• Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը աղոթում է քահանաների եւ բժիշկների համար

    Բարի Հովիվը խոնարհ ու ազնիվ է, նա ինքն իրեն չի պաշտպանում, միշտ մոտ է իր հոտին…


    Մայիսի 3-ին Կոչումների համար աղոթքի 57-րդ համաշխարհային օրը, Նորին Սրբությունը մատուցեց Սուրբ Պատարագ Սուրբ Մարթայի մատուռում։ Առավոտյան պատարագը արդեն 50-րդ անգամ էր հեռարձարկվում հեռուստատեսությամբ եւ համացանցով, որպես Սրբազան Քահանայապետի մոտիկության նշան Աստծո Ժողովրդին, քանի որ աշխարհի տարբեր մասերում մարդիկ չեն կարողանում մասնակցել Սուրբ Պատարագին` COVID-19 համաճարակի պատճառով։

     

    Նորին Սրբությունը հիշեցրեց, որ այսօր լատինածես Կաթողիկէ Եկեղեցին տոնում է Զատկի IV կիրակին՝ Բարի Հովիվ Հիսուսի կիրակին․

     

    «Սա առիթ է, որպեսզի ես մտածեմ այն մեծաթիվ քահանաների մասին, ովքեր ամբողջ աշխարհում իրենց կյանքն են զոհում հավատացյալների համար։ Այս համաճարակի ընթացքում նրանցից շատերը զոհվեցին․ Իտալիայում մահացավ ավելի քան 100 քահանա։ Ես մտածում եմ նաեւ մյուս հովիվների մասին, ովքեր հոգ են տանում մարդկանց բարեկեցության մասին․ դրանք բժիշկներն են։ Հաճախ է խոսվում այն մասին, թե նրանք ինչ են անում, սակայն մենք պետք է հիշենք, որ միայն Իտալիայում իրենց պարտականությունները կատարելիս մահացավ 154 բժիշկ։ Թող այս հովիվ-քահանաների եւ հովիվ-բժիշկների օրինակը օգնի մեզ հոգ տանել Աստծո հավատարիմ Սուրբ Ժողովրդի մասին»։

     

    Իր քարոզում Նորին Սրբությունը մեկնաբանեց Սբ․ Պետրոս առաքյալի առաջին ուղերձը (Ա Պետ․ 2, 20-25), որտեղ առաքյալն ասում է, որ մենք Հիսուսի վերքերով բուժվեցինք․ «Որովհետեւ նման էիք ոչխարների, որոնք թափառում էին, բայց հիմա վերադարձաք ձեր Հովվի մոտ»։ Հիսուսը Հովիվ է, Ով եկել է փրկելու մոլորված ոչխարներին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը։

     

    Օրվա Ավետարանը (Հվհ․ 10, 1-10) խոսում է ոչխարների փարախի դռան մասին։ Բոլոր նրանք, ովքեր այդ դռնով չեն մտնում, գողեր, ավազակներ ու կեղծ հովիվներ են։ Նրանց նմանները Եկեղեցում շատ են եղել, ովքեր շահագործում էին հոտին՝ հանուն փողի ու պաշտոնի։ Սակայն ոչխարները տեսնում էին նրանց էությունն ու Աստծուն այլ ճանապարհներով էին փնտրում։ Բարի Հովիվը լսում է իր ոչխարներին, առաջնորդում եւ հոգ է տանում նրանց մասին, իսկ ոչխարները կարողանում են տարբերել հովիվներին եւ չեն սխալվում։ Նրանք լիովին վստահում են Բարի Հովիվ Հիսուսին եւ նրանց, ովքեր նման են Նրան։ Բոլոր հովիվները պետք է նման լինեն Հիսուսին, ընդգծեց Նորին Սրբությունը։ Բարի Հովիվը խոնարհ ու ազնիվ է, նա ինքն իրեն չի պաշտպանում, միշտ մոտ է իր հոտին, բոլորին ճանաչում է անուններով եւ այնպես է հոգ տանում, որ թվում է,  նրանք բոլորը եզակի են եւ ամենակարեւորը։ Բարի Հովիվ Հիսուսը մեր կյանքի ընթացքում միշտ մեզ ուղեկցում է, հենց դա է համայնքի հիմքը, նրա բարությունն ու հեզությունը։ Հենց այդպիսի Եկեղեցի է ուզում Հիսուս Քրիստոսը։ Նա միշտ պաշտպանում է Իր Եկեղեցին։

     

    Քարոզի ավարտին Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ սա խաղաղ ու գեղեցիկ կիրակի է, քանզի Բարի Հովիվը հոգ է տանում մեր մասին այնպես, ինչպես ասված է Սաղմոս 22-ում; «Տերն իմ հովիվն է, եւ ինձ ոչինչ չի պակասի»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին,

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց