քրիստոսի և Եկեղեցու հանդեպ: 1915թ. գարնանը, երբ լուրեր ստացավ Պոլսում և այլուր հայերի նկատմամբ սկսված հալածանքների մասին և ի զարմանս իրեն, հանկարծ երիտթուրքական կառավարությունն իրեն պարգևատրեց հատուկ շքամշանով՝ իբրև թե ի գնահատումն իր հավատարմության, հասկացավ, որ իր հոտի գլխին մութ ամպեր են կուտակվում, որ մոտենում է իրենց Գողգոթայի ժամը: Այդ ժամը հասավ 1915թ. հունիսին: Ապրիլ, մայիս ամիսներին զենք, զինամթերք պահելու մեղադրանքով կառավարական ուժերը՝ ոստիկանապետ Մամտուհ Բեյի գլխավորությամբ սկսեցին հետախուզել հայկական եկեղեցիները, բնակիչների տները, առաջնորդարանը, սկսեցին լտկիաբար հարցաքննել հոգևորականներին և եպիսկոպոսին: Այս ամենին հաջորդեց Մալոյանի և թեմի մոտ մեկ տասնյակ քահանաների ձերբակալությունը՝ հունիսի 3-5-ին, նսեմացուցիչ հարցաքննությունն ու դաժան տառապանքը բանտում: Մանրամասնությունները պատմում են նոյն Յասենթ Սիմոնը և սիրիացի քահանա Իսհակ Արմալեն: Ըստ այդ պատմությունների, Մամտուհը կեղծ մի փաստաթուղթ էր պատրաստել իբր Սարգիս անունով մի մարտինցու վկայության մասին առ այն, թե Մալոյանը զենք է պահում, որով պետք է քրիստոնյաներն ապստամբեին թուրքական կառավարության դեմ: Սարգսին ոստիկանները ստիպել են ստորագրել այդ կեղծ փաստաթղթի տակ, նա հրաժարվել է և մահապատժի ենթարկվել: Մալոյանը պետական դավաճանության մասին մեղադրանքին պատասխանել է՝ ցույց տալով իր պետական շքանշաններն ու կայսերական հատուկ ֆերմանը, որոնք ապացուցում էին իր հավատարմությունը թուրքական պետությանը և գնահատված լինելը: Բանտում նրա հարցաքննությունը ցույց է տալիս, որ թուրք ոստիկանապետը պատրաստ էր ցանկացած կեղծիքի դիմել՝ հայ հոգևորականների ու համայնականներին մահվան դատապարտելու համար: Ի վերջո, ոստիկանապետին այլ բան չի մնացել, քան սարսափելի կտտանքների ենթարկել առանց այդ էլ թույլ առողջությամբ, բայց շատ տոկուն կամքով եպիսկոպոսին: Կապել են ոտքերը և փայտերով հարվածել ոտնատակերին.սա անասելի ցավոտ կտտանքի մի ձև է, որից հետո հնարավոր չէ քայլել: Հետո սկսել են ոտքերի եղունգները քաշել: Մալոյանը, զգալով իր մոտալուտ վախճանը, քահանաներից մեկին խնդրել է իր մեղքերին արձակում տալ: Այդ կտտանքները եպիսկոպոսն իր քահանաների հետ ստիպված եղավ տանել մինչև հունիսի 10-ի գիշերը, գրում է Սիմոնը: Իսկ մինչ այդ Սրբազանին այցելության է եկել մայրը: Այդ տեսարանը պատկերացնելիս հնարավոր չէ մտովի չհիշել Աստվածամորն ու Հիսուսին: Մալոյանը, թաքցնելով հաշմված ոտքերը, մխիթարում է մորը և խնդրում լայն կոշիկներ բերել, որպեսզի կարողանա քայլել.գիտեր, որ գնալու էին դեպի Տիգրականակերտ:
1915թ. Հունիսի 10-ի այգաբացին այսպես կոչված «Մալոյանի քարավանը»՝ 417 հոգի, որոնց մեծ մասը հայ կաթողիկեներ էին, Մալոյան եպիսկոպոսը, 6 հայ քահանա և 3 ասորի ու լատին հոգևորականներ, մնացածը ասորի ու քաղդեացի կաթողիկեներ և բողոքականներ, ճամփա ընկավ դեպի անապատներ: Հոգևորականների ձեռքերին երկաթե շղթաներ էին, որոնք ստիպված էին քաշ տալ տասնյակ կիլոմետրեր: Ճանապարհին քարավանը նոսրանում էր. խումբ-խումբ տանում էին այլ վայրեր ու սպանում: «Գողգոթան կրկնվում էր մեր աչքերի առաջ, միայն այն տարբերությամբ, որ այս անգամ մի կողմից Տերն իր առաքյալներով ու աշակերտներով, իսկ մյուս կողմից՝ եպիսկոպոսն իր քահանաներով ու հավատացյալներով միասին բարձրանում էին նույն Գողգոթան».-գրում է եղբայր Սիմոնը:
