Մեր Տերը մեզ ոչինչ չի պարտադրում: Նրա սերը նրբորեն առաջարկում է, բացատրում է, սակայն երբեք չի ստիպում
Ինձ համար դա մնում է մեր նկատմամբ Հավերժական Սիրո խորհուրդը: Երբ մենք իմանում ենք, որ մեր ընկերներից կամ հարազատներից որևէ մեկը ցանկանում է ինչ-որ հանցանք գործել, մի բան, որը նրան ցավ կամ վնաս կպատճառի, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նա հրաժարվի այդ որոշումից կամ էլ կանխում ենք չարիքի իրականացումը: Դա հասկանալի է, և, անգամ, մեր պարտքն է համարվում: Սակայն Հիսուսն իմանալով, որ Պետրոսը երեք անգամ ուրանալու է մինչև աքաղաղի կանչելը, և դա կանխատեսելով՝ չի փոխում իրադարձությունների ընթացքը: Տերն իմանալով, որ Հուդան Իրեն մատնելու է, նրան ընդգրկում է առաքյալների մեջ և Վերջին Ընթրիքի ժամանակ չի պատվիրում աշակերտներին դռները փակել և նրան բաց չթողնել: Անգամ չի խնդրում Հուդային սթափվել և դա չանել: Նախապես իմանալով ամեն ինչ մեր մասին՝ Նա չի սահմանափակում մեր ազատությունը: Ինչու՞: Որովհետև Նա շա՛տ է սիրում մեզ և հարգում է Իր իսկ կողմից մեզ տրված աստվածանմանության պարգևն՝ ազատության մեջ: Անառակ որդու հայրը տառապեց իր որդու գործած չարիքի պատճառով: Նա որդուն տվեց նրա համար նախատեսված ամբողջ ունեցվածքը՝ նրա ազատության խորհրդանիշը և համբերատար սպասեց նրա վերադարձին: Բայց մենք ցանկանում ենք, որ ինչ-որ մեկն անի այն, ինչը մե՛նք ենք լավ ու ճիշտ համարում, սակայն դա կոչվում է սեփական կամքի պարտադրանք: Մեր Տերը մեզ ոչինչ չի պարտադրում: Նրա սերը նրբորեն առաջարկում է, բացատրում է, սակայն երբեք չի ստիպում: Մենք կարող ենք մերժել Նրա սերը՝ հաշվի առնելով մեր ընտրության բոլոր հետևանքները, սակայն ընտրության իրավունքը միշտ մեզ է պատկանում:
Որքա՜ն մեծ է Աստծո աչքերում ազատության պարգևը և ինչպե՜ս է Նա մեզ սովորեցնում հարգել այդ իրավունքը: Տե՛ր, սովորեցրու մեզ գնահատել ազատության պարգևը և ինքնակամ Քեզ ընտրել՝ որպես բարձրագույն բարիք:
⠀ ⠀ ⠀
Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան
Մոսկվայի հայ կաթողիկէների ժողովրդապետ ⠀ ⠀ ⠀ ⠀ ⠀ ⠀