Հասնելով քրդական Շեյխան գյուղի մոտ, Մամտուհը հանդիսավոր դաժանությամբ կարդում է քարավանի դատավճիռը: Թուրքական կառավարությունը, որն օրեր առաջ ցինիկաբար երաշխավորում էր տեղահանվողների անվտանգությունը, այսօր իր իսկական դեմքն է ցույց տալիս. «Դուք դավաճանել եք Օսմանյան հայրենիքին, դուք բոլորդ դատապարտվում եք մահվան: Բայց եթե ձեզնից մեկը մահմեդականություն ընդունի, պատիվներով ձեր քաղաքը կվերադարձնենք: Եթե ոչ, ուրեմն, մեռնելուց առաջ մեկ ժամ ունեք: Պատրաստվեցե՛ք». հայտարարում է Մամտուհը, որին հետևում է հոգնաբեկ, արնաշաղախ, շղթայակապ Մալոյան սրբազանի պատասխանը.«Մեր կյանքը կառավարության ձեռքում է: Բայց եթե մեռնենք, Հիսուս Քրիստոսի համար պիտի մեռնենք»: «Հիսուս Քրիստոսի համա՛ր». միաբերան ու կորով առած բացականչում է ամբողջ քարավանը՝ մահապարտների քարավանը: Դարձյալ խմբերով տանում են և սպանում ինչով պատահի, որպեսզի փամփուշտ խնայեն: Իսկ Մալոյանին հնարավորություն են ընձեռում պատրաստելու մահապարտներին: Քահանաների հետ միասին բոլորի մեղքերին արձակում է տալիս, ապա Հիսուսի վերջին ընթրիքի նման, հաց վերցնում, սրբագործում ու Ս. Հաղորդություն տալիս իր զավակներին: Դա նաև ի՛ր վերջին Հաղորդությունն էր երկրիս երեսին: Բայց Մալոյանին, ըստ Յասենթ Սիմոնի վկայության, վիճակված էր առանձին նահատակվել: Բոլորին խումբ-խումբ տանում են և սպանդի ենթարկում մինչև վերջին մարդը, բացի Մալոյանից: Երբ իմանում է, որ բոլորը սպանված են, որդեկորույս հոր վշտով բացականչում է. «Ու՞ր են զավակներս»:
Մալոյանին առանձին տանում են Տիգրանակերտի մոտ գտնվող Քարա Քեոփրիվ անվամբ մի վայր: Ոստիկանապետը, ծաղրելով վերջին անգամ հարցնում է Մալոյանին՝ ուր են զենքերը: «Եթե ռումբեր ունեցած լինեի, թույլ կտայի՞, որ զավակներիս այսպես անեիք». լինում է Մալոյանի պատասխանը: Եվ այդ նույն վայրկյանին ծոծրակին մի փամփուշտ է ստանում ու հոգին ավանդում: Մալոյանի համար, ըստ երևույթին, փամփուշտ խնայել պետք չէր, ինչպիսի՛ ցինիկ մարդասիրություն:
Մի քանի ժամ հետո ոստիկանները Տիգրանակերտում ստորագրեցին հետևյալ բժշկական վկայականը. «Գերապատիվ Մալոյանը վախճանվեց ճանապարհին, սրտի կաթվածից»:
Նրա ոսկորները խառնվեցին սպանված եղբայրների ու քույրերի ոսկորներին ու ծածկվեցին անապատների ավազով: Նրա աճյունը չգտնվեց, բայց նրա ապրած 46 տարիները մնացին քրիստոնեական սրբակյաց կյանքի լավագույն վկայություններից մեկը:
2001թ. հոկտեմբերի 7-ին Հռոմի Սրբազան Քահանայապետը Իգնատիոս եպիսկոպոս Մալոյանին դասեց երանելիների շարքը: Հաջորդ քայլը պետք է լինի Մալոյանին սուրբ հռչակելը, որի համար աղոթում է ամբողջ Հայ Կաթողիկե Եկեղեցին: Մալոյանի բարեխոսությանը դիմելը օրըստօրե արմատանում է հավատացյալների ջերմեռանդության մեջ:
Հայ Կաթողիկե Եկեղեցին ունեցավ շատ այլ նահատակ հոգևորականներ ևս, նրանցից էին՝ Մշո եպիսկոպոս Հակոբ Թոփուզյանը, Խարբերդի եպիսկոպոս Ստեփան Իսրայելյանը, Տիգրանակերտի եպիսկոպոս Անդրեաս Չելեպյանը, Մալայթիայի եպիսկոպոս Միքայել Խաչատուրյանը, Սեբաստիայի եպիսկոպոս Լևոն Քեչեջյանը, Ստեփան ծ.վ. Հոլոզյանը, Հակոբ վրդ. Ֆարճոյանը, Հարություն վրդ. Լաչինյանը, Սիմոն վրդ. Պայեանը, Ստեփան վրդ. Լաչինյանը, Ղևոնդ ծ.վ. Խորխոռունին, Սահակ վրդ. Շահնամյանը, Օգոստինոս վրդ. Բաղդասարյանը, Վարդան վրդ. Սապպաղյանը, Մեսրոպ վրդ. Թաթմանյանը և շատ-շատ ուրիշներ, որոնց նահատակությունների մասին փաստերը, ցավոք, այնքան էլ շատ չեն:
Այս նահատակները լրացնում են Քրիստոսի և Հայ Եկեղեցու համար նահատակվածների անվերջ բազմությունը. նրանք երկնքում բարեխոսում են հայերիս և ամբողջ աշխարհի համար: Նրանց արյունն ապահովեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու շարունակականությունը և ուժ տվեց դիմագրավելու հետագա չարիքներին:
***
Քրիստոսի հանդեպ իր հավատարմության, իր ուղղադավանության համար հայ ժողովուրդը, Հայ Կաթողիկե Եկեղեցին դարերի ընթացքում անթիվ հալածանքներ ու վիշտ է տեսել թե թշնամուց և թե իր իսկ ծոցում չարի սերմանած որոմների՝ խավարամտության, տգիտության, եսասիրության ու փառասիրության, անջատողականության, քաղաքականությունը հոգևորին խառնելու, հոգևոր բարձրագույն արժեքների աշխարհիկացման երևույթների հետևանքով, որոնց կործանարար ազդեցությունը շարունակվում է մինչ օրս: Երբ խորհրդային տարածքում համայնավարներն արգելեցին Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաքելությունը, ըստ պատմական աղբյուրների, 1936-39թթ. Հայաստանում և Վրաստանում ստալինյան բռնաճնշումներին զոհ է գնացել հայ կաթողիկե մոտ 40 հոգևորական, որը այդ ժամանակվա թեմի հոգևորականության թվի կեսից ավելին էր: Գյումրիում գտնվող խոնարհված հին կաթողիկե եկեղեցին, որը վաղուց ի վեր ապաստան է դարձել անօթևանների համար, միակ վկան է մնացել այդ խավար օրերից: Անաստվածության տարիներին զոհված նահատակների մասին 70 տարուց ավելի ոչ մի խոսք չի ասվել պետական իշխանությունների կողմից, նրանց նահատակության մանրամասները դեռ պետք է ջրի երես բերել նույնպես, ինչպես պարտավոր ենք անել Ցեղասպանության զոհերի պարագայում, իսկ նրանց հիշատակը պետք է պահել նույնպիսի սրբությամբ, ինչպես հիշում ենք Ցեղասպանության զոհերին կամ Սբ. Պատարագի ընթացքում հիշատակվող մարտիրոսներին: Թուրքի ու անաստվածի ատելությանը զոհ գնացած այս նահատակների և շատ այլ անհայտ մնացած մարտիրոսների հիշատակը ըստ արժանվույն ոգեկոչելու համար մեզ այսօր, հավանաբար, անհրաժեշտ է հասկանալ Երանելի Իգնատիոս Մալոյանի եղբայրական, հայրական անսահման նվիրումը, երբ մոռացած, որ վայրկյաններ անց կորցնելու էր սեփական կյանքը, բացականչեց.«Ու՞ր են զավակներս»:
«Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատուն մնացէ՛ք, անշարժ եղէ՛ք, ամէն ժամ աւելին եղէ՛ք Տիրոջ գործի մեջ, իմացէ՛ք, որ ձեր վաստակը ի զուր չէ Տիրոջ առաջ» (Ա Կրնթ. 15:58):
Տ. Հովսեփ քհն. Գալստյան
Ցեղասպանության զոհ դարձած հայ կաթողիկե հոգևորականներ.
Երանելի Իգնատիոս Եպս. Մալոյան
Գերհ. Ստեփան ծայրագույն վարդապետ Հոլոզյան
Գերշն. Տ. Միքայել Եպիսկոպոս Խաչատուրյան
Գերպ. Հակոբ վարդապետ Ֆարճոյան
Գերպ. Հարություն վարդապետ Լաչինյան
Գերպ. Սիմոն վարդապետ Պայեան
Գերպ. Ստեփան վարդապետ Լաչինյան
Գերպ. Խորեն ծայրագույն վարդապետ Խորխոռունի
Գերպ. Սահակ վարդապետ Շահնամյան
Գերպ. Օգոստինոս վարդապետ Բաղդասարյան
Գերպ. Վարդան վարդապետ Սապպաղյան
Գերպ. Մեսրոպ վարդապետ Թաթմանյան